laura sekoyan

Կենացները քաղցրանում են

Բոլորս էլ վերջին շրջանում շատ ենք լսել անկեղծ խոստովանություններ վերջին օրերի կատարվածի մասին։ Այս հետհեղափոխական շրջանում հաճելի է գովեստի խոսքեր լսել երիտասարդների հասցեին։ Կարծում եմ կարիք չկա նորից պատմել այն մասին, թե ինչպես էին գյուղացիները ակտիվ մասնակցում հանրահավաքներին։ Այժմ բոլորի ոգևորությունը ավելի մեծ է, բոլորն իրենց բավարարված են զգում ու սպասում են նոր զարգացումների։

Տեղի ունեցած այս իրադարձություններին մեծահասակները տալիս են տարբեր բացատրություններ ու պարզաբանումներ։ Ինձ համար ամենատպավորիչ պատասխանն ու պարզաբանումը այն էր, որ մեծահասակները մեզ համարում էին ազատության սերունդ ու արգելքներ չհանդուրժող անհատներ։

Վարչապետի ընտրության օրը` երեկոյան, հավաքվել էինք փոքրիկ սեղանի շուրջ և տոնում էինք հաղթանակը։ Կենացներից մեկի ժամանակ տղամարդիկ ծավալվեցին ու մեր սերունդը համեմատեցին իրենց սերնդի հետ։ Ըստ նրանց, եթե իրենք բարձրացնեին իրենց ձայնը ու թելադրեին իրենց ուզածը, միևնույն է, արդյունքի չէին հասնի։ Երբ հարցրեցի, թե ինչու են այդ կարծիքին, պատասխանը ինձ համար մի փոքր անսովոր էր։ Նրանք ասում էին, որ իրենք վախի մեջ են ապրել, պատերազմ ու արյունահեղություն են տեսել, իրենց ծնողները վախով են պահել ու դաստիարակել իրենց։ Եվ անգամ, եթե որևէ մասշտաբային շարժում բարձրացնեին, միևնույն է, հետ էին կանգնելու իրենց ուղուց, որովհետև դա վտանգավոր է, ինչ-որ տեղ սարսափելի է ու վախով լի։

Իհարկե, ներկաներից բոլորը, ովքեր նախորդ սերնդի ներկայացուցիչներ էին, համակարծիք էին։ Պատասխանի մեջ ինձ չբավարարեց պատերազմ տեսած սերնդի տեսակետը, քանի որ մենք տեսել ենք կարճաժամկետ, բայց ահարկու ու աղմկալից Ապրիլյան։ Ինչևէ, տանեցիները մեզ համարեցին ազատության սերունդ և չէին պատկերացնում անգամ, թե սրանից հետո ինչ է լինելու այն իշխանության հետ, որը կփորձի խլել մեր ազատությունը։

Կենացները շարունակվում էին։ Մենք, որպես ազգի զավակներ մեր հասցեին հնչած կենացներ շատ էինք լսել, բայց կենացաճառի մեջ այդքան շնորհակալական խոսքեր առաջին անգամ էր, որ լսում էինք։ Սեղանակիցները այն մտքին էին, որ եթե երիտասարդները չլինեին, այս շարժումը հաջողությամբ չէր պսակվի։ Նրանք բերում էին օրինակներ պատմությունից և փաստում, որ ժամանակին տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները սկսել են երիտասարդները, և այս մեկը ևս բացառություն չէր։ Մեծերը ասում են, որ երիտասարդությունը հասարակության միջուկն է, և առանց նրանց հասարակությունը առողջ ու կատարյալ չի լինի։ Եվ իրոք, նրանք չեն սխալվում։ Գովեստի ու շնորհակալական խոսքերի ազդեցությունը բնականաբար մեծ էր մեզ վրա։ Ոգևորությունը անկառավարելի էր, իսկ սպասելիքները՝ մեծ։ Մեծ են նաև մեր հարազատների, բարեկամների, ուսուցիչների ու համագյուղացիների սպասելիքները, և հուսանք, որ նրանց այդքան խոստովանությունները իզուր չեն, ու մեզ համար արդյունքները իրոք շոշափելի կլինեն: