gayane avagyan1

Կարոտած դասարանիս ու իր զիվորներին

-Ի՞նչ կար այդ նամակում,- ասում է ինձ քույրս՝ կիսաբաց դռնից նայելով:

-Առանձնապես ոչինչ:

-Հըմ, դե տուր նայեմ,- ասում է ու առաջ գալիս, որ վերցնի ձեռքիցս:

-Չի կարելի, չէ՞, կարդալ ուրիշների նամակը,- փակում եմ նամակն ու փորձում թաքցնել տետրերի արանքում:

-Ասում եմ` գուցե հրաժեշտի նամակ ես գրել, ուզում ես գնալ մի տաք երկիր և վերջապես պրծնել ինձնից:

-Հահա, ուրիշ բան մտածել չէիր կարող: Դու քո ու դասերիդ մասին մտածիր ավելի լավ է:

-Ես կիմանամ՝ ինչ ես թաքցնում այդտեղ,- ասում է քույրս ու, իբրև թե ինձնից նեղացած, հեռանում է սենյակից:

Տեսնելով, որ քույրս գնացել է և ծածկել իր հետևից դուռը, սկսում եմ բացել ծրարը` հիշելով, թե ինչեր եմ պահել դրա մեջ: Սա մի ծրար է` դպրոցական հիշողություններով լի: Ես տարիներ շարունակ հավաքել և այստեղ պահել եմ այն ամենը, ինչը կապված է դպրոցի հետ` նամակներ, նկարներ, բացիկներ, դպրոցում կազմակերպված միջոցառումների տոմսեր: Թեթև ժպիտ է իջնում դեմքիս, հետո արցունքի մի կաթիլ հոսում է ու ընկնում: Գտա նամակները, նկարները ու էլի կիսապոկված թղթեր, որոնց վրա գրվածն արդեն դժվար է կարդալ.

«-Ինչի՞ չես գրում:

-Մոռացե՞լ ես, դասի ենք, ի՞նչ ես ասում որ:

-Ասում եմ՝ արի մի օր մի գնա պարապմունքի, կազմակերպի՝ դասարանով մի տեղ գնանք:

-Քննության եմ երաժշտականում, չեմ կարողանա, դուք կազմակերպեք, գնացեք, վայ:

-Առանց ավագի ի՞նչ տեղ»:

Մի երկխոսություն է, իսկ գրողն արդեն մի քանի ամիս է` ծառայում է հայոց բանակում: Ես հիշում եմ, որ սա գրվել է յոթերորդ դասարանում: Որքան ժամանակ է անցել:

Էլ չի երևում, խնամքով ծալում եմ թերթիկը ու դնում ծրարի մեջ: Վերցնում եմ մյուսը:

«-Ինչ անհետաքրքիր ա դասը պատմում, էսա հելնելու եմ՝ ես պատմեմ, արվեստս ցույց տամ, լավ սովորել եմ:

-Գնա պատմի, մեկ ա՝ ինքը քեզնից բարձր ա ստանալու:

-Էդ ինչի՞ որ:

-Որովհետև երեկ կռվեցիր դասատուի հետ, նեղացրիր իրեն:

-Արժի՞ ներողություն խնդրել:

-Եթե ինձ ես հարցնում, միանշանակ, հետո էլ՝ սխալը դու էիր:

-Վայ, գոնե ինձ պաշտպանես…»

Իսկ սա գրվել է հինգերորդ դասարանում, իսկ գրողն արդեն վաղուց այլ երկրում է ապրում:

Վերծանելով եմ կարդում կիսատ-պռատ գրված բառերը: Դե, դասի ժամանակ պետք էր արագ-արագ գրել, որ ուսուցիչը հանկարծ չնկատի: Փոքրիկ թղթիկի վրա: Բայց ամենահետաքրքիրը նամակը փոխանցելու արարողությունն էր: Մանավանդ, որ դու երրորդ նստարանին ես նստած` լուսամուտի մոտի շարքում, իսկ նամակիդ հասցեատերը` կողքի շարքի երկրորդ նստարանին:

Մի անգամ էլ այդ փոխանցելու ժամանակ բռնվեցինք, բախտներս բերել էր, որ ուսուցչի մասին չէինք խոսել, ֆիլմերից էինք խոսում: Նամակը կպավ ուսուցչին, նա էլ վերցրեց, պատռեց ու մի լավ բարկացավ, որ իր դասը լսելու փոխարեն` նամակագրությամբ ենք զբաղված: Ծնողական ժողովի ժամանակ էլ ասել էր մայրիկիս, ու մի լավ բարկացել էին տանը վրաս:

Հիմա դասարանս կիսվել է, մի քանիսը գնացել են երկրից, մի մասը համալսարանական կյանքին է անցել, մյուս մասն սկսել է աշխատել, իսկ տղաների մի մասը բանակում է:

Մի երկար սևացրած թուղթ եմ գտնում:

Վերևում գրված՝ նամակ զինվորից.

«Բարև, մա՛մ ջան, պա՛պ ջան, ձեզ գրում է ձեր որդին՝ դիրքերից: Այսօր լրացավ մեկ տարին, ինչ ես զորակոչվել եմ բանակ: Ես լավ եմ, ծառայությունս լավ է անցնում, միայն բոլորիդ շատ եմ կարոտել, շատ եմ ուզում վերադառնալ տուն ու ամուր գրկել բոլորիդ: Մա՜մ ջան, մի անհանգստացիր, քաղցած չեմ մնում, այստեղ ամեն բան համեղ է (բայց քո պատրաստածներին չի հասնի):

Շատ եմ կարոտել, սակայն քաջ գիտակցում եմ պահի լրջությունն ու կարևորությունը և հասկանում, որ հենց ես պետք է պաշտպանեմ հայրենիքս, և եթե յուրաքանչյուրն այդպես մտածի, միգուցե մի օր իրականանա հայ ժողովրդի դարավոր երազանքներից մեկը:

Բոլորիդ ջերմ համբույրներ, ընկերներիս կբարևես:

Ձեր զինվոր որդի»:

Ի՞նչ իմանայինք այս խոսքերի իրական արժեքը: Իններորդ դասարանի մի միջոցառման համար էինք գրել, թելադրողը ես էի, գրողը` ընկերուհիս, որը հիմա բժշկականում է սովորում (դրա համար ինչ-որ հիերոգլիֆների է նման գրածը, վերծանելով եմ կարդում): Արցունքները գալիս են, ամեն արցունքի հետ հիշում եմ դասարանիս տղաներին, որ հիմա զինվոր են դարձել, ու իրենք էլ ինձ նման կարոտում են, հիշում:

Վերցնում եմ մեր դասարանական ընդհանուր լուսանկարը: Որքա՜ն բան է փոխվել, որքա՜ն ենք մեծացել, որքա՜ն հարազատ ենք դարձել իրար, որքա՜ն շատ են հիշողությունները: Փակում եմ ծրարը, պինդ պահում ձեռքումս ու մտածում՝ ինչ լավ եմ արել, որ այս ամենը պինդ-պինդ պահել եմ, հավաքել: Ինչ իմանայի, որ մի օր դասարանիս կարոտը այսպես կառնեմ:

Ու կարոտն է պատկերանում աչքիս առաջ՝ զինվորական համազգեստը հագին: