Երեք անգամ ծնվածը

Օդը ծանր էր, և կարելի էր կարծել, թե ուր որ է` երկինքը կբացվի իր հետ դուրս ժայթքելով կրակի հսկայական քանակություն: Ամառային զորակոչն սկսված էր: Հուլիսի իննին Տավուշի մարզի Բերդ քաղաքի երիտասարդներից մեկը՝ Տիգրանը, զորակոչվեց բանակ, հասակակիցներից ամենաշուտը նա էր մեկնում ծառայության, սակայն այդ հանգամանքը նրան չէր մտահոգում.

-Շուտ գնում եմ, որ շուտ էլ գամ,- ասում էր նա:

Ծառայության երրորդ ամսում սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Ծնողների բոլոր հարցերին պատասխանում էր դրական երանգով՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, որ ինքը ապահով է, սակայն նոյեմբերի չորսին ծնողներին հասավ վիրավորման մասին լուրը: Տիգրանի կես կատակ կես լուրջ ասած խոսքերը իրականացան. նա ժամանակից շուտ տուն եկավ: Աշխարհիս երեսին գոյություն ունեցող ոչ մի բառով չեմ կարող ներկայացնել նրա հայացքը, որին հանդիպեցի հիվանդանոցում: Մեկ այլ իրավիճակում անհնար է նմանը պատկերացնել, այն իր մեջ ամփոփում էր խորը ցավ, ափսոսանք, մարտական ընկերների կորուստ…

Պատերազմի մասին հարցերին կտրուկ պատասխան է տալիս՝ չցանկանալով շարունակել դրանք: Սիրում է խոսել մարտական ընկերների մասին, ասում է, որ այնտեղ բոլորը եղբայրների նման էին միմյանց հետ: Հաճախ է կրկնում իր կյանքում երեք թվի դերակատարության մասին: Երեք անգամ կարողացել է խույս տալ անձրևի նման թափվող արկերից, միայն չորրորդն է կարողացել խոցել իրեն: Այժմ չի պատկերացնում, թե ինչպես է կարողացել երկար տարածությունը վիրավոր վիճակում սողեսող հաղթահարել: Իսկ բժիշկը հպարտորեն նշում է, որ Տիգրանը կամ Փոքր հերոսը (քանի որ նա հիվանդասենյակում տարիքով ամենաերիտասարդն էր) պինդ տղա է, հետո ավելացնում է, որ Տիգրանը երեք անգամ է ծնվել՝ մեկը իր ծննդյան օրը, հաջորդը` վիրավորման, իսկ վերջինը՝ վիրահատասեղանին:

Փա՜ռք մեր զինվոր եղբայրներին, փա՜ռք մեր հերոսածին մայրերին: