Ծանր օրերի հիշողությունը

Նոյեմբերի 8-ն էր, երբ դեռ Արցախում պատերազմ էր, արցախցի մի խումբ երեխաներ Երևանում սպասում էին, թե երբ կավարտվի պատերազմը ու կվերադառնան տուն։ Երեխաները մոտ երկու շաբաթ Ստեփանակերտի ապաստարանում էին անցկացրել` բայրաքթարների, ԱԹՍ-ների, հրթիռակոծությունների տակ: Ճնշված էին ու վախեցած, և մենք նրանց համար հետաքրքիր ժամանց էինք մտածել, որպեսզի մի քիչ ցրվեն ու մոռանան: Այդ օրերին բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք, ուղղակի պետք էր մի քիչ էլ դիմանալ: Երեխաներից մեկն առանձնացել էր խմբից, տխուր հայացքով նայում էր: Մոտեցա, զրուցեցինք, և նա սկսեց պատմել իր փոքրիկ կյանքի մեծ ողբերգությունը:

-Մեր տան դիմաց մի շենք կար, որը վթարային էր, ու պետք է արհեստական երկրաշարժի միջոցով քանդեին: Տանը նստած թրթնջուկով ապուր էինք ուտում, երբ անհասկանալի խլացնող ձայն ընկավ ականջներիս մեջ, ու աչքիս առաջ էդ շենքը պայթեց: Հայրիկս ասաց. «Ուշ, թա շուտ քնդլանին, գոնե շուտ ըսեին, մարդու սերտա վեննը կենում»։

Ես և քույրիկս վախից քարացել էինք, հայրիկի խոսքերը մեզ հետ բերեցին «իրականություն»։ Հազիվ էինք շունչ քաշել, երբ երկրորդ ձայնը լսվեց լրիվ ուրիշ կողմից: Այս անգամ հայրիկը վայրկյան անգամ չմտածեց մեզ որևէ բացատրություն տալու, ասաց, որ արագ պետք է իջնենք կողքի հյուրանոցի նկուղային հարկը: Մենք ինչքան ուժ ունեինք, վազում էինք։

-Մաման մագազինումն ա, պապ, մամա՞ն:

Այդ պահին մայրիկը վազելով մեզ մոտեցավ.

-Շուտ ըրեք, քշացիք ես գործա ուշանում ըմ:

-Բայց սօր քու ազատ օրտ ա, պա՛պ,- մինչև արտաբերեց քույրիկս, հայրիկի մեքենան արդեն մեծ արագությամբ հեռանում էր:

-Մա՛մ, էս հի՞նչ սասեր ա, շտապ օգնությունն ա՞ կյամ, բայց պատար նման չի։

-Չէ՛, Անի, սիրենայա` էլեկտրաշչակներն փորձում ըն, վեր բուրդան կռևը սկսե, կարին մարդկանց զգուշացնին։

Մենք արդեն ապաստարանում էինք, այնտեղ հանդիպեցի, մեր դասարանի Արաքսին, իրենք էլ էին իջել, որ տագնապի ազդանշանի փորձարկումը ստացվի: Հետո մեր դպրոցի Ալբերտն ու Նարեկը եկան։

Այնտեղ իմացանք, որ իրենց հայրիկներն էլ են աշխատանքի գնացել, բայց չէ՞ որ իմ հայրիկը զինվորական է, և 11 տարի է, ինչ աշխատում է սահմանին, իսկ Նարեկի ու Ալբերտի հայրիկները նոր են վերադարձել արտերկրից ու դեռ աշխատանք չունեն։ Մինչ մտքերիս մեջ էի խճճվել, ականջներս նորից խլացան շատ հզոր ձայնից։

Ապաստարան իջան երկու տղամարդ` մի վիրավոր տարեց կնոջ գրկած իջեցրին, բոլորը վազեցին, որ օգնեն… Իսկ տագնապի ազդանշանները չէին դադարում:

«Պատերազմի ձայներն են»,- լսեցի մայրիկի չասված խոսքերը, երբ մի պահ բռնացրի աչքերը, որ ամաչում էին ինձ նայել։

Այսպես սկսվեց պատերազմը իմ երկրում ու իմ մեջ…

Մոտ մեկ շաբաթ մնացինք ապաստարանում: Ամեն օր առավոտյան հայրիկը զանգում էր ու ասում, որ շուտով կհաղթենք, շատ քիչ է մնացել, որ տուն գնանք, որ պետք է ուժեղ լինենք, մայրիկին օգնենք դրանով: Տագնապի ազդանշանները գիշեր ցերեկ ականջիս մեջ էին, ես արդեն չէի զգում այդ ձայները, ես դրանք լսում էի, երբ մի պահ լռում էին, դրանք մնացել են ականջներիս մեջ:

Ես արդեն լսում էի այդ ձայները Երևանում, քանի, որ մի օր առավոտյան հայրիկը զանգեց ու ասաց, որ պետք է շուտ Երևան գնանք, մինչև ինքը վերադառնա։ Մենք ամեն րոպե սպասում էինք, թե ե՞րբ կավարտվի պատերազմը ու կվերադառնանք տուն… Հեռուստատեսությամբ տեսանք, որ մեր դպրոցը և մնացած շատ դպրոցներ փլատակ են դարձել: Դպրոցում այրվել է մայրիկիս դիպլոմը. նա գերմաներենի ուսուցչուհի էր աշխատում: Մեր նկարած նկարների ցուցասրահը ևս չկա… Այդ օրվանից հեռուստացույց չեմ նայում: Հիմա մենք նոր նկարներ ենք նկարում ու արդեն ցուցահանդես ենք բացել։ Մեր նկարներում մեր տունն ենք պատկերում, մեր հայրիկներին, պապիկներին, որովհետև կարոտել ենք։

Ես լսեցի, որ Արաքսի, Արփիի ու Նարեկի տունը ավերակ է, իսկ հայրիկին չեն գտնում։

Բայց նրանք կվերադառնան, նոր տներ կկառուցվեն, նոր եկեղեցիներ, դպրոցներ… Իսկ ես կվերադառնամ Ստեփանակերտի մեր տունը:  Պատուհանը բաց է մնացել, թրթնջուկի ապուրը` սեղանին, բայց սիրտս ուրիշ բան չի ուզում…

Արցախցի երեխաներին հանդիպել էի իրենց օրը հետաքրքիր դարձնելու, զրուցելու, փորձում էի մխիթարել, բայց ոչ ոք չգիտեր, որ իրենց տների նման իմ ներսն էլ էր ավերակ: Արցախցի երեխաները չէին էլ կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ են իրենք, մեզանից հազար անգամ ավելի ուժեղ…

Հիմա գիտեմ, որ վերադարձել են իրենց տուն ու վստահ եմ, որ արցախյան համեղ ապուրի բույրը կրկին տարածվել է իրենց տաքուկ տանը։

Ձեզնով էլ մենք ենք ուժեղ, Արցախի մեր հայրենակիցներ։