mariam yavrumyan

Կճեպիկս

Տուն մտա: Լավ եմ հիշում. առաջինը հանեցի կոշիկներս: Հիմնականում ես դրանք քնելուց եմ հանում, սա բացառություն էր: Զգում եմ՝ գրպանս ծանր է: Հետաքրքրությունից պարունակությունը արագ դատարկեցի սեղանին. բանալի, մի քանի կոպեկ ու ամենազարմանալին` արևածաղկի սերմի կճեպ: Ամենահետաքրքիրը էն էր, որ հենց մի հատն էր, էլ չկար:

Մտածմունքների մեջ ընկա էլի… Ախր, ես վերջին անգամ արևածաղկի սերմ մի քանի շաբաթ առաջ եմ կերել, բայց մաման երեկ շալվարս լվացել էր: Գուցե ավտոբուսում թաքո՞ւն են գցել գրպանս: Չէ, հիմարություն: Ո՞վ է պարապ, որ գրպանս հատուկ կճեպ գցի:

Մի րոպե, բայց եթե կճեպիկս ամբողջ ընթացքում գրպանումս է եղել, ուրեմն ինձ հետ ճանապարհորդել է, չէ՞: Արթնացել է… Չէ, խաբեցի, չի արթնացել, արթնանալիս դեռ հագիս չէր շալվարս: Ուրեմն, դուրս է եկել տնից, նստել ավտոբուս, հասել «Մանանա» կենտրոն, գնացել լուսանկարչության, դա էլ քիչ էր, հետս եկել է սիմֆոնիկ նվագախմբի համերգի:

Է, հիմա ի՞նչ: Ես ճանապարհածախս անեմ, կիլոմետրերով քայլեմ, ինքը նստի ու վայելի՞: Ինչ խոսք, սկսեցի նախանձել… Իսկ եթե իրենք էլ մեզ են նախանձո՞ւմ: Գուցե իրենք ավելի ուրախ կլինեին, եթե 300-400 դրամ տային ավտոբուսներին, քայլեին, նկարվեին: Չէ՞ որ մենք նկարվելուց երբեք չենք ասում՝ ինձ ու կճեպիկիս էս սիրուն ֆոնին նկարեք:

Հա, հաստատ երազում են ու նախանձում: Էլ ո՞վ չէր ուզի, որ իրեն չճխլեին հեռախոսը, կոպեկներն ու անիմաստ թղթերը:

Մի միտք էլ ծագեց գլխումս… Կարո՞ղ է մենք էլ ենք ինչ-որ մեկի գրպանում, ուղղակի նրանք մեր նման սահմանափակ չեն ու սև, մութ գրպաններ չունեն: Ունեն երկինք, արև, հող, սիրուն անցորդներ:

Հա, հա հաստատ: Համենայնդեպս, ես էդպես եմ կարծում:

Կհամաձայնեք` խնդրեմ, չէ` դուք գիտեք:

Մեկ էլ նա, ում գրպանում ես ապրում եմ, շալվարը հանեց ու գնաց քնելու: Ես պիտի մոտ մի 10 ժամ անիմաստ քնեմ, մինչև հագնվի: Իսկ եթե ուրիշ շոր հագնի, կաթված կստանամ:

Ուֆ, է, տրամադրությունս փչացավ, բարի գիշեր: