elizabet harutyunyan

Խելագարի պատմությունը

Իսկ դու շա՞տ ես մտածում։ Երեկ մուլտֆիլմ էի դիտում և մի պահ հանկարծակիի եկա։ Դու ուզո՞ւմ էիր ուղեղ ունենալ և զգալ քեզ խելացի՞, ահա, հիմա թող քո խելացի մտքերը քեզ խելագարության հասցնեն։

Իսկապես, մարդը պետք է միշտ մտածելու բան ունենա, բայց ի՞նչ եք կարծում՝ ավելի լավ է միշտ մտածել և մտածմունքների մեջ տապակվե՞լ, թե՞ ուղղակի անհոգ լինել։

-Էլիզ, կուզեի՞ր գիտնական լինել, պատկերացնո՞ւմ ես՝ ինչքան խելացի կլինեիր,- մտորումներիս միջից լսվեց մորս ձայնը, ես նրա դեմքին տեսա ժպիտ և հիացմունք՝ ուղղված իր ասածին։

-Հա, մամ, ասենք՝ իմացա, բա հետո՞։

Մորս դեմքը խոժոռվեց, տիրեց լռություն, և ես սկսեցի մտածել։ Լավ, ասենք՝ ես ընդհանրապես չմտածեմ, ինչո՞վ կտարբերվեմ տան մուտքի մոտ դրված դռնից։ Ա՜հ, չէ, այդ դուռն օգուտ ունի, մենք տարբերվում ենք, բայց ավելի լավ էր՝ չտարբերվեինք էդ առումով։ Էդ դեպքում ինչո՞վ կտարբերվեմ տիկնիկից. մի բանով՝ ես կկարողանամ ինքնուրույն քայլել։ Ըհը, տարբերվեցի, հիմա էլ՝ դրական կողմով։ Էլի մտորումներիս միջից լսեցի ձայն, այս անգամ հեռուստացույցն էր, ախր, ես մուլտֆիլմ էի նայում։ Մի քիչ անցավ, և ես էլի դիմեցի մորս։
-Այ, կուզեի մեռնելուց մի քանի րոպե առաջ իմանալ բոլոր երկրային և երկնային գաղտնիքների բացահայտումը, բոլոր հարցերիս պատասխանները։
-Ու ոչ մեկին չասեի՞ր իմացածիդ մասին։
-Չէ՛, մամ։
Մայրս էլի լռեց, իսկ ես սկսեցի մտածել։ Իսկ եթե իմ ցանկությունն իրականանա՞, հնարավոր է՝ ես խելագարվե՞մ, չնայած՝ մեռնելու ես մի քանի րոպեից, էլ ի՞նչ ես մտածում խելագարվելու մասին, Էլիզա, թեկուզ խելագարվես, ի՞նչ պիտի փոխվի։

Մտորումներիցս հանկարծակի կտրվեցի, քանզի տեսա մորս դեմքը, որի վրա գտա անհաշվելի հարցականներ. աչքերի բբերը կազմված էին հարցականներից, կոպերը՝ նույնպես, ուղղակի դրանք մանր էին, պատկերացրի՞ք, հարցականներից կազմված մարդ, որն անսպասելիորեն նայեց ինձ և ասաց.
-Իսկապես, մտորումներից մարդը կարող է խելագարվել…