mariam hayrapetyan

Մեծագույն հաճույքը. ստեղծագործել

2015թ.-ի  սեպտեմբերն էր: Մեր դպրոցի տնօրենը մտավ դասարան.

-Ժամը  1-ին կգնաք դահլիճ, մարդիկ են գալու Երևանից, կինո նկարողներ են, ձեր հետ խոսելու բան ունեն:
Այսպես ներկայացնելը իհարկե շատ  քիչ էր: Կպատմեմ հիմա բոլորը:
Մենք գնացինք դահլիճ: Առաջին հայացքից թվում էր, թե անհետաքրքիր մի բան է լինելու. Լուրջ դեմքով մարդիկ, երիտասարդներ, որոնք թվում էր, թե պարզապես տեխնիկան են այս կողմ- այն կողմ տանում: Բայց երբ հանդիպումը սկսեց, հասկացա, որ առաջին տպավորությունը թյուր էր: Նրանք մեզ ցույց տվեցին երեխաների նկարած ֆիլմերը, ֆոտոները, գրած հոդվածները: Ես երբևէ չէի պատկերացնի, որ նման հանարավորությունը կարող է մայրաքաղաքից գալ մեր գյուղ` Ամասիա, ու ցանկանա մեզ էլ ընդգրկել: Մենք հայտագրվեցինք, որպեսզի մասնակցենք դասընթացին: Անցավ ժամանակ, մեկ էլ էլ. փոստով նամակ եմ ստանում, որտեղ օր ու ժամ է նշված, որ գնանք Գյումրի, մասնակցենք քառօրյա դասընթացին: Մենք գնացինք,  ապագա թղթակիցներով հավաքվեցինք Գյումրիում ողջ Շիրակի մարզից: Սկսվեց մի հետաքրքիր քառօրյա կյանք, որը իմ, եղբորս և մյուս մարզեցիներիս կյանքում մեծ փոփոխություն էր: Յուրաքանչյուր դասընթաց գիտելիքի մեծ հոսք էր: Կինոյի մասնագետները մեզ սովորեցրեցին, թե ինչ է կինոն, ինչ է նշանակում լինել ռեժիսոր, սցենարիստ, քննարկեցինք ֆիլմերի գաղափարներ, որոնք պետք է հետագայում նկարահանեինք:
Ֆոտոյի մասնագետները սկզբում հաղորդեցին տեսական գիտելիքներ լուսանկարչությունից, մեկնաբանում էին լուսանկարները,այնուհետև գալիս էին մեզ հետ ֆոտոարշավների թե Գյումրի, թե մարզի տարբեր գյուղեր, որտեղ ոչ միայն լուսանկարներ էինք անում, այլև լրագրության մասնագետների սովորեցրածի նման անում էինք մեր առաջին հարցազրույցները, ակնարկներ գրում գյուղացիների մասին: Հիշում եմ, մի անգամ գրել էի բնության մասին, ասելով.
-Մարդը ամեն կերպ աղտոտում  է բնությունը, նույնիսկ իր ներկայությամբ:
Ինձ հարցրեցին.
-Իսկ ո՞ւմ համար է ստեղծվել այս ամենը, եթե ոչ մարդու համար: Միգուցե մարդը հենց սա պետք է հասկանա՞:
Գուցե կռահել էին իմ Աստվածավախ լինելը, գուցե ոչ, բայց այդ հարցը փոխեց իմ մոտեցումը: Մարդը պատասխանատու է բնության համար, և առանց մարդու բնությունը կորցնում է իր իմաստը:

Դրանից հետո առաջին նյութս եղավ մանկության մասին, հետո դեռահասության, ու այդպես շարունակ, ես սկսեցի գրել: Ակտիվ հետևում էի 17.am-ին, տեսնում էի մյուս թղթակիցների ձեռքբերումները, նյութերը, երանելի ճամբարները: Ու մի օր էլ ճամբարից զանգահարում են, թե 600 թղթակիցներից դու ընդգրկվել ես ճամբարականների շարքերը: Ես պարզապես երջանկացա:

Յուրաքանչյուր թղթակցի համար մեծ պատիվ է հայտնվել «Մանանայի» ճամբարում: Վիքիի երեխեքը կասեն` «Վիքին սեր է», ես էլ կասեմ` «Իսկական սերը «Մանանան» է»: «Մանանան» մե~ծ, շատ մեծ  ընտանիք  է: Սեր, հարգանք, ջերմություն: Մի խոսքով, մինչև չտեսնեք, խոսքերս չեք հասկանա: Եվ պատկերացրեք, ես այդ ամենահավես ընտանիքում եմ:
Իսկ ճամբարը… Պատկերացրեք «Մանանայի» շրջանավարտները, որոնք արդեն ֆանտաստիկ հաջողությունների են հասել, մեզ հետ խոսակցության ժամանակ բացահայտեցին, որ ամենամուր հիմքը  «Մանանան» է եղել իրենց կյանքում:
Մենք ճամբարի շնորհիվ մեր իսկ ստեղծած շրջանակներից դուրս եկանք բաց մտքի տիեզերք:
Իսկ ի՞նչ տվեց ինձ: Իմ ստացած գիտելիքների շնորհիվ ես կարճ ժամանակում դարձա հայտնի իմ ֆոտոներով ու ստեղծագործություններով: Սկսեցի տպագրվել: Սկսեցի անսահմանափակ մտածել: Շնորհակալություն, իմ «Մանանա» մեծ ընտանիք: