«Լուսակերտ-Քարվաճառ-Վարդենիս» տրանզիտ

Իջա օրապահի կողապահարանից, իջա ու դրանից հետո ինչե՜ր կատարվեցին (Ես արդեն զինվոր եմ | 17)… 11 ամիսս կլրանա շուտով, ու առաջին անգամ պաշտոնապես տանն եմ. «օտպուսկ» են տվել: Ամիսներ շարունակ փորձում էի շարադրել մտքերս, մի բան գրել, պատմել, բայց չէր ստացվում: Պատմելու շատ բան կա, ահռելի շատ: Չգիտեմ որտեղից սկսել, ինչ պատմել ու ոնց պատմել: Վերջին նյութս, երբ գրեցի, ընդամենը 15 օր էր, ինչ բանակում էի, իսկ էսօր մնացել  Է արդեն 13 ամիս, ու էս ընթացքում հասկացել եմ, տեսել, զգացել, ապրել, ապրեցրել, սպանել, խեղդել, վերակենդանացրել ու նորից սպանել էնքան բան, որ դժվար թե պատկերացնեք: Բանակը մեզ շատ բան է տալիս ու շատ բան սովորեցնում, փոխարենը վերցնում մեր կյանքի 2 տարիները, ոմանց, ցավոք, ողջ կյանքը: Մենք ատում ենք բանակը, սիրում, նորից ատում, կարոտում, պարծենում բանակով, կառուցում բանակը, հզորացնում, ամրացնում ու քանդում… Ինչպես մեր էմոցիաներն են բանակի հանդեպ խառը ու բազմազան, էդքան էլ բանակի` մեզ տված էմոցիաներն են լիքը ու մեկը մեկին հակասող ու մեկը մեկից տարբեր:

Մինչև բանակ գալս շատ էի մտածում, թե արդյո՞ք բանակը մի բան Է տալիս քեզ, թե չէ, ու ասում էի` չէ, դու նույն մարդն ես մեկա մնում: Միգուցե մեծ հաշվով նույնն ես մնում, բայց փոփոխությունները անխուսափելի են:

Իմ ծառայությունը երբեք այսպես չէի պատկերացնի ու արդեն չեմ էլ պատկերացնում, թե հետագա ծառայությունս ինչպես կընթանա ու ինչեր կկատարվեն: Չէի պատկերացնի, որ մի օր ոչ թե ես ինքնակամ կարթնանամ, այլ մարտկոցի հերթապահի «պադյոմ» գոռալուց, չէի պատկերացնի, որ ոչ թե կարթնանամ սենյակումս` փափուկ անկողնուս մեջ մենակ պառկած, այլ նույն սենյակում մոտ 100 հոգու հետ չոր անկողնում… Էս հակասությունները շատ շատ են, բայց չէի պատկերացնի, որ էս հակասություններին էլ այլ հակասություններ կլինեն: Չէի պատկերացնի, որ կարթնանամ ոչ թե հերթապահի «պադյոմ» գոռալուց, այլ ականների պայթյունի ձայներից, չէի պատկերացնի, որ կարթնանամ ոչ թե փափուկ «չոր անկողնում» , այլ ծածկաճեղքում` հողերի ու քարերի մեջ պառկած… Էս «չեմ պատկերացնում»-ները անվերջ կթվարկեմ, բայց հիմա ամեն ինչ պատկերացնում եմ, ու պատկերացնում են համարյա բոլորը…

Պատերազմի ընթացքում մտածում էի, թե ինչեր եմ գրելու ու ինչեր եմ պատմելու, բայց, երբ գրիչը զորեղ դուրս եկավ զենքից, խոսքերս, պատմելիքներս, տանջանքս, քրտինքս ու տառապանքս մեկ վայրկյանում դարձավ անիմաստ…

Բարձունքում էինք, Օմարի բարձունքում: Մարտնչում էինք թշնամու դեմ ու ոչ մի քայլ ետ չէինք գալիս ու չէինք էլ գալու: Արյան գնով պահեցինք մեր լեռները, Մոնթեի ազատագրած բարձունքը պահեցինք զենքով, որ հանձնեին թղթով… Ականի պայթյունների, բեկորների, ծխի, վառոդի հոտի, ինքնաթիռների, կարճ ասած, պատերազմի միջով անցնելուց հետո մենք կրկին ապրում ենք, ապրում, ստեղծում, կառուցում ու կրկին ամրացնում…Մենք ապրում ենք, իսկ հազարավոր հոգիներ անմահացան ու հերոսացան, ընկան, բայց ավաղ…

Արդյոք Օմարի բարձունքում երբևէ նորից կճախրե՞ն «Օմարի արծիվները»…