Հայրենիքը մերն է

Արդեն մեկ ամիսն անցավ: Պատերազմը շարունակվում է, պատերազմ հանուն ազատության և հանուն հայրենիքի։ Մեր լսած հեքիաթների չարն ու բարին են կռվում դեմ առ դեմ, որտեղ միշտ չարը պարտվել է, և այսօր էլ պարտվում է։

Պատմությունը շա՜տ է ստիպել մեզ՝ պայքարելու և պահելու մեր իսկ հողում ապրելու արդարացի իրավունքը, հողում, որի հիմնական «պարարտանյութը» դարերով ու հազարամյակներով եղել է հայի արյունը։ Թեև որտե՞ղ չի թափվել այն… Անգամ Դեր Զորն ենք «սնել» այդ արյունով: Զարմանալի է, որ այդպես էլ չծաղկեց այդ անապատն այս հարյուր տարվա ընթացքում։ Դարերով ու հազարամյակներով ստիպված ենք եղել կռիվ տալ, պայքարել, մեռնել, որպեսզի ապրենք… Այդպես էր Հայկի ու Բելի ժամանակներում, այդպես էր 451թ.-ին, այդպես էր 1992-ին, այդպես էր 2016 թվականի ապրիլին, այդպես է նաև այսօր…

Թվում է, թե անցել են զենքի ու պատերազմի ժամանակները, թե հարցերն արդեն կարելի է լուծել մեկ սեղանի շուրջ, բայց դա այդպես չէ ամենևին։ Հայը 21-րդ դարում էլ շարունակում է պայքարել, կռիվ տալ, մեռնել, որ ապրի… Հարձակվել են, բզկտել, ամեն մեկը փորձել է փախցնել իր կտորը, բայց հայ տեսակին վերացնել չեն կարողացել ու չեն էլ կարողանա։

Մերօրյա հերոսը հայ զինվորն է։ Այն զինվորը, որը միայնակ մնալով խրամատում և չլքելով իր անմահացած ընկերներին, նռնակով պայթեցնում է իրեն և իր հետ տանում թշնամուն։

Անմահացան հանուն մեզ, հանուն հայրենիքի ազատության…

Հերոս են տասնութամյա պատանիները, ովքեր դեռ մեկ տարի առաջ դպրոցական նստարանին նստած սերտում էին հայրենասիրության մասին, Ավարայրի ճակատամարտի ու Վարդան Մամիկոնյանի սխրանքի մասին, իսկ այսօր իրենք են սահմանին կանգնած ապացուցելու իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունը, իրենց խիզախությունն ու քաջությունը։

Հերոս է յուրաքանչյուր զինվոր, թե՛ կամավոր, թե՛ ֆիդայի։ Յուրաքանչյուր տագնապի դեպքում անվարան վերցնում են զենքն ու առանց վախի համարձակ կանգնում սահմանին։

Մեր շուրջն այնքա՜ն հերոսներ կան… Հերոս են դեռ չծնված։ Ծնվում ու մեծանում են հայրենիքին նվիրաբերվելու համար։ Մինչև վերջին շունչը կռվելով պատմություն կերտում։ Դարերից եկած մեր վրեժխնդրությունը նրանց մեջ էր, նրանք կյանքի գնով լուծեցին այն…

Պատերազմ չենք ուզում, չենք նախաձեռնում, չենք հրահրում, բայց գիտե՛նք դիմակայել, գիտե՛նք մեկ բռունցք դառնալ, գիտե՛նք ձեռք ձեռքի տալ, գիտե՛նք արյան գնով կռիվ տալ, մեզ չե՛ն ստիպում, մեզ չե՛ն համոզում, մեզ չե՛ն խնդրում… Ո՛չ, մենք ինքնակամ ենք գնում՝ առանց նայելու տարիքին ու օրվա հոգսին, գնում ենք, որովհետև հողը մերն է, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐՆ Է…