Լինե՛լ, Ջոնաթա՛ն

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Քեզ էստեղ՝ հողի վրա հասկացողներ էլ չեն մնացել, գիտեմ։ Քեզ մի քիչ ավելի շատ երկինք է պետք։

Քեզ էստեղ սպասողներ էլ չկան, զգում եմ։ Քոնը էնտեղ է` վերևում, իսկ դրանից այն կողմ անդունդ է։ Հա, քո կյանքին մի քիչ էլ վայրէջքներ են պակասում։ Որ ներքևում` հողից ցած, կարողանաս գնահատել եղածը։ Արածդ ու չարածդ։ Եղածդ։

Դպրոցիդ ճամփեքին ամեն օր նույն դեմքերն են, իսկ դու նորություն ես ուզում։ Դու, ախր, ապրում ես այդ նորը։ Իսկ նա ինչ-որ անիմաստ համառությամբ չի ուզում գալ… ու չի գալիս։ Կամ գալիս ու ուղղակի շրջանցում է դպրոցդ, գուցե թե՝ քեզ։

Դպրոցիդ ներսում էլ նույնությունն է։ Կարող ես համալսարան կարդալ` մեկ է։ Նույնը։ Կերի համար թռչող ճայեր են (կարդա` գնահատականի համար պայքարող ուսանողներ, աշակերտներ): Իսկ իսկական կյանքը մի քիչ դրանից էլ բարձր պիտի լինի։ Մի քիչ ավելի մոտ կատարելությանը։ Կերն էլ կատարելության մի մասն է, մի՛ հերքիր։ Բայց ո՛չ ամենակարևորը, նույնիսկ երկրորդը չէ ու ոչ էլ երրորդը։ Ուղղակի պետք է։

Իսկ կերի համար պայքարելիս նրանք երկնքից քաշում-գցում են իրար, ընկնում իրար վրա ու խանգարում թռչել նրան, ով իրոք ուզում է։

Վերևում օդն ավելի մաքուր է։ Մարդկանցից։

Չնայած՝ առանց մարդկանց կյանքն էլ բանի նման չէ։ Մի քիչ ժամանակ միայն, ու խորտակվում ես ինքդ քո մեջ։ Իսկ մարդկանց հետ էլ երբեմն քեզնից հեռանում ես այնքան, որ թվում է` ետդարձի ճամփա չի մնացել։

Բայց, մեկ է, վերևում օդն ավելի մաքուր է։

Իսկ քեզ ինչ-որ զույգ ոտքեր ներքև են քաշում ու կապում հողին։

Դու արդեն դպրոցիդ կտուրին ես։ Էստեղ կհաղթես ցանկացած կրթական համակարգի, կաղապարի, ցանկացած թվանշանի։ Որովհետև դու էլ, Ջոնաթանի նման, գիտես, որ ցանկացած թիվ ուղղակի սահման է։ Իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Որ ոչ հագուստի ձևը, ոչ գույնը ու ոչ էլ գինը նրան աշակերտ չի դարձնի, ով էդպես էլ չուզեց աշակերտ լինել։ Որ ոչ մի ուսուցիչ, ոչ մի դասախոս կամ դասընթացավար չի ստիպի նրան սովորել, ով էդպես էլ չուզեց սովորել, թե ինչպես են սովորում։

Բայց, էստեղ էլ, էնտեղ էլ, գիտեն, որ քո սպասածը անպայման կլինի։ Որ հեղափոխությունը խաղ չի ու մի օրվա բան էլ չի։ Որ ներսումդ հեղափոխություն անելու համար էլ նախ ուղեղիդ իշխանափոխություն պիտի լինի։