margarita ghazaryan

#ԿարանտինTime կամ սուրճը կորոնայի օրերում

Այս մի հոդվածս էլ ի պատասխան այն հարևաններիս, ովքեր միշտ հարցնում էին, թե երբ եմ վերջապես իրենց մասին էլ գրելու։

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ արտակարգ դրության մեջ ենք։ Շատերի համար երևի թե ոչ մի տարբերություն չկա՝ կարանտին է, թե սովորական և բնականոն կյանք, որովհետև կան մարդիկ, ովքեր սովոր են մեկուսացված ապրել։ Շատերի համար դա նորմալ է և իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում։ Շատերի համար, բայց ոչ մեր թաղի…

Արդեն սովորություն է դարձել առավոտյան արթնանալ կա՛մ հայրիկիս միացրած երաժշտության ձայնից, կա՛մ էլ հարևանների բուռն խոսակցությունների հետևանքով։ Ճիշտ է՝ ես ակտիվ չեմ մասնակցում մեր թաղի հավաքույթներին, քանի որ օրս հագեցած է օնլայն դասերով, իմ նախասիրություններով և այլն, բայց ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր թաղի կարանտինից ունեցած իմ կարծիքով։ Մի քիչ ուրիշ է մեր թաղը։ Որքան էլ որ փորձեցին պահպանել տանը նստելու կարգավիճակը, միևնույնն է, մեր թաղում մեկն առանց մյուսի չի կարող։ Ուրիշ է սրճի համը, երբ հարևաններիդ հետ ես խմում։ Դրա համար էլ երկար իրարից բաժանվել չկարողացան։ Ախր, էլ ի՞նչ սուրճ, եթե հարևանիդ հետ ինչ-որ բան քննարկելու հնարավորություն չունես։ Բայց այնպես չէ, որ մենք չենք հետևում կանոններին. երբեք մեր հավաքույթները չեն գերազանցում քսան հոգին, պահպանում ենք իրարից մեկ մետր հեռավորությունը, դրսից հյուրեր չենք ընդունում, դե, իսկ ալկոգելն էլ անպակաս է։ Եթե ուրիշները իրենց ընտանիքներով են մեկուսացած, ապա մենք էլ մեր թաղով ենք մեկուսացել։

-Ասում են՝ սուրճը կորոնայի դեմ օգնում ա, հա՞։

Մեր թաղի հավաքույթները միշտ լեցուն են բազմաթիվ թեմաներով, և թեմաների պակաս երբեք չի զգացվում։ Սակայն արտակարգ դրության պայմաններում քննարկման գլխավոր թեման հենց կորոնան է.

-Հը՞ն, լուրեր չե՞ք տեսել, ի՞նչ են ասում։

-Քանի՞ վարակակիր ա ավելացել։

-Պարետն ի՞նչ ա ասում։

-Վարչապետն էլ լայվ չի՞ մտել, ի՞նչ ա ասում, չգիտե՞ք։

Դե, մենք մենակ վարչապետի ասածին ենք հավատում։ Հարևաններս ժպիտով ասում են, որ եթե հանկարծ իրենցից մեկին տանեն մեկուսացնելու՝ ողջ թաղին էլ հետը պետք է տանեն։ Սա ընդունենք մեր թաղի կարանտինի մասին կես լուրջ, կես կատակ, զգոնությունը մենք երբեք չենք կորցնում։ Իսկ իմ կարանտինի ժամանակ գրեթե ամեն օր պատահող ծիծաղելի իրավիճակն այն է, որ հաճախ մոռանալով խոսափողի անջատված լինելու մասին՝ պատասխանում եմ ուսուցիչների հարցերին և սթափվում եմ միայն այն ժամանակ, երբ իմ անունն են տալիս, և հասկանում եմ, որ ինձ չեն լսել։ Դե, արի ու նույնը կրկնիր…