Մեր պատանի թղթակիցները

Լուսինե Կարապետյան, Վայոց ձորի մարզ, ք. Վայք

-Ինչպե՞ս դարձար Պատանի թղթակիցների ցանցի անդամ:

-Դպրոցում տեղեկատվության ժանրի ներկայացուցիչն եմ, ակտիվներից մեկն եմ: Տնօրենն ինձ տեղեկացրեց պատանի թղթակիցների դասընթացների մասին, և ես, Աշոտի, Մուշեղի ու ևս 2 հոգու հետ միասին, եկա Եղեգնաձոր՝ մասնակցելու:

-Այս կարճ ժամանակի ընթացքում ամենակարևորը ի՞նչ է տվել քեզ ցանցը:

-Ամենակարևորը ազատ ստեղծագործելու կարողությունն է, որը ես կարող եմ կիրառել ամենուր: Ես ունեմ բլոգ, որտեղ տեղադրված են իմ հեղինակած բանաստեղծությունները, պատմվածքները, նովելները: Դրանց մեջ տարերությունները շատ են: Մի մասը գրել եմ նախքան «Մանանա» հաճախելը, մյուս մասը՝ «Մանանայից» հետո: Հիմա զգում եմ, որ գրում եմ ավելի լավ, ավելի ազատ ու անկաշկանդ:

-Այս դասընթացները, պատանի թղթակից դառնալը քո մասնագիտական կողմնորոշման հարցում ինչ-որ ներդրում ունի՞:

-Անկեղծ ասած՝ ամենասկզբում որոշել էի դառնալ իրավաբան, հետո՝ լրագրող, ֆոտոլրագրող, բժիշկ: Եվ հիմա կանգ եմ առել դեսպանի մասնագիտության վրա, բայց այնուամենայնիվ, չեմ հարգում մարդկանց, ովքեր ունեն մեկ մասնագիտություն և իրենց փորձում են միայն մեկ բնագավառում: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում: Լրագրությունը ինձ շատ է դուր գալիս և հաստատ այն չեմ թողնի:

Հարցազրույցը գրի առավ Միլենա Խաչիկյանը