Meri Araqelyan

Լույսը բացվելու վրա է

Առավոտյան արևի ճառագայթները լուսավորում են գորշ հորիզոնը, և ուր որ է` աքաղաղի կանչը կխաթարի քնած գյուղի լռությունը։ Գյուղում լռություն է, սակայն բնակիչներն արթուն են․ նրանց պատել է ահասարսուռ տագնապը։ Նրանք մոռացված են․․․

Ծեր ու մանուկ իրար եկած նստել են տանը՝ իրենց տանը, որը գերդաստանի պապն է վերաշինել՝ ժառանգելով իր հորից, իսկ հետո ժառանգի իրավունքով սերնդեսերունդ փոխանցվել է՝  հասնելով մինչև այս տարվա գարուն։ Սևակը գուցե այս գարնան մասին էլ գրեր «Գարուն ա, ձուն ա արել․․․»։

Իսկ ի՞նչ կլինի ամռանը, իսկ կգա՞ ամառը, կամ թե ամռանը նորից գյուղացիները կկարողանա՞ն օրվա տապից հոգնած նստել իրենց տան դիմացի թթենու տակ, որի շվաքը քանի սերունդների է զովացրել, և որի սաղարթներն իրենց մեջ որքա՜ն գնդակներ են թաքցրել։

Իմ առջև բարձրանում է երկհարկանի տունը, առջևում խոյանում է հաստաբուն թթենին, որն իր բարձրությամբ գրկել է տունը։ Հայի բախտ է․ ծառը տնկել են, տունը շինել են, ընտանիք կազմել են, հիմա ծառը կա, տունը կա, իսկ ընտանի՞քը, ի՞նչ պետք է անի ընտանիքը, ու՞ր պիտի գնա։ Ընտանիքը գրկել է տանը, տունը գրկել է ծառին, իսկ նրանց առջև հանդգնաբար կանգնել է սարը, որի սևությունն արդեն ի ցույց է դնում, որ նրա ներսում ապրում է չարը, իսկ  գլխին թառել է թշնամին, ու թվում է, թե սարն էլ է քմծիծաղ տալիս։

Լույսը բացվելու վրա է, ու պիտի աքաղաղն արթնացնի գյուղին, բայց գյուղի բնակիչներն արդեն արթուն են, որովհետև վաղուց է աքաղաղի կանչը լռել մահաբեր գնդակների առաջ։