Ինձ բացակա չդնեք

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երբևէ ունեցե՞լ եք զգացողություն, որ ամենաանսպասելի ու զգալի փոփոխությունները տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ դուք բացակայում եք դպրոցից: Հենց այդ զգացողությունը, տասնապատիկ ուժգնությամբ ապրեցինք մենք՝ արտերկրում գտնվող հայերս: Առաջին անգամ լսելով հանրահավաքների մասին, մտածեցի մի հերթական կարճատև ըմբոստություն է, որին շուտով վերջ կդրվի: Ծավալվող իրադարձությունները հակառակն էին ապացուցում: Անհանգիստ, լարված հետևում էի բոլոր հանրահավաքներին, ծիծաղում, լացում, ուրախության ճիչով կիսում հաղթանակի  հուզմունքը, մեղադրում ինքս ինձ՝ ձեր կողքին չլինելու համար: Ու մինչև հիմա էլ մեղադրում եմ: Մեղադրում եմ փողոցներում իմ բաժին տարածքը չփակելու համար: Մեղադրում եմ բոլորի հետ միասին իմ բաժին «քայլ արա»-ն չբղավելու, գիշերները իմ բաժին շերեփի ձայնը չապահովելու, հրապարակում իմ բաժին տեղում չկանգնելու համար (թեկուզ եթե ասեղ գցելու տեղ չկար): Մեղադրում եմ նրա համար, որ ապրելու եմ ձեր ձեռքերով կերտված ազատ երկրում, որի ազատության համար սակայն սեփական լումաս չեմ ներդրել: Մեղադրում եմ բացակա լինելու համար, ու անչափ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչի հասել ու դեռ հասնելու եք: Կգամ, թեկուզ մի քիչ ուշացած, բայց անպայման կգամ: Ինձ բացակա չդնեք: