Կոնստանտին Բեգիջանյանի բոլոր հրապարակումները

manana arxiv

Լավ է լինել մենեջեր

Ո՞րն է ամենամոդայիկ և լայն տարածում ստացած մասնագիտությունը հիմա Հայաստանում: Դե իհարկե, մենեջերի մասնագիտությունը: Ամենուրեք կարելի է լսել, որ պահանջվում է մենեջեր այս կամ այն ձեռնարկությունում աշխատելու համար: Միայն պետք է ձեզ հիասթափեցնեմ: Այդ առաջարկությունները և բազմաթիվ մենեջերները իրականում ոչ մի կապ չունեն մենեջմենթի հետ: Այո, մենեջմենթի հասկացությունը շատ ավելի բարդ է, քան այն պատկերացումները, որոնք կան մենեջմենթի մասին Հայաստանում և ընդհանրապես բոլոր նոր զարգացում ապրող երկրներում: Հաճախ կարող եք հանդիպել խանութներում ճեմող երիտասարդների, որոնց այցեքարտերի վրա գրված է մենեջեր: Բայց իրականում նրանք կատարում են վաճառողի պարտականություններ և ոչ մենեջերի: Մենեջմենթ բառը առաջացել է անգլերեն manage բառից, որը նշանակում է` կառավարել: Արտասահմանում կան հատուկ մենեջերների դպրոցներ, որտեղ դասավանդում են կառավարման հիմունքներ տարբեր բնագավառներում: Ի դեպ, Հայաստանում էլ է գործում համանման հաստատություն, որտեղ պատրաստում են պետական կառավարական մարմինների աշխատողների: Մենեջմենթը ունի բավականին լայն ճյուղավորում` ֆինանսական մենեջմենթ, արտադրական, մարդկային ռեսուրսների և աշխատանքի կազմակերպման և էլի շատ, մեկը մյուսից բխող ճյուղավորումներ:

Փորձենք խոսել այն մասին, թե ինչ ասել է կառավարում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե  «ինչ մի դժվար բան ա կառավարումը, կարևորը լինի` ինչ կառավարել, իսկ մենք կկառավարենք», բայց դա մինչև այն պահը, երբ կզգանք, որ սնանկանում ենք, ինչպես շատերի հետ է պատահում, որոնք համարում են, որ կառավարման համար հատուկ հմտություններ պետք չեն, և ցանկացած հայ ծնված օրվանից արդեն մենեջեր է, ընդ որում, բոլոր բնագավառներում, ընդհուպ մինչև նախագահ:

Ցանկացած ձեռնարկության կառավարումը իր մեջ ներառում է մի քանի ասպեկտ: Սկսենք ֆինանսականից: Մենեջերը ցանկացած գործունեության կառավարման գործընթացում միշտ պետք է ելնի այն հանգամանքից, որ գործունեությունը պետք է շահավետ լինի: Շահավետությունը իհարկե միայն ֆինանսական ցուցանիշներով չէ որոշվում, դա կարող է լինել բարի անվան ձեռք բերում, կամ շուկայում յուրահատուկ տեղի ապահովում, բայց առանց ֆինանսական շահավետության, ցանկացած գործունեության ծավալումը դառնում է անիմաստ, եթե իհարկե այդ գործունեությունը ինչ-որ այլ նպատակներ չի հետապնդում: Պետք է հաշվարկել, թե ինչ կորուստներ և եկամուտներ կունենա ձեռնարկությունը, և արդյո՞ք եկամուտները գերազանցում են կորուստները, որովհետև դա է ֆինանսական մենեջմենթի հիմնական նպատակներից մեկը` դրական հաշվեկշռի ապահովումը: Մենեջերը պետք է հետևի աշխատանքային պրոցեսին, պետք է վստահ լինի, որ այն հրահանգները, որոնք տրված են աշխատակազմին, կատարվում են պատշաճ կերպով: Շատ կարևոր է, որ մենեջերը այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ աշխատողները իրենք շահագրգռված լինեն ընդհանուր ձեռնարկության հաջողությունների մեջ: Օրինակ՝ հավելյալ պարգևատրումների քաղաքականություն վարել լավ կատարված աշխատանքի համար: Մենեջերի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ կազմակերպի մի այնպիսի համակարգ, որի ներսում ամեն բան ուղղված լինի առավելագույն արդյունքին հասնելուն, և այդ համակարգը ստեղծելուց հետո կարողանա այն արդյունավետ կառավարել: Օրինակ՝ վերցնենք ցանկացած երկիր և պատկերացնենք, որ դա մի մեծ հիմնարկություն է: Պարզ է, որ այդպիսի մեծ ձեռնարկությունը պետք է ունենա մենեջերներ: Ձեր կարծիքով, ո՞վ կլինի ամենագլխավոր մենեջերը: Իհարկե, վարչապետը: Բայց միանգամից պարզ է դառնում, որ վարչապետը չի կարող միայնակ կառավարել այդ հսկա ձեռնարկությունը, և նրան պետք են օգնականներ: Այդ օգնականները նույնպես մենեջերներ են, որոնց մի մասը, ինչպես վերևում նշեցի, զբաղվում են համակարգի կազմակերպմամբ, մյուս մասը` հետևում ընդհանուր համակարգի անխափան գործունեությանը:

Հիմա տեսնում եք, թե ինչ պարտականություններ են կրում մենեջերները: Լավ է, չէ՞, որ մեզ մոտ կարելի է կոչվել մենեջեր՝ առանց այս բոլոր պարտականությունները ուսերին կրելու: Թե՞ ոչ…

arxiv

Մաքրասերը

Մի երեկո, երբ մեր ընտանիքը, ինչպես միշտ, հավաքվեց ճաշասենյակում, ծնողներս սկսեցին գործուղման մասին խոսել: Բայց քանի որ այդ ժամանակ իմ գրքում խուզարկուն պետք է գտներ մարդասպանին, ես զրույցին ուշադրություն չդարձրի: Իմ մայրիկը, թեև ճանապարհորդել չի սիրում, պայուսակը կարողանում է քսան րոպեում դասավորել՝ վերցնելով ամենակարևորը: Հայրիկս մի քիչ ուրիշ է: Նա նույնիսկ աշխատանքի գնալիս իր պայուսակի մեջ դնում է ամենակարևորը՝ կյանքի բոլոր պահերի համար: Երբ ծնողներս մի բան չեն կարողանում գտնել, ինձ են դիմում.

-Կոտ, որտե՞ղ է կոշիկների խոզանակը:

-Ես հիշում եմ, որ դրան ձեռք չեմ տվել, բայց չգիտես ինչու, իմ դարակում է,-բացականչեց մայրիկը, երբ մահճակալիս տակ փնտրում էր իր սանրը:

-Մամ, ես քո սանրը չեմ վերցրել:

-Բա ինչո՞ւ է քո սենյակում:

«Ես, իհարկե, չեմ կարող բացատրել», -մտածեցի ես:

Ամենավատն այն էր, որ ամեն գիշեր արթնանում էի ժամը երկուսին և չգիտեի, թե ինչ են փնտրում ծնողներս, որ ինքս գտնեմ և դնեմ տեղը: Չնայած, մի անգամ գտա հայրիկի գոտին, որը կատվիս վարժեցման մտրակ էր դարձել: Իսկ մայրիկի սանրով ես ընկերոջս շանն էի սանրել: Ուղղակի, ձեռքիս տակ ուրիշ սանր չկար:

Հայրիկի թաշկինակները ընդհանրապես գտնել հնարավոր չէ, քանի որ դրանք գտնվում են ամենաանսովոր տեղերում: Այդ փնտրտուքի ժամանակ ես միանգամից երեք թաշկինակ գտա, բայց երբ տարա, որ հայրիկին ցույց տամ, նա բղավեց.

-Սա ի՞նչ փոշու շոր է:

Իսկապես որ նման էր, քանի որ իմ մահճակալի տակ էր անցյալ հազարամյակից:

Ընդհանրապես, մեր բնակարանը չեմ ասի, թե մաքրությունից փայլում է, բայց մայրիկն ամեն բան իր տեղն է դնում. Իսկ իմ սենյակը չեմ թողնում, որ մայրիկը հավաքի, որովհետև հետո ոչինչ չեմ գտնում, իսկ ինքս ծուլորեն մաքրում եմ կես տարին մեկ անգամ՝ ամեն բան գցելով մահճակալի տակ:

Վերջապես ծնողներս մեկնեցին: Մեկ շաբաթն, իհարկե մեծ ժամանակահատված չէ, բայց մեկ է, կարոտում եմ:

Ճանապարհելիս մայրիկիս ասացի.

-Մամ, այնքան սիրուն ես, մազերդ էլ այդպես ավելի լավ է, էլ չսանրես:

Ես, իհարկե, լվացել էի սանրը, բայց մեկ էլ տեսար…

Ես, ընդհանրապես, սիրում եմ կարգուկանոն: Դասերիս, շորերիս, համակարգչիս, կատվիս ու գրածներիս նկատմամբ ուշադիր եմ ու մաքրասեր: Այ, միայն սենյակս է, էլի, համը հանում:

Կոնստանտին Բեգիջանյան 10տ., 1998թ.

arxiv

Ինչ է պետք Հայաստանի երեխաներին

Արդեն մի քանի տարի է, ինչ ես իմացել եմ իմ իրավունքների մասին: Շատ գրքեր են տպագրվել երեխաների համար այդ թեմայով, բայց, իմ կարծիքով, ոչ միայն երեխաները պետք է իմանան իրենց իրավունքները, այլ նաև ուսուցիչները, մարզիչները, մանկավարժները, ծնողները` բոլոր մեծերը: Բայց գիտենալը դեռ ամբողջը չէ: Իմանալը քիչ է, նաև պետք է ունենալ հնարավորություն` դրանք օգտագործելու: Չէ՞ որ ես ու իմ հասակակիցներն ունենք իրավունք` սովորել լավ պայմաններում, հանգստանալ, սպորտով զբաղվել, մեր առողջությունը պահպանել, լավ սնվել և այլն, և այլն: Երեխաների իրավունքներն ուղղակիորեն կախված են մեծերի իրավունքներից:

Երբ ծնողներն աշխատում են ու չեն ստանում աշխատավարձ, կամ ընդհանրապես աշխատատեղեր չկան, ու նրանք չեն աշխատում, ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին ապահովել սննդով, հագուստով, սպորտով զբաղվելու իրավունքով… Օրինակ, սպորտով զբաղվելու համար մեզ պետք է սպորտային հագուստ գնել, վճարել վարձը, ճանապարհածախս տալ… Այդ պատճառով էլ առանց այն էլ քիչ սպորտային ակումբները փակվում են, քանի որ երեխաները չեն հաճախում: Ոչ թե որ ցանկություն չունեն, այլ ուղղակի մեծերն ի վիճակի չեն վճարել: Նաև ես մտածում եմ, որ մեծերն էլ պետք է իմանան երեխաների իրավունքները, որ չխախտեն դրանք:

Մի հարց էլ կա. ո՞ւր պետք է դիմի երեխան, երբ նրա իրավունքները ոտնահարվում են: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ամեն մի քաղաքում, գյուղում, ամեն տեղ պետք է լինեն մարդիկ, որոնց կարելի լինի դիմել: Իհարկե, կլինեն երեխաներ, որոնք կդիմեն, երբ, օրինակ, ծնողները նրանց վրա մի փոքր ձայնը կբարձրացնեն, կամ մի բան կարգելեն, դրա համար էլ ես մտածում եմ, որ այն մարդիկ, որոնց մենք կդիմենք, նախ լավ կիմանան մեր իրավունքները, ու նաև, լուրջ խախտումը կտարբերեն ուղղակի երեխայի չարաճճիությունից:

Ահա թե ինչ կուզենայի լիներ այս հինգ տարվա ընթացքում:

Կոնստանտին Բեգիջանյան 11տ., 1999թ.