juli abrahamyan

Ողբ ուսանողաց

-Մաա՜…

Մինչև Ձենով Օհանին նմանվելս՝ հիշեցի, որ Երևանում ժամը չորսն է… Առավոտյան ժամը չորսը, և արթուն եմ միայն ես, իսկ մայրս լավ էլ քնած է։

Զգում եմ ոտքերիս վրա դրված նոութբուքի տհաճ տաքությունը, որը հենց էս պահին ավելի տհաճ է դառնում։

Պարապել, պարապել, պարապել… Մեկ-մեկ ինձ Լենինի ազգականն եմ զգում։ Ասենք՝ ծոռնուհին։ Դե, եթե ինքն ասել էր՝ սովորել, սովորել, սովորել, ապա ես կասեմ՝ պարապել, պարապել, պարապել, կողքից էլ կավելացնեմ՝ հանուն միջանկյալների։

Դիմացս շարված գրքերից հասկանում եմ, որ հայերեն են, բայց թե ո՞ր հայերենը՝ դժվարանում եմ տարբերել։ Պապան ասում էր էլի՝ գնա ֆիզմաթ: Սակայն անցյալի թեղուտով գնալու փոխարեն գնացի խոհանոց՝ սուրճի 5-րդ բաժակի հետևից։

«Ախր, ինչ բախտ ունեն աշակերտները, է»,- դաժանությամբ լցված՝ քթիս տակ փնթփնթում եմ։

Մի քանի օր առաջ կանգառում կանգնած էի, երբ մի ծանոթ աղջիկ մոտեցավ՝ գրկախառնվեցինք։ Խոսեցինք դեսից-դենից։ Լինելով պրոֆեսիոնալ տանջվող՝ խոսեցինք դասերից։

-Ո՞նց, վաղը դասի՞ ես, բա արձակո՞ւրդ,- զարմանքով արտասանեց դիմացիս պարմանուհին (դե, էլ հումանիտար հոսքի ոսկե կանոնի մասին չհիշեցնեմ):

«Արձակո՞ւրդ, դա ո՞րն էր»,- ինքս ինձ հարց տվեցի, և ենթագիտակցությունս մի ծայրից սուրճը ֆռթացնելով ասաց. «Էլի՞ մոռացար, ծերանում ես։ Դե, իրենք մեկ շաբաթ արձակուրդ ունեն։ Վաղնջական ժամանակներում դու էլ ունեիր դրա հնարավորությունը»։

-Հա՜։ Չէ, ես միայն ամառային ու ձմեռային արձակուրդներ ունեմ։

Բարեբախտաբար երիտասարդուհու երթուղայինը եկավ, ու նա գնաց։ Իսկ ես՝ դառնացած բոլորից (քանի որ հիշեցի «արձակուրդ» ու «միջանկյալ» բառերը), քայլեցի դեպի ներքևի կանգառը։

Լավ, բայց էս աշնան մեջ մի լավ բան չկա՞։ «Կլինի, էլի»,- էլի էս ենթագիտակցությունս ինձ ձեռ է առնում։

Մինչ ես ու ենթագիտակցությունս կռիվ էինք անում՝ լսվեց իմ երկրորդ ես-ի, այսինքն՝ հեռախոսի զանգը։

-Հա՞, Սյուզ:

-Հիմա էս գրաբար ստեղծագործությունները ո՞նց ենք սովորելու,- իհարկե, հարց չէր, այլ մաքուր հայկական, ավանդական «մունաթ»:

-Կսովորենք էլի,- լավատեսական ճառերս միշտ լակոնիկ ու կեղծ են ստացվել:

-Բա գերմաներե՞նն ինչ ես անելու:

-Ի՞նչ գերմաներեն…

-Էհ, մարդ չդառար:

Փաստորեն, բացի հերթական «բիթե շյոն» բառերը ու Խորենացու «Ողբ»-ը սովորելուց, նաև իմ «Ողբ ուսանողաց»-ը պետք է գրեմ։

Էս սուրճս ինչի՞ սառեց…