shushanik papazyan

«Խոհանոցային զրույցներ»

Շաբաթվա սկզբին էի որոշել գրել, բայց հետո մտափոխվեցի՝  շաբաթվա կտրվածքով ավելի շատ պատմելու բաներ կլինեն։

Ինչպես տեսնում եմ՝ չեմ սխալվել։ Առավոտյան բժշկուհիս էր զանգել։ Անհանգստացա, որովհետև արթնացրեց ինձ։
Միշտ հետս էդպես է լինում՝ միանգամից վատ բաներ եմ սկսում երևակայել։
«Կարո՞ղ է արդեն մեռնելս եկել է, ես տեղյակ չեմ»,- մտածեցի ու պատասխանեցի զանգին։ Կեսօրին ծիծաղս եկավ  առավոտվա կատարվածի վրա: Պարզվեց զանգել է, որ իրենց տուն հրավիրի։ Ավելացրեց, որ կարծում է, թե լավ աղջիկ եմ ու պիտի անպայման իր որդու հետ ծանոթանամ։
Ես էլ համաձայնեցի, որ երկար չխոսենք։
Կեսօրից հետո մտածում էի՝ ես համաձայնեցի որ լա՞վ աղջիկ եմ, թե՞ որ ուզում եմ ծանոթանալ ևս մեկ անհաջողակի հետ։

Պիտի ինձ զբաղեցնեի մինչև խոհանոց գնալս ու ճաշելս։ Գիտե՞ս՝ լինում է, որ օրս կեսօրից է սկսվում։
Ոչ հաճելի է, ոչ էլ տհաճ ՝ արթնանում եմ, էլի։
Խոհանոցում միշտ մայրս է լինում՝ ինձնից ու մնացած բոլոր կանանցից շատ։
Մենք գրեթե միշտ զրուցում ենք խոհանոցում, ու երբ մայրս ուզում է վիրավորել ինձ, ասում է. «Իսկը հորդ ես նման»։
Սովորաբար նման դեպքում չեմ հակաճառում՝ հայրս իսկական «ծիտ է» ու հետևաբար` ես էլ։ Ի՞նչ վատ է որ։

Շաբաթվա սկզբում ընկերոջիցս բաժանվեցի։ Ավելի ճիշտ, չգիտեր, որ ինքն իմ ընկերն է։ Պարզվեց ինչ-որ կարճահասակ մեկի հետ է։ Առաջին բանը, որ եղավ այս շաբաթ իր` իմ ցանկալի փեսացուների ցուցակից դուրս թռչելն էր։
Ճաշին ոսպով ինչ-որ ապուր էր։ Երևում էր, որ մայրս կարգին ջանք էր թափել։ Ստիպված եղա ամբողջությամբ դատարկել իմ բաժինը, որովհետև նոր խոսակցության տրամադրություն չունեի։
Ինչպես միշտ, վերջում կրկին գալու էր այն եզրակացության, որ ինձ մի կարգին տղամարդ է պետք։

Հաջորդ օրերին ձյուն էր տեղում։ Մայրս ասաց, որ լավ կլինի տանից դուրս չգամ՝ սառելու եմ։
Հետո հիշեցի բժշկուհուս. հա, էլի, իսկական լավ աղջիկ եմ։ Լսեցի մորս ու ոչ մի տեղ չգնացի։
Հանդիպում էինք կրկին  խոհանոցում։ Չորեքշաբթի երեկոյան կրկին ապուր էր ընթրիքի սեղանին։
Առհասարակ քեզ մի բան ասեմ ՝ մայրս սովորություն է ունեցել լսելու տատիս։
Տատս էլ ձմռանը միշտ ասում էր, թե խոհանոցում միշտ տաք ինչ-որ բան պիտի եփված լինի, որ երեխեքի եղած-չեղածը տաքանա։
Մեկ-մեկ զայրանում եմ մորս հնազանդության վրա։ Չնայած կարգին անհնազանդություն է ունեցել ժամանակին։
Ինձ հաճախ է ասում, թե իրեն էլ եմ նման։ Բայց հիմա իմ անհնազանդության ձեռքը կրակն է ընկել։
Ոնց հասկանում եմ, սպասում է, որ «կրքերը հանդարտվեն»։

Երբեմն ինձ թվում է, թե ես ինչ-որ սխալներ եմ թույլ տալիս ու ամեն բան սկսվում է այնտեղից, թե ինչպիսինն եմ ես։
Ես գրեթե ոչինչ չեմ անում, բայց ամեն գիշեր արթնանում են մահճակալիս տակ թաքնված հրեշներն ու խաղում են մազերիս հետ։
Չեմ ստի, եթե ասեմ, որ հիմա ամենաշատն ուզում եմ, որ դա տեղի չունենա։
Ես գիշերով հիմար երազներ եմ տեսնում, որոնք իրականում պատահել են ինձ հետ, ու սարսափում եմ, որովհետև դրանք նորից կրկնվում են։
Ես երբևէ չեմ հարցրել, թե հրեշներն ինձնից ինչ են ուզում։ Բայց խոհանոցային զրույցներում բորբոքվում ու հարցնում եմ, թե ինչ է իրենց ուզածն ինձնից։

Շաբաթվա վերջին ցանկալի փեսացուների նոր ցուցակ գրեցի։ Չէի ասի, թե ուզում եմ ամուսնանալ։ Երբեմն սիրտս կարգին, տեղը-տեղին ժամադրություն է ուզում։ Կարծեմ հինգշաբթի երեկոյին էր։ Մայրս ասում է, որ իր կյանքի միակ տղամարդն իր կողքին չէ։ Չգիտես ոնց է ստացվում, բայց ես շաբաթական երկու անգամ կորցնում եմ իմ կյանքի միակ տղամարդուն։
Ուզում եմ ասել, որ մայրս ճիշտ է՝ ես գաղափար չունեմ, թե ինչ եմ անում կյանքիս հետ։

Երեկոյան բացահայտեցի, որ մայրս օրագրություններս է գտել։ Ոնց հասկացա, նաև կարգին տնտղել է։
Առավոտյան խոհանոցային խոսակցություն ունեցանք։ Ասաց, որ առողջականիս հետևեմ, իսկ երազները հիմար բաներ են։ Պետք  է կարգին բան մտածել, դրանից ազատվելու համար։

Ես հաճախ եմ մտածում, որ այսօրն ինձ սպանեց, բայց շարունակում եմ առավոտյան արթնանալ, գնալ խոհանոց ու նախաճաշել։

Շաբաթվա վերջը գրեթե ոչինչ չբերեց։

Ես առավոտյան իմ սուրճը սառը պատշգամբում վայելում էի, մայրս էլ բողոքում էր, որ պատերազմից հետո ամեն ինչ թանկացել է։ Մենք խոսում էինք իմ երազների մասին, ավելի ճիշտ ես ջրին էի պատմում, որ չքվեին վարդագույն աչքերով հրեշները։ Հիշում եմ, որ մայրս լսում էր։ Տատիս պես, երբ կծկվում էի տատիս  ոտքերի մոտ ու պատմում, որ մեր բակում ոսկիներ կան՝ առավոտյան վաղ պիտի արթնանամ, որ գնամ գտնեմ։

Հաջորդ օրը մորս հարցրի ՝ տատը տեսնես գիտի՞, որ ոչ մի ոսկի էլ չգտա մինչև հիմա։ Որ գտածս միայն հողոտ գդալներ են եղել ու դրանցով սրա-նրա սիրտն եմ փորփրել ու ինձ համար տեղ չեմ գտել։
Գիտե՞ս, նման դեպքերում, երբ ես անկապ փիլիսոփայում եմ, մայրս ասում է ՝ լավ կլինի։
Ճիշտը որ ասեմ, ես էլ ամեն անգամ հրեշների հետ քոռ դանակով կռվելիս ինքս ինձ համոզում եմ, որ մայրս ճիշտ է՝ լավ կլինի, ու եթե աչքերս փակեմ, հետո բացեմ՝ հրեշները կգնան, ու ես նորից խոհանոցում կլինեմ։