Ani Ghulinyan

Առանց շրջապատի մարդն ո՞ւմ է պետք

Դեռ փոքր տարիքից ես մեծացել եմ մի ընտանիքում, որը մի մեծ շրջապատի մասն է կազմում: Ես էլ իմ կամքից անկախ դարձել եմ այդ շրջապատի բաղկացուցիչ մասը: Այնպես է ստացվել, որ մայրիկիս մորաքրոջ ու հորաքրոջ աղջիկները և հայրիկիս ընկերները իրար հետ են ամուսնացել, ու այս մեծ շրջապատի մեջ շփումը հիմնված է ոչ միայն ընկերական, այլև բարեկամական կապերի վրա:

Ես այդ շրջապատի ամենամեծ երեխան եմ, մնացածները ինձնից ամենաքիչը՝ երեք տարով փոքր են, ու ես շատ հաճախ ինձ իրավունք եմ վերապահում նրանց վրա բարկանալու: Նաև խորհուրդներ եմ տալիս, մի խոսքով՝ ավագ ընկեր եմ:
Ինձ միշտ հիացրել է հայրիկիս ընկերական շրջապատի պարտաստակամությունը ու կազմակերպվածությունը: Ամեն տարի պարտադիր նրանք, այսպես կոչված, «քեֆ» են անում Ամանորին, մարտի ութին, ապրիլի յոթին, մայիսի իննին, հունիսի մեկին: Ավելացված նաև ամռան ընթացքում հանդը (բնության գիրկը) կամ գետ գնալը:

Ամառային մի արևոտ օր, զանգահարում է հայրիկիս ընկերներից մեկը.
-էսօր մի կողմի վրա չգնա՞նք:
-Գնա՛նք:
Այս գնանքից ամենաքիչը երեսուն րոպե հետո ամեն ինչ պատրաստ է, ու մենք` մեքենաների մեջ տեղավորված: Հիմնականում երեխաների հորդորով, գնում ենք Դեբեդ գետի մաս կազմող և մեր գյուղին մոտ գտնվող Մարց գետը:
Ընտանիքիս անդամների ծննդյան օրերին մեր տունը սովորաբար մարդաշատ է լինում, կեսօրին երեխաներն են գալիս, երեկոյան՝ մեծահասակները: Դե, քանի որ մեր տանը մեծահասակներ (տատիկներ, պապիկներ) չկան, ավելի հարմար է «քեֆ» անելը, չէ որ բարձր ձայներով ոչ ոքի չենք խանգարում: Չգիտեմ՝ ինչի՞ց է, որ վերջերս այդ «շախ» ասվածը փոքր ինչ պակասել է: Առաջ, ավելի շատ էին պարում: Ինչևէ: Միշտ, նայելով այս ամենին, մտածել եմ, որ երբ մեծանամ, ես էլ պիտի այսպիսի շրջապատ ստեղծեմ. մի վստահության շրջանակ, որտեղ մեկը մյուսին մինչև վերջ նվիրված կլինի:
Ամեն տարի իմ ծննդյան օրը, երբ ընկերներս գալիս են (նրանք էլ իմ փոքր շրջապատն են), ծնողներս հորդորում են.
-Միշտ էսպես հավեսով լինեք, շուտ-շուտ հավաքվեք, դպրոցն ավարտելուց հետո էլ ձեր ընկերությունը պահեք: Թե չէ, առանց ընկերների, առանց շրջապատի՝ մարդն ո՞ւմ է պետք: