janna sargsyan lori

Արձագանքում եմ «Գյուղագրություն» հոդվածին

Ճիշտն ասած, նյութը կարդալուց հետո շատ զարմացած, մի քիչ էլ մտահոգված եմ: Անի ջան, իհարկե դու պատմել ես սովորական գյուղի ինչ-որ պատմություն, բայց առանց հետևանքների մասին մտածելու:

Նախ, եթե նյութդ կոնկրետ գյուղի է վերաբերվում, կխնդրեի նշեիր, որովհետև բոլոր գյուղերում չէ ներկայացրածդ վիճակը: 17.am-ի հիմնական ընթերցողները և թղթակիցները գյուղի երեխաներ են,  երեխաներ, որոնք շատ մեծ դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը: Մենք փորձում ենք մեր գրած հոդվածներով երեխաներին ու երիտասարդներին ոգևորել, որ ապրեն ու արարեն իրենց գյուղում ու ինչ դժվարության էլ հանդիպեն, չհիասթափվեն ու միշտ ձգտում ունենան հասնելու իրենց նպատակին:

Եվ հետո, գյուղում ապրող և ինչ-որ բաներից հետ մնացողը ընդհանրապես մեղավոր չէ նույն սրճարանից ու ռեստորանից օգտվելու համար: Ինչպես ասում ես, ամեն քայլափոխիդ սուպերմարկետների փոխարեն բանջարանոցներ են: Իսկ երբ դու քաղաքում նույն սուպերմարկետից բանջարեղեն ես գնում, երբևէ մտածո՞ւմ ես դա ինչ ճանապարհով է հասել քաղաք:

Եվ վերջում, գյուղում ապրելը անհետաքրքիր է նրանց համար, ովքեր գրեթե չեն եղել գյուղում: Եթե ապրողներից հարցնենք, նրանք մեծ հաճույքով ապրում ու արարում են և ամեն օր փորձում ինչ-որ կերպ հետաքրքիր դարձնել իրենց առօրյան: