rafayel najaryan

Կարևոր որոշում

Ես մինչև 6-րդ դասարան սովորել եմ գերազանց: Քանի որ հայրս ինձ համարյա չի մերժում, ես նրան խնդրեցի ինձ գնել համակարգիչ: Եվ երբ գնեց համակարգիչ, ես քիչ-քիչ սկսեցի չսովորել, և դրա համար շատ եմ ափսոսում: Ամբողջ օրը համակարգչային խաղերով էի տարված:

Երբ 17-ի անձնակազմը եկավ մեր դպրոց, ես փորձում էի ակտիվ լինել և, արդյունքում, իբրև խրախուսանք ստացա Պատանի թղթակցի երկու բլոկնոտ և շատ ոգեշնչվեցի: Ցանկացա լինել նրանց խմբից: Ես հիմա 10-րդ դասարանում եմ սովորում, բայց խոստովանում եմ, այնքան էլ լավ չեմ սովորում: Ես և ընկերս՝ Հակոբը, լավ չենք սովորում, բայց պայքարում էինք, որպեսզի ընգրկվենք 17-ի թիմում: Առաջին անգամ հասկացա, որ գիտելիքներս պակաս են, բայց նաև` որ ինձ խրախուսել են, հավանել են մտածողությունս, ուրեմն, կարող եմ: Եվ մեր աշխատանքը ապարդյուն չանցավ: Մեզ ընտրեցին մեր գյուղից մասնակցելու դասընթացին: Բացի մեզանից մեր գյուղից ընտրվել էին ևս 5 հոգի: Դասընթացի ժամանակ էլ ակտիվ էինք, ամեն ինչ անում էինք, որպեսզի հետ չմնանք լավ սովորողներից, և քիչ թե շատ ստացվում էր: Երբ վերջացավ դասընթացը, ես և Հակոբը մի քանի հարցազրույց վերցրեցինք, բայց նորից վախենում էինք քերականությունից, որին երկուսս էլ համարյա չէինք տիրապետում: Նայում էինք դասագրքերը, հարցնում էինք ուրիշներին: Ճիշտ է, սխալներով, բայց գրում էինք: Երբ մտնում էինք 17.am, տեսնում էինք, որ տառասխալներն ուղղված են, զարմանում էինք, չնայած, երկուսս էլ հասկանում էինք, որ աշխատակիցների ձեռքի գործն է: Բայց հետո ուշադիր նայում էինք սխալների ուղղումն էլ: Այս մի երկու ամսվա մեջ մենք քերականություն էլ սովորեցինք:

Լավ եմ հիշում այն օրը, երբ զանգեցին, ասացին, որ ես պետք է մասնակցեմ ճամբարին: Ես շատ էի զարմացել և ուրախացել: Զարմանալին այն էր, որ երկուսս էլ վատ էինք սովորում, բայց մեր ուժերին հավատացել էին: Մենք հասկացանք, որ կարևորը նպատակն ու նպատակին հասնելու համար աշխատանն է: Դա ևս մի բան էր, որ ինձ սովորեցրեցին «Մանանա» կենտրոնում:

Ճամբարից հետո ես հասկացա, որ միակ կարևոր բանը աշխատանքը չէ, և մարդ պետք է նաև լավ սովորի, որ հստակ իմանա իր անելիքն ու ամենակարևորը` ճիշտ անի իր ամեն մի քայլը: Եվ ես իմ առջև դրեցի մի հստակ որոշում, որ ես պետք է լավ սովորեմ: Խորհուրդ եմ տալիս բոլոր այն երեխաներին, ովքեր չեն սովորում, սովորեն: Երբեք էլ ուշ չէ սովորելու և կյանքում լավ մարդ դառնալու համար: