Կիսատ կյանք

Ասում են` ապրում ենք ձեր կյանքի գնով։ Ապրում ենք ձեր չապրած կյանքը։ Բայց ապրու՞մ ենք արդյոք։ Այդ ինչպե՞ս ենք ապրում։ Կասե՞ք։ Մենք չենք ապրում։ Մենք օրեր ենք մթնեցնում ու լուսացնում, բայց չենք ապրում։ Արթնանում ենք, զբաղվում առօրյա գործերով, բայց չենք ապրում։ Ուղղակի չենք կարող ապրել։

Ամեն օր, լսելով հեռուստացույցի ձայնը, անմիջապես ամուր փակում եմ ականջներս կրկին նոր զոհված հերոսի անուն չլսելու համար, նորից մարած ճրագի մասին չիմանալու համար։ Ամեն գիշեր սեղմում եմ աչքերս և խնդրում, որ առավոտյան լավ լուր ստանանք՝ «Պատերազմն ավարտվեց։ Արցախն անկախացավ»։ Մի պահ մտածեք քանի մարդ կա աշխարհում, ովքեր ապրում են այս բառերը լսելու անհագ ցանկությամբ։

Ամեն վայրկյան հեռախոսը ձեռքումս, զանգի եմ սպասում։ Սպասում եմ, որ հեռախոսի այն կողմից միայն մեկ բառ լսեմ` լավ ենք։ Որքան մարդիկ կան, չէ՞, այս բառին սպասող։

Ամեն վայրկյան վախը սրտումս լուրի եմ սպասում և հույս ունենում, որ լուրը բարի կլինի։

Հիմա խնդրում եմ պատասխանեք.

Ինչպե՞ս ենք ապրում։ Կամ ապրո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ախր, այսքան չապրած, վաղ ավարտված, այսքան կիսատ նպատակներով կյանքերի արանքում չենք կարող ապրել։ Պատճառն ակնհայտ է։ Մարդն իր էությամբ այնպիսին է, որ չի կարող իդեալական ճիշտ ապրել։ Իսկ եթե ասում ենք, որ պետք է ապրենք կիսատ կյանքերի փոխարեն, պետք է նաև գիտակցենք, որ անսխալական ենք ապրելու, հերոսներին արժանի ենք ապրելու։ Այդ դեպքում միայն կապրենք մեր լույս ՀԵՐՈՍՆԵՐԻ կիսատ մնացած կյանքը։

Վերջում մի փոքր խոսք էլ ուղղեմ մեր սահմանին կանգնած քաջ ու անվախ հերոսներին։ Մի պակասեք, տղերք, տանը սպասող ունեք։ Վերադարձեք, տղերք, անպայման վերադարձեք։ Մեզ անմահացած հերոսներ պետք չեն, տղերք, մեզ դուք եք պետք, ձեր կյանքն է պետք, ձեզ ողջ ու առողջ տեսնել է պետք։ Մի պակասեք, տղերք, մի հեռացեք։ Ախր, շատ գործեր ունեք դեռ անելու։ Ինչպե՞ս ենք ապրելու ձեր կյանքի գնով։ Ինչպե՞ս ենք քնելու, երբ գիտենք, որ մեր հանգիստ քնի համար դուք հավերժ քնած եք մնալու։ Մի պակասեք, տղերք, մի պակասեք։ Ես հավատում եմ, որ հետ եք գալու հաղթանակած։ Միասին մեր պապական հողի վրա քոչարի պիտի պարենք։ Ես սպասում եմ ձեզ։

ՄԵՆՔ սպասում ենք ձեզ տղերք։

#հաղթելու_ենք