mariam tonoyan

Խաչմերուկին հանկարծ աչքդ կտրած քարը հաջողություն կբերի¹

Աչքերս փակելիս կոպերիս տակ գալակտիկաներ են կործանվում, բացելիս մաշկս ընդարմանում է՝ աշխարհներ քարուքանդ անելուց հետո վառ լույսին չդիմանալով։ Մատներով փորձում եմ տրորելով դուրս բերել թմրությունը, սեղմումից նոր գալակտիկաներ են առաջանում. այնտեղ ժամանակը հարաբերականորեն արագընթաց է, իրար հաջորդող սկիզբն ու վախճանը չեն հասցնում հերթափոխել, շարունակվում են իրար մեջ։ Այստեղ՝ իմ աշխարհում, սառցալեզվակներից պոկվող ջրի կաթիլի նման օրերը թրմփում են հավերժության մեջ։ Ե՞րբ է աչքերը բացելու այն Մեկը, որի ստեղծած գալակտիկայում ծնվել եմ ես։

Անշարժացած կլանում եմ ողջ շարժունն իմ շուրջը, միամտաբար փորձում եմ գոնե ինչ-որ տեղ պահպանել մի օր վերջնականապես կանգ առնելիք կյանքը։ Ձայները դուրս են գալիս հասկանալիի սահմաններից. երբ պատրաստ եմ լսել կյանքը, ականջներս օրգանից վերափոխվում են մոգական ընկալիչի և ընդունակ եմ դառնում լսել այն միակ մեղեդին, որը արթմնի ժամանակ նոտաների վերածելու կարողություն չի ունենում ոչ մի կոմպոզիտոր։

Քայլում եմ, որ չկորեմ հոսքի մեջ։ Ոտքիս տակ ընկած քարի պատճառով սայթաքում եմ, բայց պահում հավասարակշռությունս։ Վերցնում եմ այն գետնից ու գետը նետում։ Իսկույն մտածում եմ՝ ափսոս էր։ Բայց չէ, գրպանումս ինձ սիրող այլ քարեր կան, դրանք ինձ տապալել չեն փորձել, եկել են ինձ հետ հազար տարբեր վայրերից, որոշները հասել հավաքածուիս՝ իրենց նմանների մեջ մնալով յուրովի տարբեր, մյուսները, որոնց հերթ չի հասել, դեռ գրպանումս են։ Սայթաքելուց հետո արթնացածի նման ամեն ինչ իրենց գույներով են աչքիս երևում։ Ես անմիջապես բաց եմ թողնված իրականության մեջ, բայց զարմանալի արագությամբ գործում է գրավիտացիան, ու ոտքերիս տակ բաբախող հողը ստիպում գիտակցել, որ լուսացույցի կանաչ լույսի տակ անցնել է պետք։

Վերջապես նկատում եմ մարդկանց։ Նրանք այնքան թափանցիկ են թվում, այնքան խոցելի, անցողիկ։ Մի հարված սրտին՝ էլ չկա։ Փողոցն անցնելիս գրպանիս քարերն իրար են զարկվում, ես ակամա շրջվում եմ գետի կողմը՝ ափսոս էր։

Այլևս չեմ վախենում, որ մի օր Մեկը կբացի աչքերը։ Քարերը հիշողություններ պահել գիտեն, հենց նրանք էլ կասեն՝ ափսոս էր։

¹ Իտալիայի հարավում տարածված սնահավատություն