juli abrahamyan

Խոստումներս

Զգացե՞լ եք, որ մենք միշտ ինքներս մեզ խոստումներ ենք տալիս:

Օրինակ` ամռանը կսկսեմ մարզվել, լեզուներ պարապել, գրքեր կարդալ, շատ մարդկանց հետ շփվել։

Ձեր մասին չգիտեմ, բայց ինձ հետ այդպես է: Փաստորեն` ես վատ եմ խոստումներ պահելուց, կամ էլ շփվող մարդ չեմ: Չնայած` դա գիտեի: Ինձ միշտ ասում են.

-Ինչ շփվող ես, կուզենայի քո նման հեշտ լեզու գտնել մարդկանց հետ:

Դե արի ու բացատրի, որ տասը րոպե խոսելուց հետո ես մտքումս Երևանի հատակագծի չափով պլան եմ մշակում, թե ինչպես դուրս գամ սենյակից ու էլ չվերադառնամ: Կորչեմ գրողի ծոցը: Հենց այդպես:

Ուղղակի, երևի ես ներքուստ պահպանողական եմ: Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Չի կարելի շատ փոփոխություններ կրել: Այ, օրինակ` համակարգիչը չի կարելի տարին մեկ անգամից ավել ֆորմատ անել` կփչանա: Նույնն էլ մարդը: Ինչո՞վ է տարբերվում համակարգչից:

Երկու տարի առաջ որոշեցի, որ կարելի է օրական մեկ բաժակ սուրճ խմել, որովհետև ավելի առույգ կլինեմ ու ավելի շատ բաներ կհասցնեմ անել, իսկ հիմա ինձ սուրճը չի էլ օգնում ու խմում եմ ոչ թե օրը մեկ բաժակ, այլ օրը` յոթ: Դե, «յոթ որդով սեղան նստեք» արտահայտությունից եմ ոգեշնչվել: Չնայած, որ կապ չուներ:

Հենց նոր էլ ընկերուհուցս հաղորդագրություն ստացա, որ չի կարելի այդքան շատ սուրճ խմել` օրգանիզմից երկաթը հանում է: «Քաշվանք»,- մտածեցի ես՝ սուրճս խմելով:
Այ, տեսնում եք, հենց սա էլ նկատի ունեմ: Ես դավաճանել եմ երկու տարի առաջ ապրող «ես»-ին: Նույն կերպ կդավաճանեմ ներկայիս ընկերներին, եթե շատ շփվեմ:

Եվ եթե դուք չեք հասկանում, թե ինչի մասին եմ խոսում` փակեք այս պատուհանը, թող գնա գրողի ծոցը, իսկ եթե չեք հասկանում, բայց ուզում եք հասկանալ, ապա գիշերն ուղիղ ժամը երեքին գրեք ինձ՝ մարդ ես՝ արթուն եղա, ու իրար հասկացանք:

Դժվար հասկանանք: Ես նոր մարդկանց դժվար եմ հասկանում: Հենց սա էլ պատճառներից մեկն է, որ չեմ սիրում նորեկներին, նորերին, նոր ընկերներին: Ի՞նչ իմաստ ունի, եթե մենք իրար չենք հասկանալու: Ես նույնիսկ ինքս ինձ չեմ հասկանում ու խոստումներս չեմ պահում, ուր մնաց՝ ձեզ: Միգուցե դուք ամռանը շոգից, իսկ ձմռանը` ցրտից բողոքող մարդկանց տեսակին եք պատկանում, կամ «քառասունից հետո նոր-նոր կյանքը սկսվում ա» մարդկանց տեսակին: Ես չեմ հասկանում` ձեզ ինչ-որ մեկը չի՞ ասել, որ կյանքը սկսվում է ձեր ծննդյան օրվանից: Իհարկե, սկզբի տասնութ տարին հազիվ-հազիվ սկսում եք շնչել, իսկ մնացած տարիները վատնում եք աշխատանքի վրա ու ընդհանուր առմամբ՝ չեք էլ ապրում, բայց կա այն, ինչ կա: Համակերպվել է պետք:

Չնայած` կա մի բան, որը ես անում եմ միշտ` առանց ինչ-որ բան խախտելու: Դա իմ ծեսն է: Ամեն նյութից հետո ես մտովի շնորհակալություն կհայտնեմ ու համբերություն կմաղթեմ Մարիամին, ու տեքստից մի բառ վերնագիր ընտրելով, որը, ըստ ավանդույթի, չի համապատասխանի նյութին՝ կփակեմ պատուհանը:

Հուսամ` այս անգամ կհասկանանք իրար: