«Կլսեք իմ անունն ավելի բարձր…»

Գևորգ Ջավախյանի՝ ծառայության մեկնելուց մեկ օր առաջ հրապարակած գրառումը սոցցանցում, նրա զոհվելուց հետո ապշեցրել էր բոլորին․ «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր»։ Այդպես էլ հնչում է նրա անունն այսօր՝ բարձր ու հստակ՝ հայրենիքի համար հերոսաբար անմահանալուց հետո։

«Իսկական տանկիստ էր Գևորգը», – բնութագրում են նրան հրամանատարները։ Թեև միշտ ցանկանում էր կապավոր դառնալ, բայց ծառայությունը սկսել էր Արմավիրի ուսումնական զորամասում՝ որպես տանկիստ, ու շարունակել Խոջալուի տանկային զորամասում։ Ինչպես փոքր տարիքում դպրոցում, այնպես էլ զորամասում, բոլորի ուրախությունն էր իր լուսավոր կերպարով։

«Գևորգն ուշ խոսելու պատճառով իր ամբողջ զգայական ներաշխարհը հանձնում էր թղթին ու սև-սպիտակ պատկերներ նկարում։ Արվեստին շատ մոտ էր ու նկարելուց բացի երաժշտությամբ էր զբաղվում, Հայաստանում beatbox-ի ֆեդերացիայի առաջին անդամներից էր։ Հենց beatbox-ի շնորհիվ էլ հետագայում կանչում են նկարահանվելու երիտասարդական սերիալներից մեկում, որից սկսում է իր դերասանական կարիերան», – պատմում է քույրը՝  Սեդան։

Կապուտաչյա ու խարտյաշ Գևորգն արդեն 19 տարեկանում դարձել էր հանդիսատեսի սիրելին․ փողոցում հանգիստ չէին կարողանում քայլել Գևորգի հետ․ բոլորը ճանաչում էին, մոտենում, խոսում ու լուսանկարվում։

Ծառայության ընթացքում՝ մինչ 44-օրյա պատերազմը, 2020թ․ Տավուշյան դեպքերի ժամանակ առաջնագծում էր եղել, և հետո միայն տանեցիներին ասել այդ մասին։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում էլ ընտանիքին չէր հայտնում, թե Արցախի որ հատված են տեղափոխել իրեն։ Հոկտեմբերի 23-ին Գևորգին տեղափոխում են Կարմիր Շուկա։ Դրանից հետո զանգել է քրոջ ամուսնուն ու ասել․ «Եթե ինձ հետ մի բան պատահի, քրոջս ու տանեցիներիս լավ կնայես»։

Սեդան պատմում է՝ մի անգամ եղբոր հետ խոսելիս ասել է՝ ամեն օր աղոթում է նրա համար, սակայն Գևորգն ուղղել է, թե միայն իր չէ, այլ բոլոր զինվորների համար պիտի աղոթել։

Գևորգը պատերազմի ընթացքում ոչնչացնում է թշնամու մեկ տանկ ու խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա։ Սակայն հոկտեմբերի 24-ին թշնամու անօդաչուն գտնում է Գևորգի տանկն ու խոցում՝ ծանր վնասվածքներ հասցնելով նրան։ Մի քանի օր Գևորգն անգիտակից վիճակում մնում է հիվանդանոցում։ Հոկտեմբերի 28-ին Գևորգ Ջավախյանն անմահանում է ու, ինչպես որ ցանկանում էր, հնչեցնում իր անունը բարձր ու լսելի բոլորին։

Գևորգ Գրիգորի Ջավախյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։