Ani Ghulinyan

Խորհրդի նման մի բան

Բազմաթիվ թևավոր խոսքերի մեջ «Այսօրվա գործը վաղվան մի թող»-ը մեծերն ամենաշատն են սիրում: Դե մենք էլ, ինչպես միշտ ձգտելով հակառակվել նրանց, ցույց ենք տալիս, որ տարբերություն չկա ծրագրած գործը այսօր կամ վաղը կատարելու մեջ:
Ինձ հետ վերջերս մի դեպք պատահեց: Այն ճանապարհի եզրով, որով ամեն օր դպրոց եմ գնում, տների շարասյուն կա: Արևը դուրս է գալիս տների հակառակ կողմից, ստվեր գցելով այն ճանապարհի վրա, որով անցնում եմ: Բայց մի տեղ ցերեկային լուսատուի համառ շողերը ճեղքում են տների շարքը ու մի ծառի արանքից թափանցում դեպի ճանապարհ: Մինչև այս անհայտ տեսարանը ես նկատեցի հոկտեմբերյան մի օր, երբ դասի զանգից 2 րոպե էր մնացել: Դեռևս աշխատող տեսախցիկս էլ մոտս էր, մարտկոցը մինչև վերջին բիծը լցված: Բոլոր նպաստավոր պայմանները կային հաջողված լուսանկար անելու համար: Իսկ ես առանց ոչինչ անելու թողեցի ու հեռացա, պատճառաբանելով, որ դասից եմ ուշանում, բայց իրականում տեսախցիկը պայուսակից հանելու, մի քանի քայլ առաջ գնալու, նկարելու համար հարմար դիրք ընտրելու գիտակցումն էր, որ թռավ-հասավ մինչև հոգուս խորքերը, ուր ապրում է իմ ալարկոտ բնավորությունը: Բնավորություն, որը ես միշտ փորձում եմ խեղդել, ու ասեմ ստացվում է, բայց հենց զգոնությունս թուլացնում եմ, այն թափանցում է իմ բոլոր հյուսվածքների մեջ ու խանգարում է ուզածս բաները կատարել:
Դպրոցի ճանապարհին, իր ալարկոտությունը արդարացնել փորձող մարդու բնավորությամբ մտածում էի, որ վաղը կնկարեմ, որ վաղը նույնիսկ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այսօր է: Հաջորդ օրը մոռացա տեսախցիկս, մյուս օրը մարտկոցն էր նստել, այնուհետև՝ շաբաթ-կիրակի, անձրև եկավ, ու հինգ օր արևածագը իննից հետո էր լինում, հետո ձյուն եկավ, իսկ իմ պատկերաացրած նկարում ձյուն չպիտի լիներ, հետո արձակուրդներ: Այս ընթացքում ձնագնդիկի հետ շփումից փչացավ տեսախցիկս: Էկրանի միայն մի մասն է երևում, պատկերն էլ աղավաղում է: Այս նկարի հետ կապված բոլոր հնարավոր անհաջողությունները եղան, որ ես համոզվեմ այդքան լսած, բայց երբեք բանի տեղ չդրած խոսքի իրավացիության մեջ` այսօրվա գործը վաղվան չեն թողնում: