manana arxiv

Լավ է լինել մենեջեր

Ո՞րն է ամենամոդայիկ և լայն տարածում ստացած մասնագիտությունը հիմա Հայաստանում: Դե իհարկե, մենեջերի մասնագիտությունը: Ամենուրեք կարելի է լսել, որ պահանջվում է մենեջեր այս կամ այն ձեռնարկությունում աշխատելու համար: Միայն պետք է ձեզ հիասթափեցնեմ: Այդ առաջարկությունները և բազմաթիվ մենեջերները իրականում ոչ մի կապ չունեն մենեջմենթի հետ: Այո, մենեջմենթի հասկացությունը շատ ավելի բարդ է, քան այն պատկերացումները, որոնք կան մենեջմենթի մասին Հայաստանում և ընդհանրապես բոլոր նոր զարգացում ապրող երկրներում: Հաճախ կարող եք հանդիպել խանութներում ճեմող երիտասարդների, որոնց այցեքարտերի վրա գրված է մենեջեր: Բայց իրականում նրանք կատարում են վաճառողի պարտականություններ և ոչ մենեջերի: Մենեջմենթ բառը առաջացել է անգլերեն manage բառից, որը նշանակում է` կառավարել: Արտասահմանում կան հատուկ մենեջերների դպրոցներ, որտեղ դասավանդում են կառավարման հիմունքներ տարբեր բնագավառներում: Ի դեպ, Հայաստանում էլ է գործում համանման հաստատություն, որտեղ պատրաստում են պետական կառավարական մարմինների աշխատողների: Մենեջմենթը ունի բավականին լայն ճյուղավորում` ֆինանսական մենեջմենթ, արտադրական, մարդկային ռեսուրսների և աշխատանքի կազմակերպման և էլի շատ, մեկը մյուսից բխող ճյուղավորումներ:

Փորձենք խոսել այն մասին, թե ինչ ասել է կառավարում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե  «ինչ մի դժվար բան ա կառավարումը, կարևորը լինի` ինչ կառավարել, իսկ մենք կկառավարենք», բայց դա մինչև այն պահը, երբ կզգանք, որ սնանկանում ենք, ինչպես շատերի հետ է պատահում, որոնք համարում են, որ կառավարման համար հատուկ հմտություններ պետք չեն, և ցանկացած հայ ծնված օրվանից արդեն մենեջեր է, ընդ որում, բոլոր բնագավառներում, ընդհուպ մինչև նախագահ:

Ցանկացած ձեռնարկության կառավարումը իր մեջ ներառում է մի քանի ասպեկտ: Սկսենք ֆինանսականից: Մենեջերը ցանկացած գործունեության կառավարման գործընթացում միշտ պետք է ելնի այն հանգամանքից, որ գործունեությունը պետք է շահավետ լինի: Շահավետությունը իհարկե միայն ֆինանսական ցուցանիշներով չէ որոշվում, դա կարող է լինել բարի անվան ձեռք բերում, կամ շուկայում յուրահատուկ տեղի ապահովում, բայց առանց ֆինանսական շահավետության, ցանկացած գործունեության ծավալումը դառնում է անիմաստ, եթե իհարկե այդ գործունեությունը ինչ-որ այլ նպատակներ չի հետապնդում: Պետք է հաշվարկել, թե ինչ կորուստներ և եկամուտներ կունենա ձեռնարկությունը, և արդյո՞ք եկամուտները գերազանցում են կորուստները, որովհետև դա է ֆինանսական մենեջմենթի հիմնական նպատակներից մեկը` դրական հաշվեկշռի ապահովումը: Մենեջերը պետք է հետևի աշխատանքային պրոցեսին, պետք է վստահ լինի, որ այն հրահանգները, որոնք տրված են աշխատակազմին, կատարվում են պատշաճ կերպով: Շատ կարևոր է, որ մենեջերը այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ աշխատողները իրենք շահագրգռված լինեն ընդհանուր ձեռնարկության հաջողությունների մեջ: Օրինակ՝ հավելյալ պարգևատրումների քաղաքականություն վարել լավ կատարված աշխատանքի համար: Մենեջերի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ կազմակերպի մի այնպիսի համակարգ, որի ներսում ամեն բան ուղղված լինի առավելագույն արդյունքին հասնելուն, և այդ համակարգը ստեղծելուց հետո կարողանա այն արդյունավետ կառավարել: Օրինակ՝ վերցնենք ցանկացած երկիր և պատկերացնենք, որ դա մի մեծ հիմնարկություն է: Պարզ է, որ այդպիսի մեծ ձեռնարկությունը պետք է ունենա մենեջերներ: Ձեր կարծիքով, ո՞վ կլինի ամենագլխավոր մենեջերը: Իհարկե, վարչապետը: Բայց միանգամից պարզ է դառնում, որ վարչապետը չի կարող միայնակ կառավարել այդ հսկա ձեռնարկությունը, և նրան պետք են օգնականներ: Այդ օգնականները նույնպես մենեջերներ են, որոնց մի մասը, ինչպես վերևում նշեցի, զբաղվում են համակարգի կազմակերպմամբ, մյուս մասը` հետևում ընդհանուր համակարգի անխափան գործունեությանը:

Հիմա տեսնում եք, թե ինչ պարտականություններ են կրում մենեջերները: Լավ է, չէ՞, որ մեզ մոտ կարելի է կոչվել մենեջեր՝ առանց այս բոլոր պարտականությունները ուսերին կրելու: Թե՞ ոչ…