Լուսավոր Հայաստանը, ցանկալին, բայց իրականը…

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

«Նիկոլին, Սասունին, տղերքին ազատեցին, ժողովուրդ», ու միանգամից սկսվեցին ձայնային ազդանշանները, բոլորը (ծանոթ-անծանոթ) սկսեցին շնորհավորել միմյանց, լուրը տարածել: Այդ ընթացքում գտնվում էի Հրազդան-Երևան մայրուղու վրա: Ուրախացած հասանք Երևան` հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների` մի քանի անգամ մարդկանց համոզելով, ճանապարհները բացելով…

Ընկերներիս հետ Կասկադով իջնում էինք (դե, Մոնումենտը փակ էր) ու երբ հասել էինք ներքև, անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ Սերժը հրաժարական է տվել: Սկզբից չհավատացինք, բայց երբ դուրս եկանք, միանգամից կասկածները վերացան: Մի աղջիկ դրոշը ձեռքին խելագարի պես վազում էր, մյուսը՝ ճանապարհին հանդիպածներին (այդ թվում նաև ինձ) փաթաթվում էր… Ամեն ինչ պարզ էր. մենք ազատ ենք ու անկախ…

Այստեղից էլ սկսեմ շարադրել բուն ասելիքս: Բոլորս իրականում միշտ էլ եղել ենք ազատ, անկախ մեր որոշումներում, գործողություններում, կարծիքներում (լավ, գրեթե միշտ), սակայն մենք` հայերս, ունեինք, այսպես ասած, «պաշտպանողական մարտավարություն»` ՀՀԿ-ն, Սերժը, Սաշիկը, ոստիկանությունը, սա, նա, նրանք, բոլորն են մեղավոր, բայց մենք` ոչ…

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Ու այսպես տարիներ շարունակ: Սակայն ոչ ոք չէր ասում՝ աղբը այստեղ գցիր, հանրահավաքին արևածաղիկը գետնին թափիր, երբ բեմում մարդիկ ելույթ են ունենում, համերգ են տալիս, մտքեր արտահայտում, դու մեքենայիդ շարժիչի ու ձայնային ազդանշանի հզորությունը ցույց մի տուր (հաստատ քոնից ուժեղն էլ կա, եղբա՛յր) : Այսօր ես գնացել էի հանրահավաքի (ավելի շուտ NEMRA լսելու համար, ու ինձ նման շատերը), բայց փոխարենը լսեցի՝ մի գնա, (Սարգսյանը շուտ ա գնացել, է), Ծաղկաձորից ջուր բերեմ, աշխարհը մերն ա…

Եկավ բարեգործական սնունդը… Սա լրիվ ուրիշ պատմություն ա: Ժողովուրդը մոռանալով Փաշինյանին էլ, հանրահավաքն էլ, ինքնամոռաց վազեց հրապարակի ժամի տակ: Կեսժամ հետո սնունդը վերջացել էր, սակայն տոպրակների, պլաստիկ դատարկ շշերի պակաս հաստատ չկար: Էլ չասեմ՝ դատարկ ու հանրահավաքի հետ կապ չունեցող զրույցները: Հա ու էն անընդհատ ականջի տակ տեղի-անտեղի սուլողները (դրա անունը չգիտեմ): Հանրահավաքը վերջացավ, արդեն տասն անց էր, բայց ես ճանապարհին շարունակում էի լսել «մերժիր Սերժին», «Միացե՛ք» , վանկարկումները, տարբեր տեսակի ձայնային ազդանշանները, մեքենաներից հաղթանակ գոռացող տարեկիցներիս… Հասա Հրազդան, մի կատարյալ լռություն… Իսկ այդ լռությունն էլ ավելի բորբոքեց ներաշխարհս:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Մենք արել ենք մեր քայլը, սակայն ոչ ամբողջությամբ, մենք կհասնենք կատարյալ հաղթանակի, եթե քայլ անենք ու մերժենք մեր միջի սերժին (նկատի ունեմ՝ փոխենք մեզ, ինքնակրթվենք…):

Շատ հոռետեսական ստացվեց, բայց նախընտրում եմ իրատես լինել և շարունակել մեր պայքարը, բայց այս անգամ արդեն մեր ներքինի դեմ…