Լույսի հետևից քայլողը

Հովհաննես Հաջինյանի անվան կողքին ուրախ ու լուսավոր ածականներն ամենաշատն են հնչում։ Նրան ճանաչողները առանց այդ բառերի Հովհաննեսի մասին խոսել չեն կարողանում, ինչպես որ առանց ժպիտի ու փայլող աչքերի։

Հովհաննեսը շրջապատի հոգին էր, ուրախությունը, ընկերների գլխավոր հաշտարարը․ նա հայտնվում էր ու խաղաղեցնում բոլորին։

Նա արտիստ էր յուրաքանչյուր բջիջով, անհնար էր շփվել Հովհաննեսի հետ ու միանգամից չնկատել նրա տաղանդը, յուրահատուկ մոտեցումը դեպի արվեստը, թատրոնն ու իր մասնագիտությունը՝ դերասանությունը։

Հովհաննեսը Երևանի Մնջախաղի պետական թատրոնի արտիստ էր, ինչպես նաև ընկերների հետ 2003-ին ստեղծած «Միմ Ստուդիո» թատերախմբի հիմնադիրը։ Նրան հաճախ էին տեսնում քաղաքում՝ դեմքը սպիտակ ներկած, փուչիկները ձեռքին․ ծաղրածուի կերպարով Հովհաննեսը հաճախ պարզապես քայլում էր սիրելի Երևանում և ուրախացնում երեխաներին։ Այդպիսին էր նա՝ բարի, չարության և խավարի հետ չհաշտվող ու լույսի հետևից քայլող։

44-օրյա պատերազմին Հովհաննեսը կամավոր էր գնացել։ Երբ մայրն ասում էր՝ երեք երեխա ունես, մնա իրենց հետ, պատասխանում էր՝ 18 տարեկան երեխեքը կռվեն, ես տանը նստե՞մ։  Ընտանիքին ասել էր, որ կամավոր չի գնում, այլ իրեն պարտադիր կանչում են։

Մատաղիսի թեժ մարտերում անգամ Հովհաննեսը տղաների ուրախությունն ու հույսն էր, մի քանի րոպեով ցրում էր լարվածությունն ու տղաներին կտրում իրականությունից։ 2020թ․ հոկտեմբերի 19-ին Հովհաննեսը զոհվեց հանուն հայրենիքի, իր երեխաների ու բոլորիս ապագայի։

Հովհաննես Հաջինյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։