Elena hovhannisyan

Ծանր բառեր

Երբևէ Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացե՞լ եք։ Եվ ի՞նչ եք զգացել առաջին անգամ կարդալիս։

Երբ կարդացի առաջին անգամ, չզգացի այն խորն ու արմատացած ցավերը ամեն մի տողում, որ գոյություն ունեին։ Ես չէի հասկանում, ինչպես կարելի էր ողբալ մի երկրի համար, եթե միևնույն ժամանակ ասում էին, որ հենց նույն երկրի ժողովուրդը միասնական է, ազնիվ, արի, շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցած։

Անցան տարիներ, ու ես ժամանակ առ ժամանակ վերընթերցել եմ «Ողբ»-ը։ Ես հասկացել եմ, որ կան տողեր, որոնք մեր առօրյան նկարագրում են ամենաիսկական ձևով։ Ու չնայած ամենաճիշտ տողերին, որ կան «Ողբ»-ում, որոնք առավել քան արդիական են, այնուամենայնիվ ես չեմ կարող համաձայնվել, որ զինվորականները անարի են կամ զենք ատող։ Ու այս տողերը իր սրտում կժխտի յուրաքանչյուր հայ հիմա՝ պատերազմից հետո։ Մենք անզոր ենք, այո՛, բայց որքան զորեղ են նրանք: Մենք անկարող ենք, այո՛, բայց որքան փորձություններ հաղթահարեցին նրանք։ Նրանք, որ նռնակներ պայթեցրեցին իրենց ձեռքերում, այդքան արիությո՞ւն։ Նրանք, որ ընկերոջը փրկելու համար, իրենք նահատակվեցին, կյանքեր փրկեցին՝ կյանքերի գնով։ Եվ ես, այս ամենը միայն լսել եմ, լսել եմ, որ չեն ունեցել զենքեր, որ շատերը հրաշքով են փրկվել, որ բոլորը գիտակցաբար են ընկել դաշտերում, որ… բայց… եթե…

Պատերազմից հետո այլևս ոչ մեկի դեմքին չկա անկեղծ ժպիտ, իսկ իրավունքը կա՞ ժպտալու։

Մորաքրոջս ամուսինը զոհվեց կռվում… Երկար օրեր անցան, երբ կարողացա խոսել մորաքրոջս հետ, ու ի՞նչ սփոփանքի խոսք կարող էր լինել, որ կարողանար սփոփել նրան։ Չկան նման խոսքեր, որովհետև իր երեքամյա որդին սպասում է հորը, ու ամեն օր մորաքրոջս հարցնում է. «Մամ, բա պապան ե՞րբ ա դիրքերից իջնելու»: Դաժան է…

Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է 19-ամյա համագյուղացիդ, ու դաժան է նրա հարազատների աչքերին նայելը։ Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է մյուս համագյուղացիդ, ու դաժան է նրա երեխաների աչքերի մեջ նայելը: Ու թեև այս ամենին,  անչափ հպարտություն կա, որ ճանաչել ես նրանց։ Դաժան է, երբ չես ճանաչում ուսուցչուհուդ որդուն, բայց իմանում ես, որ նա հերոս է  դարձել` իր քաջությունը օրինակ դարձնելով հաջորդ սերունդներին, ու դաժան է ուսուցչուհուդ աչքերին նայելը։

Պատերազմի տասներորդ օրն էր, երբ հեռուստացույցով ընկերուհուս եղբոր անունը հայտնեցին, բայց նրանից ոչ մի լուր չկար։ Ես երբեք չեմ կարող մոռանալ այն պահը, երբ ընկերուհիս ուրախ ձայնով ասաց, որ սուտ է լուրը, ու նա հաստատ կզանգի ու հաստատ կգա… Ու դաժան է այդքանից հետո 4 ամիս անց նրա դին հողին հանձնելը։ Մյուս ընկերուհիս էլ, երբ ուշանում էր եղբոր զանգը, մեռնում ու վերակենդանանում էր, երբ լսվում էր հեռախոսի այդքան սպասված զանգը։

Շատերը չէին մտածում, որ վերջին անգամ են իրենց որդուն համբուրելու, երբ ուղարկում էին բանակ։ Ուղարկո՞ւմ էին, տանո՞ւմ էին, թե կամավոր էին գնում՝ քաջերը։

Մենք պայքարում ենք ողջ կյանքում` ինչ-որ երազանքներ իրականություն դարձնելու համար, ու դաժան է գիտակցել, որ նրանք մեզ համար, իրենց նվիրական երազանքները դաջեցին սառը հողերին։ Դաժան է գիտակցել, որ ոչ ոք, ոչ ոք չի կարողանալու ետ բերել նրանց, դաժան է գիտակցել, որ մենք ոչ ոք ենք տարօրինակ աշխարհում այս։

Այս ամենը, որ 44 օր կրծեց մեր հոգին, ու շարունակում է մաշել մեզ ու մեր սրտերը, գրվելու է դասագրքերում, դառնալու է պատմություն, որը աշակերտներին սովորեցնելու են 2-3 դասաժամում, հետո ծույլերից մի քանիսը չեն հիշելու զոհերի թիվը, ու գրքերից են արտագրելու։ Այն, ինչ կործանեց շատերին, ուղղակի մնալու է գրքերում, ու պատմելու են, կարդալու են միայն, այն, ինչ մենք զգացինք ու մինչ այժմ էլ ոչինչ չի հանում այդ վիճակից…

Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացել եք անշուշտ: Զգացե՞լ եք ամեն բառի ու հնչյունի ծանրությունը…