Anush Jilavyan

Կեսերս

Մենք անընդհատ շտապում ենք ու անընդհատ փորձում գտնել ինչ-որ բան, ինչ-որ մեկին: Մենք խելագար քաոսի մեջ ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, դրա համար էլ խաղաղություն բառն այդքան գեղեցիկ է հնչում մեր սրտում: Մենք գտնում ենք, կորցնում, նորից փնտրում՝ գտնում, նորից կորցնում և այսպես մի ամբողջ կյանք: Մի ամբողջ կյանք մի ամբողջ հավերժության մեջ:

Ո՞ւմ ենք մենք այդքան ինքնամոռաց փնտրում. գուցե փնտրում ենք մեր կեսերին, որ կարողանանք մեզ կատարյա՞լ զգալ…

Մեր կորած կեսի առասպելը շատ գեղեցիկ է։ Հին հույները հավատում էին, որ աստվածները մարդկանց թուլացնելու համար նրանց կիսեցին, և նրանց կեսերը սփռեցին աշխարհով մեկ, այդպիսով մարդիկ քանակապես ավելացան, միաժամանակ, այլևս կատարյալ չէին: Նրանք սկսեցին ամբողջ կյանքում փնտրել իրենց կեսին և երբ գտնում էին, երջանկանում էին ու դառնում կատարյալ:

Գեղեցիկ է, չէ՞։ Առասպելը առասպել, բայց մի միտք չի լքում ուղեղս. փաստորեն մենք առանձին այնքան անկատար ենք, որ մեզ պետք են մեր կեսերը:
Դուք մտածե՞լ եք ձեր կեսերի մասին։ Նրանք ընկերներ չեն, նրանք հարազատ չեն, նրանք մեր տիեզերքի մասն են, մեր ներքին խաղաղությունը: Այն մարդիկ են, ում հետ չենք վախենում երազել: Նրանք մեզ ոչ թե ճանաչում են, այլ զգում, ապրում, նրանց հետ կարիք չկա երկար-բարակ մեկնաբանությունների, նրանց զգալու համար խոսքեր պետք չեն:

Իմ կեսերին ինձ նվիրել է մանկությունս ու ծիծաղելի է թվում բառերով պատմել մեր մասին։ Զգացողություն է, որ քո մասին պատմես ուրիշի աչքերով:

Ես երջանիկ եմ. քչերին է հաջողվում պահպանել ընկերությունը մարդկանց հետ, ում մասին գրում էին դպրոցական շարադրություն «Իմ լավագույն ընկերը» վերնագրով:

Այնքան դժվար է գրել, ցանկացած միտք քիչ է, կիսատ, չեմ կարողանում զգացածս արտահայտել: Ես չեմ գրում մարդկանց մասին, ում հետ կան հաճելի հուշեր կամ ընդհանուր կատակներ, ում հետ դու քեզ լավ ես զգում կամ անկեղծ ես։ Ես գրում եմ մարդկանց մասին, ովքեր իմ արտացոլումն են։ Ես իմ մասին եմ փորձում գրել:

Նկարագրելու, պատմելու անհույս փորձից հետո մնում է հավատալ, որ մարդիկ, ովքեր ունեն իրենց կեսերը, գրածս կզգան, ոչ թե կհասկանան:

Ուզում եմ շնորհակալություն ասել նրանց, ովքեր իրենց գոյությամբ ինձ կատարյալ են դարձնում: