մարինե իսրայելյան

Կարապները

Երբ  սիրում են կարապները, երևույթը պակաս հետաքրքիր չէ, քան մարդկային սերը:  Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մանկավարժական համալսարանի դիմաց մի փոքրիկ լճակ կա` ուսանողների սիրելի վայրը դասամիջոցներին զբոսնելու համար: Սեպտեմբերից սկսեցի հետևել այդ լճակում ծավալվող մի քնքուշ սիրո պատմության: Երկու չքնաղ կարապներ էին ապրում այնտեղ, որոնք ուսանողների բազմաթրթիռ սրտերի հայացքների ներքո վայելում էին Աստծուց շնորհված մի բուռ կյանքը և վայելում էին սիրով: Աշնան ոսկեշղարշ տերևները պարուրել էին նրանց ջերմությամբ և թավշյա ջրերի վրա պարելով վերջին զուգապարը` ողջունեցին ճերմակ փաթիլներին: Նրանց ձմեռոց տեղափոխեցին: Ձմեռը շատ ցուրտ էր, ձեռքերս իրար շփելով հազիվ համալսարան էի հասնում, և քայլերս դեպի լճակ ուղղելու տրամադրություն չէր լինում. այդժամ ավազանում ո՛չ ջուր կար, ո՛չ էլ շորասազ կարապներ:

Այս տարի գարունը հեռվից վերադարձող սիրահարի նման սպասված էր, և երբ այն վերջապես եկավ, ճերմակափայլ թռչունները նորից զարդարեցին լճակն ու ուսանողների նախաքննական առօրյան:

Ասում են՝ ամեն լավ բան էլ շուտ է վերջանում, և յուրաքանչյուր գեղեցիկի հետևում էլ ինչ-որ ողբերգություն է թաքնված: Չքնաղ կարապազույգի դեպքում ողբերգականը նրանց ապագան էր: Մի գեղեցիկ առավոտ դասի գնալիս հանկարծ նկատեցի, որ լճակի մակերեսին գլուխը փետուրների մեջ սուզած, քնած օրորվում է կարապներից մեկը միայն, անհանգստությամբ սկսեցի պտտվել լճակի շուրջն ու փնտրել անմեղորեն քնած թռչունի ընկերոջը: Փոքրիկ մատույցի դռնակը, որ մինչ այդ միշտ փակ էր լինում, անփութորեն  բացված էր: Ես ոչինչ չգտա, հետո արթնացավ նաև իր ողբերգությունից դեռևս անտեղյակ կարապը. առաջին պահին վայելեց մաքուր, թարմ օդը,, հետո թեթևակի շուրջը նայեց, իմ տագնապը համաչափորեն ներարկվեց նրա երակների մեջ: Ցավագնորեն հետևում էի նրա հուսահատ շարժումներին, ճիչերին, բայց ընկերը այդպես էլ չհայտնվեց: Արդեն ուշանում էի, դասի գնացի: Դա դասերի վերջին օրն էր, որից հետո մոտ տասը օր ազատ էինք լինելու. առջևում քննություններն էին: Առաջին քննությանս սկսվելուց առաջ ահագին ժամանակ ունեի  և որոշեցի անցնել  ուսանողական առաջին տարվա ամենաջերմ ու գողտրիկ միջավայրը վերապրելու: Իսկ այնտեղ մնացել էր միայն ավարտի ու տխրության կենդանի խորհրդանիշը` միայնացած կարապը, կամ մի արարած, որ ժամանակին գեղեցկություն ու եթերային տրամադրություն էր սփռում շուրջը, հիմա նվաղել էր, նիհարել, հազիվ էր լողում այն ալիքների վրա, որտեղ երբևէ երջանկություն էր վայելել սիրելի ընկերոջ հետ: Նա այդպես երկար չէր ապրի:

Մարդիկ էլ են այդպես, չէ որ կյանքի սնուցիչը սերն է: Աստված սիրեց մարդուն, նրան կյանք նվիրեց ու մի հիասքանչ երկիր, սիրելու համար սիրտ տվեց, որ երջանիկ լինեն, հետո սահմանափակեց կյանքի տևողությունը ոչ թե մարդուն պատժելու համար, այլ որ ժամանակի սղությունը գիտակցելով` մարդիկ ավելի ջերմ, անկեղծ ու ուժգին սիրով  սիրեն, իսկ կարապներին էլ մարդկանց համար գեղեցիկ օրինակ ստեղծեց: