Կայծը

Աղջիկ մը երջանիկ դեմքով ու առանց կոսմետիկայի, քայլում է փողոցներով, քայլում է երկար ու հեռու, պահի տակ՝ վազելով ու թռչկոտելով, պահի տակ՝ կանգ առնելով ու զգալով օդի ուղղությունը… Ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Իսկ քամին խառնում է մազերը, արևը էլ ավելի պայծառացնում աղջկա դեմքը լուսավոր: Քայլում է հեռու ու անհայտ ուղղություններով ու ժպտում ամբողջ ճամփին: Ժպիտը դեմքից չի կորչում… Իսկ անցորդների տարօրինակ հայացքները՝ բոլորը մի դեմքով են, նույնիսկ անդեմ են: Քայլում է մի աղջիկ, որի ծիծաղն ու լացը շատ նման են, նույնիսկ կարելի է շփոթել: Իսկ ընդհանրապես ծիծաղն ու լացը շատ նման են, եթե խորանաս… Երկուսն էլ զգացմունքների ճիչ են: Մանավանդ ուժեղ լացն ու ծիծաղը: Ուժեղ ծիծաղը արցունքների է հասցնում՝ հիշեցի տատիկիս… Իսկ ուժեղ լացը՝ այնքան ուժեղ ու այնքան ճչացող, նրա նոտաները ուժեղ ծիծաղի նոտաների հետ են համահունչ:

Բայց ամենից շատ ես սիրում եմ ժպիտը… Ժպիտը արցունքների միջից: Մի՞թե ավելի գեղեցիկ ու ավելի ուժեղ բան կա: Իմ կարծիքով, երջանկության արցունքների քիմիական բաղադրությունը լրիվ այլ է: Նրանք աղի չեն…

Իսկ այդ առեղծվածային ժպիտը խլացնում է շրջակա աղմուկը: Աշխարհը կորցնում է իր հողն ու հատակը, կա միայն արև, երկինք ու կանաչ գույն… Չէ, շատ գույներ: Ու պահը չի անցնում, կարծես, կողքին կլինի ամբողջ ճանապարհին: Ասում են՝ միայն դժբախտներն են հանճարեղ, բայց ահա տեսեք՝ ծնվում է մի կայծ, երկար անձրևներից հետո… Այդ կայծը ունի միամիտ, բայց շատ ուժգին տենչանք՝ դառնալ անմար կրակ… Իսկ աղջիկը քայլում է անմտորեն ու խելագար, վերջնականորեն ու անվերադարձ սիրահարված կյանքին…