karine nahapetyan

Կարծրատիպեր կոտրողը

Գրքե՞ր: Այո, գրքեր: Անկյունում սիրուն մեծից փոքր շարած գրքեր, որոնք միշտ դասը սովորած աշակերտի պես ձեռք են բարձրացնում ու, տեսնելով, որ իրենց վրա ուշադրություն չեմ դարձնում, բղավում են` բա մեզ, մեզ, մեզ ե՞րբ ես կարդալու: Ես էլ մեղմ պատասխանում եմ` վայ, դե սպասեք, էս մեկն էլ ավարտեմ, կհասնեմ ձեզ…

Ու միշտ այսպես է. տանդ եղած գրքերը հերթի մեջ չեն կամ էլ հերթի վերջում են: Ախր, գրադարանի գրքերը ավելի են ձգում, թեկուզ միայն իրենց բուրմունքի պատճառով: Ինչևէ:

Ապրիլ ամիսն էր: Եվ ես կհանդգնեմ ասել, որ այժմ, երբ ասում են «ապրիլ», մեր մտքով առաջին հերթին անցնում է քառօրյա պատերազմը: Ու այդ օրերին, ականատես լինելով թե ներքին, թե արտաքին անարդարություններին, «Գրքամոլ» ֆեյսբուքյան էջում աչքովս ընկավ գրքից մի մեջբերում. «Երևի մարդու լավագույն մասը նրա երազանքներն են…»։ Ու այդ պահին նայեցի երկնքին ու տեսա, որ օդից կախված են հազարավոր երազանքներ, որոնք իրոք, լավագույնն էին տղերքի համար: Երազանքները տարբեր էին` մեկը կապված էր ահապով կյանքի, մյուսը` սիրո, էն մեկը լավ մասնագետ դառնալու հետ: Իսկ ամենաշատը ապրելու երազանքն էր, որը էնքան շատ էր, որ եկավ կանգնեց դիմացս ու ասաց` ես արդեն օդում կախված եմ, իսկ դու կանգնած ես ամուր գետնի վրա: Լսո՞ւմ ես, ոչ մի երազանք չիրականացած չթողնես, թե չէ` երկնքում էլ տեղ չկա… Պարտավորեցնող էր: Ինչևէ: Սկսեցի կարդալ Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» գիրքը ` օնլայն տարբերակով: Գրքերս, իհարկե, նեղացան, բայց դե…
Էս գիրքը կոտրեց այն լոզունգ դարձած արտահայտությունը, որ մարդը չի կարող ամբողջովին դժբախտ լինել:
Գրքում չկային հազարավոր կերպարներ, մեր էն սիրած սիրուն սիրո սրտաճմլիկ դրվագները ևս բացայակում էին: Կար բուն կյանքը ` պատերազմից հետո:

Կարդում ես ու հասկանում, թե պատերազմը ինչ զզվելի երևույթ է, ու որոշները ոնց են այդ պատերազմից օգտվում, իսկ մյուսները հազիվ իրենց գլուխն են պահում. բավարարվում են քչով, ուրախանում են այնպիսի բաներով, որոնք մեզ համար սովորական են։
Հասկանում ես, որ մենք դեռ չենք գիտակցում, թե ինչ է պատերազմը, ու դրա հետևանքների մասին կարող ենք միայն խոսել ու անցնել առաջ…
Գրքի հերոսը` Այվազը, իր կյանքի լավագույն տարիները անցկացրեց բանտում, որովհետև հավ էր գողացել սոված ու մահամերձ աղջկա համար: Հավ… Հասկանո՞ւմ եք, սովորական հավ: Կներեք, բայց երբեմն կան բաներ, որոնք պարտավոր են արդարացվել, սակայն այդ ժամանակաշրջանը դա նրան չներեց…
Բանտից հետո էլի ծանր կյանք` անտեր ու հայրենի գյուղից հեռու: Դավաճանություններ, ստիպված ամուսնություն, մի խոսքով, ստիպված գոյատևում: Իսկ վերջում նրա կյանքի շավիղները նրան կրկին հասցնում են բանտ:
Դժբախտ ծնվեց, դժբախ ապրեց ու նույն ձևով էլ մահացավ:
Էս գիրքը լիովին ներկայացրեց մարդ-անհատի կյանքը հետպատերազմյան տարիներին: Էն, որ ասում են` կռվի դաշտում փլավ չեն բաժանում: Է~, իրականում, եղածն էլ են խլում: Այ, սա այդ աշխարհն է: