sona mkhitaryan

Տարիքից շուտ ծերացածները

Այսօր Էջմիածին-Արմավիր ավտոբուսում նստած էի, երբ մի կին բարձրացավ, առավելագույնը 40 տարեկան կլիներ, բայց 60-ն անցի տեսք ուներ: Հիմա կասեք՝ ինչպես ենթադրեցի իրական տարիքը. Արմավիրի գյուղական համայնքների բնակչուհիների գրեթե 80%-ը տարիքից շուտ մեծացել են: Հարցրեց՝ երբ է շարժվելու ու նստեց դիմացս: Ավտոբուսում մի քանի երիտասարդ աղջիկներ էին նստած միայն, ու զգացի, որ չարձագանքեցին նրա հարցին, ես էլ սպասում էի, որ նրանք պատասխանեն, ուշացումով պատասխանեցի ես.

-1-ին 20 պակաս:

Դիմացս նստել էր մի երիտասարդ՝ կնոջ կողքին, որը իր աղջկա հետ էր (երևի 5 տարեկան): Զգում էի, չէ, տեսնում էի, որ քիչ-քիչ հեռանում է կնոջ կողքից: Գիտեք՝ ինչո՞ւ: Պատմեմ արտաքինի մասին: Կինը ուներ նորմայից ցածր քաշ, ըստ իս, հյուծված կառուցվածք, դեմքի ոսկորները ինչքան ուժ ունեին՝ խոժոռ կանգնած էին, իսկ կնճիռներն իրար հերթ չէին տալիս՝ մեկը մյուսի վրա տարածվելով ողջ դեմքի վրա: Իսկ ձեռքերը: Ախ, դուք չեք էլ պատկերացնի, թե այդ ձեռքերը ինձ ինչպես բաց գրքի նման պատմեցին նրա տանջալից կյանքի մասին: Մատները կոշտացած, վերքերով, ու շոգն էլ մի կողմից: Հասկացաք՝ ինչու էր հեռու գնում: Երևի ինքն էլ զգաց, ինձ հարցրեց․

-Զանի՞տ ա, ազիզ ջան, կողքդ:

-Չէ, չէ, ազատ ա:

Մի կին էլ բարձրացավ այդ պահին ու կողքիս հյուծված արտաքինով կնոջը ծանոթ էր: Բարևեցին, ոնց ես, ոնց չես, կողքիս կինը սկսեց պատմել, որ գնում է աղջկան օգնելու՝ պահածո փակեն: Ու հետո իր այդ ծանոթ կնոջը (կարծես հարևաններ էին) ամեն կերպ համոզում էր գալ իրեն հյուր.

-Արի էլի, մեկ ա՝ մենակ եմ ամբողջ օրը, դեղձերս հասել են, կհյուրասիրեմ:

-Է, ժամանակ չի լինում է, տենանք: Հետ ա, էս քանի օր ա կարտոշկես պրծել էր, էսօր հազիվ հարմարացրի, եկա՝ առնեմ:

Պատասխանը բավարար է, որ հասկանանք՝ նրա վերաբերմունքը ոչնչով չտարբերվեց երիտասարդ կնոջ արարքից։

Բայց երիտասարդ կնոջ վարքը այդքանով չսահմանափակվեց: Իր կողքին աղջիկն էր նստած, ու արդեն բոլոր նստատեղերը զբաղված էին, ավտոբուսը շարժվել էր, կանգառից մի տարեց պապիկ՝ ձեռքին տոպրակ, բարձրացավ ու կանգնեց հենց երեխայի դիմաց: Մի կին երեխային կանչեց իր գիրկը հենց նույն պահին, որ պապիկը նստի: Ես էլ քիչ թե շատ հոգեբանորեն կնոջ հայացքից հասկացա, որ իրեն դուր չեկավ: Խոսեց էգոիզմը, կրկին:

Համաձայն եմ, հնարավոր է՝ հաճելի չէ նստել այդպիսի արտաքինով կնոջ կողքին, ով բավականին քրտնած էր, բայց եթե այդ կինը իրեն իմ նստած տեղից դիտեր, բոլոր բայց-երը մի կողմ կդներ:

Ու իր ծանոթին իր տուն հրավիրելիս կարծես խնդրեր, որ գոնե նա գնա իրեն հյուր:

Ես շատ հաճախ եմ այդ ավտոբուսով երթևեկում, ու շատ հաճախ եմ նման արտաքինով՝ դժվար, ծանր կյանք, ապրելակերպ ունեցող գյուղացիների հանդիպում, ու երևի, որ ես էլ հենց գյուղում եմ ապրում, ու մեր գյուղում էլ կան նման մարդիկ, դրա համար էլ աշխատել եմ հարգանքով վերաբերվել իրենց, չվանել ու չվանվել: Ի՞նչ գիտեք, նման վերաբերմունքից ինչ մտածմունքների մեջ կընկնեն: Հայրս, երբ փոքր էի, միշտ ասում էր՝ պիտի հարգես, որ քեզ էլ հարգեն: Հիմա էլ չի ասում, հիմա ես եմ ձեզ ասում, հարգեք, որ հարգվեք: Տատիկս էլ միշտ ասում էր՝ է՜, բալամ, կմեծանաս, նոր մեծի ղադրը կիմանաս, էլ ըտենց հեշտ չես խոսի:

Դժվար կյանքը մարդկանց ժամանակից շուտ հասցնում է ծերության շեմին, ու էդ մարդկանց համար արդեն միևնույնն է իրենց արտաքինը, իրենց հագուկապը, իրենք ինչ ունեն՝ էդ են հագնում, իսկ վաստակած գումարով փակում են սերմնացանի համար գնված սերմերի պարտքերը, որի արդյունքում մնում և երևում է միայն իրենց տանջանքը: Ու եկեք, բոլորդ իրենց հերթով հարցրեք, ասեք՝ որ ձեռք չի տալիս, ինչի՞ եք տանջվում էդքան: Ու ես վստահաբար կասեմ, որ իրենք կպատասխանեն.

-Բա որ էս էլ չանենք, ինչո՞վ ապրենք…