stella avetiqyan

Կարոտում եմ քեզ, պապ…

Գիտե՞ս՝ քանի անգամ եմ ցանկացել քեզ ամո՜ւր-ամո՜ւր գրկել ու լսել քո խորհուրդները, գիտե՞ս՝ քանի անգամ եմ ցանկացել, որ կողքիս նստես ու սովորեցնես ճիշտ նկարել: Հա՛, ես հազար անգամ պատկերացրել եմ, թե ինչպես ձեռքս կտաս վրձինը, ինչպես կբռնես ձեռքիցս ու կնկարենք, պատկերացրել եմ, թե ինչի մասին կզրուցեինք և նույնիսկ իմ՝ քեզ ուղղած հարցերին եմ քո փոխարեն պատասխանել:

Գիտեմ, որ երբ գալիս եմ, կանգնում սառը քարի դիմաց ու խոսում, մեկ է՝ դու ինձ լսում ես, որովհետև դու իմ սրտում ես:

Երբ փոքր էի՝ 9-10 տարեկան, մտածում էի՝ երանի կախարդական փայտիկ ունենայի ու հետ վերադարձնեի քեզ: Ու այսօր էլ՝ 6 տարի անց, երբ արդեն 15 տարեկան եմ, կախարդական փայտիկ եմ ուզում:

Ամեն ինչ կտայի, որ սեպտեմբերի մեկին կանգնած լինես դպրոցի բակում ու տեսնես, թե ինչպես է քո աղջիկը գովասանագիր ստանում, իսկ ես բեմից նայեի քեզ ու մայրիկին և ժպտայի: Գիտեմ, որ տեսնում ես, բայց ես ուզում եմ, որ ես էլ քեզ տեսնեմ:

Ես չեմ ուզում ամեն անգամ հյուրասենյակ մտնելիս ինձ նկարից մեղմ ժպտաս: Ես կուզեի, որ ինձ ամո՜ւր-ամո՜ւր գրկես, կողքիդ նսեմ ու դու սխալներս բացատրես:

Ես քեզ նման եմ ամեն ինչով, քո աղջիկ տեսակն եմ. բոլորն են ասում: Ես հպարտ եմ դրանով, բայց ես նույնիսկ սա կզոհեի՝ միայն թե կողքիս լինեիր:

Միշտ երազել եմ, որ հեռախոսիս զանգ գա ու էկրանին գրվի «Պապաս»:

Արդեն 6 տարի ես քեզ կարոտում եմ, պապ: