Կարոտի, ժամանակի և տարածության մասին

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Ժամանակն անցնում է, բայց դրան համընթաց կարոտն է շատանում:

Մտածել ե՞ք, թե ինչ կլիներ, եթե չլիներ կարոտը: Հըմ, չէր լինի… Կարծում եմ` ճիշտ չէր լինի: Եթե կարոտը չլիներ, հեռավորությունն ու տարածությունն էլ իրենց գոյության մասին հիշեցնել չէին տա:

Հեռավորություն, տարածություն. ոչ բոլորն են կարողանում մերվել դրանց հետ, չմերվողների թվում եմ նաև ես։

Ուսուցչուհիս ասում է` նանոմետրն էլ է հեռավորություն, այստեղ հարց է ծագում. կարոտո՞ւմ են արդյոք նանոմետրերի վրա։ Չէի ասի։

Կարոտ ասելով մտքումս սկսում եմ գծագրել իմ սիրելի երևույթների ու իմ միջև գոյություն ունեցող հեռավորությունը: Այդ ժամանակ ստանում եմ կարոտի իմ բանաձևը:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ կարոտում, քանի որ տարածությունը ոչ այդքան դրական բան է: Կարոտում ես, որովհետև տարածություն կա, հեռավորություն կա, թեկուզ չնչին լինի դա: Կարոտում ես ամեն ինչ, բայց կարոտը քեզ հուշեր ու մտածելու տեղիք է տալիս: Բայց միշտ չէ, որ կարոտն ու հիշողությունները կապված են լինում մարդու հետ: Չէ, որ միայն մարդուն չէ, որ կարող ես կարոտել: Կարոտում ես ամեն ինչ, ինչ դու ունեցել ես, ու իմ հիմա էլ չկա, կամ էլ ինչու չէ, քո մանկությունն ես կարոտում: Ոչ ոք կարոտից անմասն չէ: Բոլորս էլ կրում ենք մեր մեջ մի փոքր, թեկուզ չնչին կարոտ:

Կուզեի՞ ք արդյոք կրճատել հեռավորությունը ու կարոտը վերացնել:

Ես չէի ուզի, այդպիսով կկորեր կյանքի հետաքրքրությունը, չէ որ դա ի վերուստ է տրված։ Ու, եթե տրված է, ուրեմն այդպես է պետք, դա է ճիշտը:

Հեհ, բայց դպրոցից տուն տարածությունը միշտ ուզել եմ վերացնել։ Դեռ առաջին դասարանից ատել եմ այդ ճանապարհը: Պատահում է, որ ուզում եմ ուտել, ուտել ու էլի ուտել, սովածությանս չափ չի լինում: Այդ ժամանակ խանգարում է տարածությունը:

-Բա տունը կպած չլինե՞ր, դասամիջոցին իջնես հաց ուտես գաս, իսկական արքայություն,- այսպես էի ասում ես փոքր ժամանակ:

Բայց դե, դա միայն երազանք էր, որը ցավոք իրականություն չդարձավ։ Սա էլ տարածությունը:

Գիտակցելով որ կարոտը չենք կարող վերացնել, փորձում ենք հեռավորությունը հնարավորինս չափով քչացնել, բայց դե~, դա էլ միշտ չէ, որ ստացվում է։

Ինչևէ, տարածությունը վերացնել անհնար է, ես էլ դա փոխել չեմ կարող։ Բայց քանի որ, վատի մեջ էլ կարելի է լավը տեսնել, ուրեմն դրականը մտածել: Չէ որ, ժամանակն անցնում է. ու դրա հետ համընթաց կարոտն է շատանում:

Բայց մի օր մեզ երկար թվացող տարածությունները կհասցվեն մինիմալի, բայց այ, կարոտը վերացնել երևի թե չի ստացվի։