Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ»

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Հարսանիքների ու հուղարկավորությունների միջանկյալ դադարներում մի պարզ և մշտական կարգավիճակ կա, որն ամբողջովին բաղկացած է առօրյա հոգսերի դառնությունների ու քաղցրությունների հերթափոխից։ Տարօրինակ է, չէ՞, որ նույն կարգավիճակում իրար հետ հաշտ ու համերաշխ ապրում են ցավն ու ուրախությունը։ Տարօրինակ է, չէ՞, որ ցավին հաջորդում է ուրախությունը, իսկ ուրախությանը՝ ցավը։

Տարօրինակ է, բայց կյանքն այդպիսին է՝ սև և սպիտակ։

Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն այդ մշտական կարգավիճակի՝ մեր ամենօրյա սովորական կենցաղի մասին է։ Գիրքն առաջին տողերից գրավում է իր գրության պարզությամբ, որը թույլ է տալիս ամբողջովին վերապրել տարբեր պատմությունների միջոցով ստեղծված հոգեվիճակները։ Այո՛, հենց վերապրել, որովհետև երբեմն թվում է, որ քո շուրջը պտտվող կյանքը գրքից ոչնչով չի տարբերվում։ Օրինակ, երբեմն լինում է, որ դու մնում ես մենակ քո ցավի ու ապրումների հետ, առանց որևէ հնարավորության կիսելու այլոց հետ, ճիշտ այնպես, ինչպես «Խեր, Շառ, Աստված» պատմվածքի հերոս Վարդանը, ով մենակ էր մնացել իր ցավի հետ…

Ոչ ոք չգիտեր նրա ցավի մասին, բացի օղու շշից և բարձից, որի վրա երևի ամեն գիշեր և առավոտ, արցունքները թողնում էին իրենց թաց հետքերը։ Վարդանը միշտ մտածում էր՝ «Ցավեր ու վախեր կան, որ չնայած պատճառած ողջ դառնութանը, քո ներքին հարստությունն ես համարում ու պատրաստ չես որևէ մեկի հետ կիսել»։ Բայց ավաղ, ցավեր և վախեր էլ կան, որոնք հոշոտում են ներսից, և ի վերջո պետք է դուրս գան։ Վարդանն էլ չկարողացավ և որոշեց, որ անպայման պետք է մեկի հետ խոսի։ «Եթե արտասահմանում լիներ, անմիջապես կվազեր հոգեբանի մոտ, կվճարեր, որ իրեն լսեին․․․», իսկ այստեղ՝ ո՞վ իրեն կլսեր՝ հիվանդությունից մանկացած մա՞յրը, թե՞ հորեղբայր Արշամը, ով  իր իսկ անունը կրող 10 տարեկան թոռի աճյունը գրկած լալիս էր։ Ու չէր լսի ինքն իրենով և իր եփած ճաշերով հիացած հորաքույրը և հորաքրոջ կյանք տեսած. «երեք անգամ ամուսնացած-բաժանված, գոմիկի անունը պոչից կախ…» ամուսինը, իսկ միգուցե գիշերային հերթափոխով աշխատող քո՞ւյրը լսեր, կամ քրոջ հաշմանդամ ամուսի՞նը: Չէ, նրանք  էլ չէին լսի։ Բոլորն ունեին իրենց սեփական հոգսերը, բոլորն ունեին իրենց ցավերը…

«Խեր, Շառ, Աստված» պատմվածքը իր գլխավոր հերոսի՝ Վարդանի բարեկամների միջոցով ստեղծում է կերպարներ, որոնք պետք է դառնային սփոփանք և հանգստություն Վարդանի հոգու վրա հասած վշտերի համար։ Հանգամանքների բերումով ամեն անգամ, երբ նա փորձում է կիսվել իր ներքին ապրումներով՝ կարեկցանքի, գուցե նաև ամոթի զգացումը ամուր փակում են նրա բերանը։

Սկզբում, երբ ցանկանում էր խոսել մոր հետ, «գիտակցեց, որ վերջերս իրենց դերերը փոխվել են… Հիմա ինքն է նրան ծնողություն անում» և, մտածեց, որ ինչու պետք է աշխարհում ապրող այդքան մարդուց իր խնդիրները բարդելու համար հենց մորը ընտրի։ Արդյունքում ընտրությունը կանգնեց հորեղբայր Արշամի վրա՝ ասաց. «Սաղ ըլնի Արշամը», և գնաց հորեղբոր մոտ։

Ճանապարհին տեսավ հավաքարարին, ով փորձում էր ցախավելի պոչով արթնացնել բակի նստարանին քնած հարբեցողին և բողոքում էր․ «Թե ասա քո խմելու իմաստը ո՞րն ա, որ պիտի անջատվես քնես, քո կայֆը չվայելես…»։ Հետո տեսավ, թե ինչպես է թաղման թափորը դուրս գալիս եկեղեցուց, և ափսոսաց այն հանգանակությունը, որ տվել էր այդ եկեղեցու կառուցման համար․«Եթե իմանար, որ էդ անասունին կբերեին ու կպառկեցնեին եկեղեցում, հաստատ չէր տա»։ Նա ափսոսում էր տերտերին, ով զույգեր պսակելուց բացի նման անարժանի թաղմանը իր երգեցիկ ձայնով պետք է երգեր, ափսոսում էր. «պետական փողերով գնված ծաղկեպսակները…», որովհետև դա այն գումարն էր, որը պետք է մի որբի հացը դառնար, մի հիվանդի էլ՝ բուժումը։ Զայրույթը կյանքի անարդարության նկատմամբ կրկնապատկվեց, ասելիքն էլ շատացավ։ Բայց ոչինչ այնքան թևաթափ չէր կարող անել, ինչքան «էդ գազան մարդու»՝ Արշամի կերպարանքը, որ ցավից կուչ էր եկել և կարծես․ «փորձում էր թաքնվել մաշված կոշիկի ցցված քթի տակ»։ Փոքրիկ 10 տարեկան Արշամին էլ երևի այն նույն եկեղեցում կպառկեցնեն, բայց դժվար նույնքան շքեղ ծաղկեպսակներով և գեղեցիկ հագնված դպրոցականներով, որ թափորի սկզբում կգնան։ Ու առհասարակ ափսոս է եկեղեցին, որ նույն արարողակարգով հա՛մ դժոխք է ճանապարհում, հա՛մ դրախտ։ Աղոթքները արժեզրկվում են դրանով, չպետք է մեղսավորները կարծես մի անմեղ մանուկ թաղվեն և մահից առաջ ապաշխարեն իրենց գործած մեղքերի համար։

Որպես բնության օրենք սևին պետք է հաջորդի սպիտակը, և այս պատմությունն էլ բացառություն չէ․ «Հետո նկատեց, որ հոր ընկերոջ տան մոտ է… Սրանք չորս շենքի արանքում վրան խփել, հարսանիք էին անում։ Հոր որբ մեծացած ընկերը տղային էր պսակում»։ Եվ իհարկե Վարդանը չէր կարող ուրիշի ուրախությունն իր դառնություններով լցնել։ Նա միայն կերավ, խմեց, հետո մի քսան հազար էլ նվեր տվեց և հուսահատված շարունակեց տնտղել հոր և մոր կողմից ունեցած գերդաստանը՝ փորձելով այդ մեծ ընտանիքի մեջ գտնել մեկին, ում հետ կկարողանար վերջապես խոսել…

«Հիվանդանոց են տարել…»

Հիշեց մորաքույր Վարդուշին։ Հեշտ կյանք չուներ՝ ամուսնուն էր ջահել տարիքում թաղել, մեծ տղան հայրենիքի առաջ պարտքը կատարելիս էր զոհվել, իսկ փոքր տղան նստած էր՝ քաղաքական հոդվածով։ Կարճ ասած՝ «կոփված կնիկ էր», ու ոչ մեկ Վարդանին ավելի լավ չէր կարող հասկանալ, բայց այդ «քար ու երկաթ» կնիկն էլ այնքան ուժեղ չէր, որ հոգեկան ծանր ապրումների հետ մեկտեղ հիվանդություններին էլ կարողանար դիմակայել՝ ինֆարկտ էր խփել․ «Պահո~, ուրեմն կա բան, որին մորքուրի սիրտը չի դիմացել…»: Մորաքրոջ համար «պերեդաչի» հավաքեց՝ գրիլ, միրգ, մասուրի հյութ, ու գնաց տեսակցության, բայց նրան չթողեցին մոտը գնալ, որովհետև մորաքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Վարդանը հիշեց, մոտակայքում հորաքրոջ տունն էր։ Իհարկե, հորաքույրը որպես զրուցընկեր բանի պիտանի չէր, բայց այ մարդը՝ ուրիշ հարց, եթե «օղի դնի սեղանին, իրար կհասկանան»։ «Հորաքրոջ տուն մտնելն ու գերի ընկնելը մեկ եղավ»։ Հորաքույրը չափազանց զբաղված էր, մարդն էլ տանը չէր։ Հորաքրոջ աղջիկը մի օր առաջ ծննդաբերել էր, իսկ ինքը դեռ նորածնին չէր էլ տեսել։ Տան մի ծայրից մյուսը խառնված վազելու ընթացքում հորաքույրը հասցրեց Վարդանին պատմել, որ փոքր տղան Ռուսաստան․ «եսիմ ինչ գողուբոզ․․․» աղջկա հետ է ամուսնացել։ Դե իհարկե այդ ինքնասիրահարված կինը ամենապարկեշտ հարսից էլ դժգոհ կմնար, կասեր՝ եփել չգիտի կամ էլ փնթի է, մարդն էլ տղու Ռուսաստանից ուղարկած փողերով մեկնել է Թուրքիա, որ «նստի պապենական տան դռանը, ուր հիմա քրդեր են ապրում, լաց լինի ու հայրենիքի հանդեպ պատքը կատարած հետ գա»։ Այստեղ էլ Վարդանի բախտը չբերեց, դեռ մի բան էլ ստիպված էր հորաքրոջ հիվանդ կեսուրի անկողնու մոտ նստել, մինչև հորաքույրը թոռանը գնա տեսնի և հետ վերադառնա։ Խոստացված քսան րոպեի փոխարեն Վարդանը նստեց մինչ մութն ընկնելը։

Վարդանն էլ տուն գնալ չէր ուզում, բայց ու՞ր գնար, էլ ո՞վ էր մնացել, ում հետ կարող էր կիսել իր ապրումները։ Մթնում էր, որոշեց գնալ քրոջ մոտ՝ այնտեղ գիշերելու։ Քրոջից խրատ ու խորհուրդ չէր սպասում, բայց դե գոնե մենակ չէր լինի։ Քրոջ տան ճանապարհին մի եղեգնաձորցուց գինի գնեց, երևի զգում էր, որ խմիչքն է մնալու իր միակ ապավենը։ Վարդանը չսխալվեց, քույրը տանը չէր, հերթափոխով հացի փռում էր աշխատում, իսկ քրոջ հաշմանդամ ամուսինը բաժակի ընկեր չէր։ Վարդանը մնաց մենակ իր գինու կապրոնե շշի հետ։ Խմեց սկզբից մոր կենացը, հետո Արշամի թոռան հոգու հանգստության կենացը, հոր ընկերոջ տղայի բախտավորության կենացը, մորքուրին էլ չանտեսեց, նրա հոգու փրկության կենացն էլ խմեց․․․

Չնայած նրան, որ այստեղ լսում են անվճար, միևնույնն է, Վարդանի վշտի միակ ունկնդիրը գինու բաժակը եղավ, ինչպես գուցե այն հարբեցողինը, որ բակի նստարանին էր քնած։ Թերևս հարբեցող լինելու պատճառը հենց ներսում կուտակված վշտերն են․․․

Ու այսպես հաջորդաբար Վարդանը խմում էր մեկի ուրախության ու մյուսի դժբախտության կենացը, մինչև հասավ սեփականին՝ «էս էլ իմ ցավի կենացը․․․»։ Շիշը դատարկվեց, Վարդանը գլուխը դրեց սեղանին ու կեսքուն-կեսարթուն նջջեց։

Ու գիշերներն էլ դադարել էին փրկություն լինել, որովհետև մտքերի ձայնը շատ ավելի բարձր էր։ Կիսափակ աչքերի առաջ շարունակում էին պտտվել ծանոթ պատկերներ, որոնք մե՛րթ հանգստություն էին բերում նրա հոգուն, մե՛րթ ցավ։ «Մտովի վերցրեց Արշամի ոտքերի տակ ընկած տերողորմյան…» ու սկսեց հերթով քաշել։ Ու ով իմանա, այս Վարդանին ինչ կընկնի․․․

 

ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ․․․ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ․․․ Մեկ գցում ես` շառ է գալիս, մեկ գցում ես` խեր է գալիս․․․