Hasmik galstyan

Երազանքների փայտիկը

Ամեն մարդ ունի իր առջև դրված նպատակներ ու երազանքներ։ Դե, բնականաբար ես նույնպես ունեմ։ Երբ փոքր էի, գիտեի` ինչպես իրականացնել։ Շատ հեշտ մի միջոց էի գտել. կախարդական փայտիկ էր պետք։ Դե, մուլտֆիլմերի ազդեցության տակ էի։ Եթե դպրոցում լավ սովորեի, ինձ կտային այդ փայտիկը, բայց ամեն բան այդքան հեշտ չէր։ Հիմա արդեն փոխադրվել եմ իններորդ դասարան ու բավականին լավ եմ սովորում։ Հիմա կասեք` իսկ ո՞ւր է փայտիկը։ Դե ոչ, արդեն գիտեմ` չկա նման փայտիկ, ու մարդ ինքնուրույն պետք է կարողանա հասնել իր նպատակներին և իրականացնել երազանքերը։

Հա, մոռացա ասել, թե կախարդական փայտիկով ինչ պիտի անեի։ Մտածում էի հենց ունենամ, պետք է կրկնօրինակը ստեղծեմ, որպեսզի եթե կորցնեմ, էլի մեկը  ունենամ։ Մի մեծ տնակ էի ուզում, որի մեջ կլինեինք ընկերուհիներով ու կխաղայինք։ Տատիկիս հետ նույն սենյակն ունեինք, և ինձ համար առանձին սենյակ էի ուզում։ Նաև ուզում էի մեր տունը մեծացնել ու ավելի գեղեցկացնել։ Դրանից հետո փայտիկը կտայի եղբորս, նա էլ հայրիկին, հետո մայրիկին ու բոլորիս երազանքները կկատարեր։ Ճիշտ է, ես չունեցա այն, ինչ երազում էի, բայց ասում են, եթե մի բան շատ ես ուզում, կատարվում է։ Հիմա ներքուստ էլի հավատում եմ փայտիկի գոյությանը և երազանքներ ունեմ։ Շատ եմ ուզում խաղաղ ապրել, ուզում եմ բոլորը առողջ լինեն։ Այսքան տարիների ընթացքում հասկացել եմ, որ երջանկությունը  առանձին սենյակ ունենալու և մեծ տան մեջ չէ, բայց էլի ուզում եմ այդ գեղեցիկ տունը և իմ առանձին սենյակը։ Երբ մի քիչ էլ մեծանամ և լավ աշխատանք ունենամ, կփորձեմ իրականացնել դա։

Իհարկե, իմ երազանքներն այսքանով չեն ավարտվում, ավելին՝ դեռ նոր են սկսում, սակայն դրանց մասին առայժմ կլռեմ։ Երբ իրագործվեն առաջին մի քանիսը, կսկսեմ մտածել նորերի մասին։ Չէ՞ որ մարդ պետք է միշտ երազանքներ ունենա: