Կարևոր փոփոխություն

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Կիրակի օրվա ցույցերից արդեն նկատելի էր, որ հաղթանակը մոտ է։ Երկուշաբթի գնացինք դպրոց և երկրորդ դասաժամից հետո չնայած արգելքներին, կազմակերպեցինք դասադուլ։ Աշակերտների մի մասը դասամիջոցին կարողացավ դուրս գալ դպրոցից, իսկ մյուսները մնացին մասնաշենքում։ Ովքեր հասցրել էին դուրս գալ, մեծահասակների հետ հավաքվել էին գյուղի ծայրամասում և պատրաստվում էին ուղևորվել Հրազդան` ցույցի։ Տնօրենը և գյուղապետը նախօրոք երեխաների անվտանգության պատասխանատվությունը դրել էին մեծահասակ ցուցարարների ուսերին։ Երրորդ դասաժամից հետո տուն ուղարկվեցին նաև դպրոցի մյուս աշակերտները և ուսուցիչների հետ միասին գնացին ցույցին մասնակցելու։ Ցույցն իր հունով ընթանում էր, երբ հեռուստացույցն ու ռադիոները հայտնեցին վարչապետի հրաժարականի մասին։ Ցնծում էր ողջ Հայաստանը, ուրախության ճիչերը հասնում էին տիեզերք։ Բոլորը շնորհավորում էին միմյանց ու տոնում հաղթանակը։ Արդեն չորեքշաբթի, երբ գնացինք դասի, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները ոգևորված շնորհավորում էին միմյանց։ Ուսուցիչների հուզմունքը ավելի մեծ էր, քան մերը։ Նրանցից յուրաքանչյուրը պատմում էր, թե ինչպես էին ուզում պայքարել մեզ հետ, երբ ելնելով մի շարք դրդապատճառներից չէր կարողանում լինել մեր կողքին։ Բոլորը հայտնում էին իրենց երախտիքը երիտասարդներին և խոստովանում, որ եթե չլինեինք մենք, նրանք մենակ երբեք չէին հասնի նպատակին։ Պատմում էին, թե ինչպես են մասնակցել Երևանի ցույցերին ու քաջալերել երիտասարդներին։ Եվ այս ամենի հետ պահանջում էին, որ ամեն գնով մենք պաշտպանենք մեր շահերը, կերտենք այն պետությունը, որի մասին երազել են իրենք, և որին ձգտում ենք մենք։ Ուսուցիչները քաջալերում էին մեզ և ասում, որ ինչ էլ լինի, միևնույն է, մեր կողքին են և խորհուրդ էին տալիս որևէ քայլ անելուց առաջ գոնե մեկ րոպե վերլուծել ստեղծված իրավիճակը և նոր քայլեր ձեռնարկել։ Նրանք պարզապես վստահ էին, որ եթե մենք որևէ քայլ ձեռնարկենք, ապա ոչ ոք չի դատապարտի մեր արարքը, քանի որ միասին մենք ուժեղ ենք, և մեր զորությունը նրանք տեսել են ու չեն պատրաստվում մեզ հետ պահել։ Ոգևորված էին նաև աշակերտները, արտահայտում էին իրենց կարծիքը, առաջարկում իրենց տեսակետները ու պատմում իրենց հետագա քայլերի մասին։ Արդեն որոշված է, որ վաղը առանց դպրոց գնալու միանգամից դասադուլ ենք կազմակերպելու և քայլերթով գնալու ենք դեպի Հրազդան։ Ակնկալիքները մեծ են, և քանի որ մեր ծնողներն ու ուսուցիչները մեզ հետ են, մեր քայլերն ավելի հստակ են, նպատակները ավելի մեծ, լուծումները ավելի մոտ։