Ani Ghulinyan

Ֆուտբոլային սիրավեպ

2014 թվականի ամռանը, երբ ողջ ֆուտբոլասեր հասարակությունը շունչը պահած դիտում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և սպասում նրա հաղթողին, ես նույն այդ ժամանակ հեռուստաալիքներն էի թերթում` որևէ հետաքրքիր հաղորդում գտնելու հույսով:

Մի երեկո էլ, ոչ մի հաղորդում չգտնելով, կանգ առա Հանրային հեռուստատեսության վրա, որով հեռարձակվում էր ֆուտբոլի առաջնությունը:

Մինչ այդ երբեք ֆուտբոլ չէի նայել, ավելին, չէի հասկանում ֆուտբոլասերներին, ովքեր ինչ որ խաղի պատճառով լաց էին լինում կամ ուրախանում: Տեսնելով, որ խաղին մնացել է 2 րոպե, ալիքը չփոխեցի: Մտածեցի` կավարտվի, մի ֆիլմ կսկսվի`կնայեմ: Խաղը համարյա ավարտվելու վրա էր, հաշիվը` 0:0, վայրկյաններն էի հաշվում, թե երբ է ավարտվելու, իսկ մրցավարը, ի դժբախտություն ինձ, ավելացրեց 3 րոպե: Երբ ավելացված վերջին րոպեն էր ավարտվում, ինչ որ ֆուտբոլիստ գոլ խփեց Իրանի հավաքականին: Մեկնաբանի բարձր գոռոցից հասկացա, որ այդ ֆուտբոլիստի անունը Լեոնել Մեսսի էր: Շատ էի լսել նրա մասին, բայց երբեք չէի տեսել:
Այդ օրվանից իմ կյանքը 180 աստիճանով փոխվեց: Սկսեցի ուսումնասիրել այն հավաքականը, որտեղ խաղում էր Մեսսին`Արգենտինայինը: Մինչև հաջորդ խաղը արդեն նրանց ողջ կազմը սովորել էի, բոլոր խաղերին հետևում էի: Մինչև որ հասավ եզրափակչի օրը: Եզրափակիչ էին հասել Արգենտինան ու Գերմանիան: Խաղի 90 րոպեներին աչքս չէի կտրում հեռուստացույցից, բայց թեև երկու կողմերն էլ գրոհներ էին կազմակերպում, խաղը ավարտվեց ոչ ոքի, եկավ ավելացված ժամանակի հերթը: Երբ արդեն բոլորս պատրաստվում էինք 11 մետրանոց հարվածաշարին, Մարիո Գյոտցեն գնդակն ուղարկեց արգենտինացիների դարպասը` վճռելով խաղի ելքը: Իմ իմացած ու չիմացած բոլոր աղոթքներն էի ասում, խնդրում, որ արգենտինացիները գոնե մի գոլ խփեն, բայց հրաշք չկատարվեց:

Մունդիալ 2014-ի հաղթող դարձավ Գերմանիան: Այդ մեկ ամսից էլ քիչ ժամանակում այնքան էի կապվել Արգենտինայի հավաքականի հետ, որ ամեն ֆուտբոլիստի կարծես շատ վաղուց արդեն ճանաչում էի: Աշխարհի առաջնության գավաթի մոտով անցնելիս Մեսսիի հայացքը վեջին կաթիլն էր: Սկսեցի բաց թողնել այն արցունքները, որոնք համառությամբ զսպում էի մինչ այդ (ուժեղ մարդ էի ուզում խաղալ):

Այդպես շարունակեցի մոտ մեկ ամիս: Տանից դուրս չէի գալիս, ողջ ժամանակս տրամադրում էի ֆուտբոլին: Պարզեցի, որ Լեո Մեսսին խաղում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, հետո հետաքրքրվեցի այս ակումբով`պատմությամբ, ֆուտբոլիստներով: Հասկացա, որ իմ կյանքի ակումբը «Բարսելոնան» է: Հետո իմ կյանքի թելը սահուն կերպով միահյուսվեց ֆուտբոլի հետ: Իմ կյանքը բաժանվեց 2 մասի` ֆուբոլից առաջ և ֆուտբոլից հետո:
Ամեն անգամ, երբ Բարսան պարտվում է, նստում եմ տան մի անկյունում, ամուր գրկում Բարսայի տարբերանշանը ու երգում եմ Tot el Camp-ը (Բարսելոնայի օրհներգը): Ծնողներս դժվար, բայց համակերպվեցին իրենց երեխայի այս նոր քմահաճույքի հետ, բայց ի զարմանս նրանց, այդ քմահաճույքը երկար տևեց, մինչև այսօր: Ընկերներս էլ սովորեցին, որ եթե ես նրանց ոգևորված որևէ ֆուբոլային խաղ եմ պատմում, ինձ ընդհատել պետք չի:
Մինչև հիմա էլ Մունդիալ -2014-ի եզրափակիչը չեմ կարողանում առանց հուզմունքի հիշել: Թե ինչպես «մենք» կարող էին հաղթել, բայց չհաղթեցինք:
Դրանից հետո Լեոնել Մեսսին ունեցավ ևս 2 պարտված եզրափակիչ, ես էլ նրա հետ: Ու թեև այս տարին շատ հետաքրքիր անցկացրեցի, ու այն հավակնում էր դառնալ մինչև հիմա իմ ապրած լավագույն ամառը, բայց այս տարի Արգենտինան Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Չիլիին:

Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ Մեսսիի արցունքները պարտությունից հետո, նրա չիրացրած 11 մետրանոցը, արդեն որերորդ անգամ գլխիկոր հեռանալը մարզադաշտից… Չէ, այս տարին հաստատ լավագույնը չի:
Ես երբեք լուրջ մրցույթների չեմ մասնակցել, բայց այնպիսի զգացում ունեմ, որ պարտվել եմ 3 եզրափակչում: Հիմա սպասում եմ 2018 թվականի աշխարհի առաջնությանը. դա իմ ու Մեսսիի վերջին շանսն է:
Հիմա իմ բոլոր երազանքները, նպատակները կապված են ֆուտբոլի հետ: Չգիտեմ, իմ այս սերը ֆուտբոլի նկատմամբ մի օր կանցնի՞: Գուցե այն ժամանակ, երբ ես իսկապես սիրեմ: