serine harutyunyan

Կարոտս

Ժամը չգիտեմ էլ քանիսն է. դրսում մութ է, իսկ սենյակիս լույսն ինչպես միշտ վառ է: Աչքս գցում եմ ժամացույցին. ուշ է, պետք է գոնե մի քիչ քնել: Անջատում եմ լույսն ու պառկում: Խավարի մեջ մի լույս էլի վառ է մնում: Հեռախոսս է: Արդեն կարծես մեխանիկորեն վերցնում եմ, հավաքում կոդը, բացում նկարներն ու երկա՜ր նայում, հիշում, կարոտում, ժպտում ու տխրում… Համատարած խավարի մեջ հազիվ նշմարելի լույսը դեռ երկար վառ է մնում:

Դուռը թակում են, համոզված եմ՝ էլի նա է: Ամեն անգամ անկոչ հյուրի նման գալիս է, թակում սենյակիս դուռը ու բացվելուն պես ինքն իրեն ներս է գցում, անգամ առանց հարցնելու կարելի է, թե՞ ոչ: Նստում է մահճակալիս մի անկյունում, հետևում, թե ինչպես եմ շարունակում նայել նկարին: Հետո մի արհամարհական հայացք է գցում վրաս ու քմծիծաղ տալիս, առաջ է գալիս, թուլացած ձեռքերիս միջից հեշտութամբ վերցնում հեռախոսս ու մի կողմ գցում: Հետո բռնում է ձեռքս ու տանում իր հետևից: Չեմ էլ հասկանում, թե ինչպես, առանց առարկելու գնում եմ նրա հետ: Իսկ նա ստիպում է հիշել այսօրը, երեկը, մի քանի օր, մի քանի շաբաթ ու մի քանի ամիս առաջը: Հետո էլի նույն արհամարհական ժպիտով ինձ է նայում, երևի ուզում է ասել, որ ինքն այս անգամ էլ ինձնից ուժեղ գտնվեց ու ինձ կարողացավ գցել հիշողութունների գիրկը: Կարծես անզգայացած, լուռ ենթարկվում եմ նրան, իսկ նա շարունակում է ձեռքս բռնած ինձ իր հետևից տանել, խճճելով ինձ հիշողություններիս անեզր ծովում: Դեռ երկար քայլում ենք: Շուտով կլուսանա: Նստում ենք մի նստարանի՝ մի փոքր շունչ քաշելու: Շատ եմ հոգնել, գլուխս հենում եմ նրա ուսին ու անմիջապես քնում: Զգում եմ, ինչպես է գրկում ինձ, տանում տուն, մի կերպ բացում սենյակիս դուռն ու ինձ պարկեցնում մահճակալիս վրա: Հետո, էլի լուռ նստում է կողքիս ու էլի, ինքն իրենից գոհացած երկա՜ր նայում ինձ:

Արևի լուսավոր շողերն աչքերիս են ընկնում, ձեռքս տանում եմ դեպի աչքերս, ու էլի դժգոհում, որ ինչ-որ մեկը հերթական անգամ հետ է քաշել սենյակիս վարագույրը: Վեր եմ կենում տեղիցս, գնում դեպի դուռը: Ինչ-որ անծանոթ, թրջած թաշկինակ է ընկած: Արդեն պարզ է, էլի նա է եկել` կարոտս, էլի ստիպել կարոտել, լացել: Հետո մաքրել արցունքներս ու լուռ հեռացել: Թաշկինակն էլ երևի պատահական է գրպանից ընկել, չնայած, ի՞նչ իմանաս, գուցե կրկին անգամ ինձ այցի գալու առիթ ունենալու համար է:
Կարոտս` էլի նա էր եկել: Երևի էլի կգա, կարոտս…