jenya tonakanyan

Լույսի առավոտ

Ամեն մարդու հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է ստեղծվել այն բնակավայրը, որտեղ ապրել են իր ազգի մեծերը։ Մի անգամ մայրս պատմեց, թե ինչպես է մի քարքարոտ ու անմարդաբնակ տարածք դարձել իր պապերի բնօրրանը։

1915 թվականին թուրքի թնդանոթներից մի կերպ փախած հայերը վերջին անգամ հետ շրջվեցին՝ տեսնելու իրենց որբացած հայրենիքը՝ Թերջանը, լսելու մարդկային լեզու առած բնության աղաղակը. «Մի՛ թողեք ինձ անտեր»։

Կոտորածից փրկված ավելի քան 1000 թերջանցիներ հետ շրջվեցին՝ հիշելու իրենց տաքուկ կարոտները, շենշող երազները, ցավերն ու տառապանքները, առքերն ու տուրքերը…

Հաջորդ օրը բեկված ու բզկտված գաղթականների քարավանը այլևս ուժ չուներ առաջ գնալու. հանգրվանեց անջուր ու ամայի սարերի գրկում, կծկվեց նրա քարերի տակ, սնվեց սինձով և շուշանով։

Բայց արդեն քանի օր է, ինչ նրանք ջուր չէին խմել, նրանց վշտից ու ծարավից խամրած աչքերը նայում էին երկնքին՝ փնտրելու անձրևաբեր ամպի մի պատառիկ, լռության մեջ փորձում էին որսալ անձրևի կաթիլների ոտնաձայները։ Տղամարդիկ չէին կարողանում սառնասրտորեն նայել, թե ինչպես է մայրը իր ցող-արցունքը նեկտարի նման հավաքում աչքերից, հպում մանկական շուրթին և աղոթում.

-Տե՜ր ամենակալ, Աստվա՛ծ, Արարի՛չ, երկնքից թող հորդ անձրևը անվերջ թափվի ցած։

Բնությունը առատաձեռն է, այսքան փափուկ ու սևահող վայրում պետք է, որ մի տեղ օազիս լիներ։ Տղամարդիկ գործի են անցնում՝ ձեռքի տակ ընկած քար ու փայտերով։

Անաստղ ու անլուսին մի ողջ գիշեր նրանք կռվում էին բնության հետ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պատրաստ են ամեն կերպ հաղթահարելու իրենց գոյատևման փորձությունը։

Առավոտ էր։ Արեգակի լուսաշող ճառագայթներից այդ օրը կարծես ուրախություն էր ծորում՝ մեղրի պես քաղցր, լուսաբացի պես հանդիսավոր։ Մարդկանցից մեկը, որը կռացել էր փոսի մեջ, ձեռքերով հանում էր ծանր քարերը, հանկարծ ձեռքերով տարօրինակ սառնություն զգաց, ձեռքը հանեց փոսից, մյուս ձեռքով շոշափեց և ամբողջ ուժով գոռաց՝ ջո՜ւր, ջո՜ւր…

Լույսի, կյանքի ու հույսի առավոտ էր այդ առավոտը։ Կյանք պահպանելու զորությունը նրանք գտան երկրի ընդերքից բխող պարզ, զուլալ ու կենսատու ջրերում։ Այդ ջրով է ոռոգվում հանդ ու անդաստան, այդ ջրերում են լողանում և զորություն առնում նրանց երեխաները, այդ ջրով են իրար շաղախում կիրն ու ավազը, քարը քարին դնում, երկիր շենացնում։