astghik qeshishyan

Կիսաշրջազգեստով պելեները

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլն աշխարհի ամենատարածված սպորտաձևն է: Աշխարհի բնակչության մոտ կեսը՝ 3.5 միլիարդ մարդ, հետաքրքրված է ֆուտբոլով:

Տարիներ շարունակ ֆուտբոլը համարվել է տղամարդկանց սպորտաձև: Ու թեև քիչ չեն ֆուտբոլասեր կանայք, տղամարդկանց զգալի մասը անլուրջ է վերաբերվում նրանց. «Աղջիկները ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում, հետաքրքրված են միայն ֆուտբոլիստների արտաքինով», կամ անհեթեթության հասնող այս մյուսը. «Նրանք ձևացնում են, թե սիրում են ֆուտբոլը, որ դուր գան տղաներին»: Մոտավորապես նույն կերպ են վերաբերվում և կին ֆուտբոլիստներին: Չնայած նրան, որ օրինակ՝ բրազիլուհի Մարթան կենդանի լեգենդ է, կամ ամերիկուհի Ալեքս Մորգանը տարեկան գրեթե կես միլիոն դոլար է վաստակում, միևնույնն է, «գուգլ»-ում կին ֆուտբոլիստների փնտրելիս նախևառաջ կտեսնենք «ամենագեղեցիկ և սեքսուալ ֆուտբոլիստուհիները» վերնագրով նյութեր:

Մինչդեռ կանայք ֆուտբոլով սկսել են հետաքրքրվել տղամարդկանց հետ միաժամանակ՝ 19-րդ դարի երկրորդ կեսից: Պահպանված է 1869-ին արված մի նկար, որում կիսաշրջազգեստով ու երկարաճիտ կոշիկներով աղջիկները ֆուտբոլ են խաղում: Սրանից 25 տարի անց Անգլիայում ստեղծվեց կանանց ֆուտբոլային առաջին ակումբը՝ «British Ladies»-ը: Ակումբի հիմնադիր, կանանց իրավունքների պաշտպան Նելի Հադսոնն ասել էր, որ ստեղծել է ակումբը՝ ապացուցելու աշխարհին, որ կանայք այնպիսի անպետք ու դեկորատիվ էակներ չեն, ինչպիսին նրանց փորձում են ներկայացնել տղամարդիկ:

1920թ.-ին Անգլիայում արդեն կին ֆուտբոլիստներից կազմված 150 թիմ կար: Նույն թվականին՝ «Նվերների օրը» (Սուրբ Ծննդին հաջորդող օրն է, երբ շատ անգլախոս երկրներում ընտանիքները փաթեթավորում են տոնական ընթրիքի մնացորդներն ու այլ նվերներ և նվիրում աղքատներին), 53 հազար հանդիսական էր հավաքվել «Էվերթոն»-ի «Գուդիսոն Փարք» ստադիոնում և հազարավորներն էլ՝ մարզադաշտի դարպասների մոտ՝ դիտելու կանանց ֆուտբոլը: «Էվերթոն»-ի տղամարդկանց թիմի խաղերը 2014-15 մրցաշրջանում դիտել են 39 հազար մարդ:

Հենց 1920-ին էլ «Dick Kerr Ladies» թիմը պատմության մեջ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ինչպես տղամարդիկ՝ կարճ շորտերով: Նախկինում հագնում էին ծնկից ներքև հասնող տաբատներ. ոչ մի բաց մաս մարմնի վրա:

Այնուհանդերձ, 1921-ի դեկտեմբերի 5-ին ֆուտբոլի ասոցիացիան արգելում է կանանց ֆուտբոլ խաղալ՝ համարելով այն անպատշաճ: Թեև այս քայլն էապես դանդաղեցրեց կանանց ֆուտբոլի զարգացումը, նրանք չհանձնվեցին: 1966-ին Անգլիայում տեղի ունեցավ առաջին ոչ պաշտոնական «World Cup»-ը. կանանց ֆուտբոլն սկսեց վերակենդանանալ:

1972թ.-ից ֆուտբոլն ամերիկուհիների շրջանում ամենատարածված խաղերից է, իսկ ԱՄՆ-ի կանանց հավաքականը՝ լավագույններից մեկն աշխարհում, մինչդեռ տղամարդկանց ֆուտբոլն այս երկրում անհամեմատ պակաս է զարգացած: Միայն 1991-ին Չինաստանում անցկացվեց կանանց ֆուտբոլի առաջին պաշտոնական աշխարհի առաջնությունը, որում հաղթեցին ամերիկուհիները: ԱՄՆ-ի թիմն ամենահաջողակն է՝ հաղթել է անցկացված 7 առաջնություններից 3-ում: Այլ է պատկերը Հայաստանում: Մեզ մոտ չի  անցկացվում կանանց թիմային առաջնություն, մինչդեռ տղամարդկանց բարձրագույն խմբում վեց թիմ կա:

Ինչևէ, այսօր ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն մեծ գումարներ են ծախսում կանանց ֆուտբոլը զարգացնելու համար: ՖԻՖԱ-ի հաշվարկով այժմ ֆուտբոլ է խաղում ավելի քան 30 միլիոն կին, իսկ երիտասարդ ֆուտբոլիստների 14%-ը աղջիկներն են: Ո՞վ գիտե, գուցե կանանց ֆուտբոլն էլ ժամանակի ընթացքում նույնքան պոպուլյար ու մասսայական դառնա, որքան տղամարդկանցը: