Մեր ինքնության աղբյուրը

 

Կրակ, ծուխ, խարույկի մեջ եփված կարտոֆիլ, կիթառի մեղմ հնչյուններ, ցուրտ, ջերմություն  և գիշերային երկար  ու անվերջանալի զրույցներ, քննարկումներ, պատմություններ: Զրույցներ ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, երգ ու պարի, բանահյուսության, մշակույթի, արվեստի, ավանդույթների մասին…

Գյումրու ՄԷԿ ՀԿ-ն ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Քանդակագործության ազգային պարկ թանգարանի մասնակցությամբ սեպտեմբերի 24-26-ը կազմակերպել էր «Ես եմ Սասնա ծուռը» հանրապետական մրցույթ-փառատոնը:            Փառատոնի նպատակն էր` պրոպագանդել ազգային մշակույթն ու արվեստը, նպաստել «Սասնա ծռեր» Էպոսի ավելի լայն ճանաչմանը: Փառատոնին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից՝ բացառությամբ Սյունիքի և Արցախի: Նրանք եկել էին ներկայացնելու իրենց աշխատանքները՝ նվիրված էպոսի այս կամ այն ճյուղին կամ դիպվածին: Մասնակիցները յուրովի փորձել էին ներկայացնել  իրենց «Սասնա ծռին» արվեստի տարբեր ոլորտներում. երգ, պար, ասմունք, արձակ, չափածո, քանդակ, նկարչություն և այլն: Մասնակիցներից շատերը էպոսին տվել էին ժամանակակից շեշտեր՝ իրենց աշխատանքներում արտացոլելով արդի միտումները: Դա են վկայում աբստրակտ նկարչական աշխատանքներն ու քանդակները, ռեփ կատարումը, էսսեները և այլն: Մասնակիցներին հանձնարարված էր իրենց հետ բերել իրենց մանկության՝ Դավթի թուրը: Քանի որ ես էլ էի մասնակցում ծրագրին, հետս տարել էի իմ Դավթի թուրը: Ու չնայած եղածներից ամենապարզն էր, բայց, ըստ իս, ամենազորավորն էր, քանի որ հզոր թրերով բոլորը կարող են հաղթել, իսկ պարզ թրերով` միայն Դավիթները: Մրցույթի նպատակներից էր նաև մասնակիցներին հասցնել այն գիտակցությանը, որ էպոսում և ազգային-մշակութային կյանքում ձևերի մեջ չպետք է փնտրել արժեքները, այլ բովանդակության ու գծերի: Մենք՝ մասնակիցներս, Գյումրու Հաղթանականի զբոսայգու քանդակների պուրակում՝ ծառի վրա, ամրացրեցինք մեր թրերը՝ այն հավատով, որ ամեն տարի այդտեղ պիտի նոր թրեր ավելանան՝ Դավիթների ու Խանդութների թրեր:

Միջոցառման ընթացքում ծրագրի  կամավորների օգնությամբ ծանոթացանք և խաղացինք էպոսում տեղ գտած խաղերը: Այդ թվում՝  հոլախաղ, գոմշակռիվ, լախտախաղ, չլիկ-դաստա, գուրզ նետել և այլն:

Հանդիպում ունեցանք նաև նկարիչ Արարատ Սարգսյանի հետ, ով հավաքել էր Սասնա ծռերը Գյումրվա բարբառով, կավի վրա հետաքրքիր նկարազարդումներ էր արել իր՝ ձեռքով պատրաստված կաղապարների միջոցով, և հրատարակել էր Սասնա ծռերի ևս մեկ պատում: Մեզ այցելեց նաև սցենարիստ, դրամատուրգ Արթուր Էդարը, ով լսեց մեր էսսեները և խորհուրդներ տվեց:

Ներկայացրեցինք մեր աշխատանքները, լսվեցինք ու լսեցինք, ունեցանք տարբեր սեմինարներ, ֆլեշմոբ արեցինք Գյումրիում դեպի Մայր Հայաստան արձանի բարձունքը, մեծ խարույկ վառեցինք: Ահավոր քամի էր ու կրակի բոցերը տարածվում էին օդի մեջ՝ իրենց մեջ ամփոփելով մեր ամենանվիրական երազանքներն ու նպատակները: Դա պարզապես խարույկ չէր: Այդպիսի կրակ կար նաև մեր հոգում: Օդապարիկների վրա գրեցինք Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի անունները, երազանք պահեցինք ու բաց թողեցինք երկինք: Այդ օրը ես առաջին անգամ հորաքույր դարձա: Ու մի օդապարիկ էլ իմ Արևիկի համար բաց թողեցինք: Ու չնայած օրը ահավոր քամոտ էր, օդապարիկներից շատերն էլ պատռվել էին, բայց օդ բարձրացան: Հատկապես գեղեցիկ էր Արևիկի օդապարիկի վեր բարձրանալը: Այն մի մասից պատռվել էր, մի քիչ վառվել, հետո մի պահ կպել էր ծառի ճյուղին ու մնացել, բայց մենք բոլորս հավատում էինք, որ այն կբարձրանա: Այո՛, հատկապես այդ մեկը՝ Արևիկինը: Մենք հավատում էինք ու խնդրում և… եղավ: Ահավոր գիժ ու խելառ զգացողություններով պահեր էին: Կյանքում միշտ այդպես է, եթե անկեղծ հավատում ես, ապա երազանքդ իրականություն է դառնում: Այնուհետև վերադարձանք ճամբար ազգային երգ ու պարով, հայրենասիրական բացականչություններով:

Մեր բոլոր միջոցառումներին ակտիվ կերպով մասնակցում էին գյումրեցի երիտասարդները, իսկ գիշերներն անցկացնում էինք խարույկի շուրջը՝ տեղի բնակիչների ընկերակցությամբ, ովքեր անսահման հոգատարություն էին ցուցաբերում մեր նկատմամբ: Ճամբարային բանակումի ամբողջ ընթացքում մեզ հետ էին ՀՀ ոստիկանության, ԱԻՆ, շտապօգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները, ովքեր հավատարիմ կերպով հսկում էին ճամբարի անվտանգ ընթացքը: Այդպիսի պահերին իսկապես վստահություն ես զգում երկրիդ, պետականության հանդեպ: Իսկ դա շատ կարևոր և հաճելի զգացում է:

Միջոցառման ավարտին ծրագրի ղեկավար Արթուր Գևորգյանն ասաց, որ մենք գուցե այդքան էլ չգիտակցեցինք այն կարևորությունը, որ թողեցինք Գյումրի քաղաքի մշակութային կյանքում, բայց դա իրոք մեծ էր: Մշակութային մթնոլորտ քաղաքում ստեղծվում է հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ:

Գյումրին սիրեց մեզ, մենք էլ՝ Գյումրիին: Մեզնից յուրաքանչյուրը մի մասնիկ թողեց իրենից այնտեղ և մի մասնիկ էլ իր հետ վերցրեց: Ու այդ մասնիկը միշտ կկապի թե՛ մեզ՝ իրար, թե՛ մեզ՝ քաղաքին:

Հիմա՝ օրեր անց,  շորերի վրա միայն խարույկի ծխի հոտն ու օրերի, հիշողությունների, զրույցների վերհուշն է մնացել,  իսկ ներսում՝ բանականության և էության մեջ, մի շատ կարևոր բան, որ գուցե հիմա այդքան էլ լավ չենք գիտակցում, բայց իր հետքն իսկապես ունեցավ մեր մեջ: Տարիներ հետո այդ հետքը կխոսի մեր մեջ, ու այդ խոսքը շատ բան կասի վաղը: