anna sargsyan

Լացուկոծի նախերգանք

Ես հաճախել եմ դպրոց յոթ տարեկանից: Այդ ժամանակ ես սովորել էի առաջին դասարանցուն անհրաժեշտ ամեն ինչ ու դեռ մի բան էլ ավելի: Դպրոցը ես սկզբից էլ սիրել եմ, բայց, դե բոլորիս կյանքում էլ գալիս է մի ճգնաժամային ժամանակաշրջան, երբ ուզում ենք շուտ ավարտել դպրոցն ու մեծանալ: Ես էլ ապրեցի այդ ժամանակաշրջանը մի քանի տարի առաջ: Հիմա, երբ մտածում եմ, որ ավարտելու եմ, ու հետևում են մնալու դպրոցական օրերս, արտասվում եմ: Սովորելու եմ մի համալսարանում, որտեղ իմ ուսուցիչները, իմ դասընկերները չեն լինելու: Ընկերներ կունենամ իհարկե, բայց դե դասընկերներս ուրիշ են, էլի:
Դպրոցում ես ինձ շատ ազատ եմ զգում, սիրում եմ շփվել անգամ ինձնից փոքրերի հետ, դա նրանց շատ է ոգևորում: Մի որոշ ժամանակ առաջ մենք դասարանով մի մրցույթում հաջողության հասանք՝ հենց երեխաների շնորհիվ, նրանք էին մեզ ոգևորում: Իհարկե, հաջողությունը մեր թիմի շնորհիվ էլ էր:
Մենք մի քիչ ուրիշ դասարան ենք, երևի մեր նմանները էլի կան, բայց ես չեմ ուզում դրան հավատալ: Գիտե՞ք քանի դասղեկ ենք ունեցել. երեք՝ դասվարին չհաշված: Ոչ թե այն պատճառով, որ մենք վատ դասարան էինք, այլ ուղղակի մեր գյուղից կամ գնում էին, կամ էլ ամուսնանում:
Մենք շատ ենք վիճում դասարանում. «շատը» էն խոսքը չի: Բայց արդեն մեծացել ենք, հիմա մեր վեճերն էլ են դարձել «մեծավարի»:
Ինչ էլ լինի, մենք սիրում ենք մեր դասարանը՝ բոլորին մեկ առ մեկ, մեր նոր դասղեկին նույնպես: Դպրոցն ուրիշ աշխարհ է յուրաքանչյուրիս համար, որտեղ մենք լրիվ ուրիշ մարդ ենք՝ մեր ընկերների հետ և շնորհիվ նրանց:
Չեմ ուզում դպրոցն ավարտել, ես էսպես ինձ ավելի լավ եմ զգում:
Չնայած՝ դեռ երկու տարի ունեմ դպրոցում, բայց արդեն աչքերս լցվում են, երբ մտածում եմ, որ թողնելու ենք ամեն ինչ ու գնանք: Դպրոցն ուրիշ աշխարհ է: