elita balyan

Կյանքը կորոնավիրուսի ժամանակ

Ողջույն։ Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Ուզում եմ քեզ պատմել, թե ինչպես էր կյանքը ընթանում Կալավանում մինչև covid-19-ի ի հայտ գալը։

Ճիշտն ասած՝ այնտեղ, որտեղ ապրում եմ, փողոցներում շատ մարդիկ չկան, ու մեքենաների ազդանշաններ էլ հաճախ չես լսի։ Իմ գյուղը՝ Կալավանը, զբոսաշրջության գոտի է, ու ամռան ամիսներին այստեղ են գալիս օտարերկրացի հյուրեր։ Գյուղի բնակիչները հյուրատներ են կառուցել, ու մեր օտարերկրացի բարեկամներին հյուրընկալում են։ Մենք բոլորս մեծ սիրով ենք սպասում նրանց գալուն ու հատկապես սպասում ենք ամռան գալուն, որ կազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ։

Գյուղում կա մեկ դպրոց, ու դպրոցն ունի ընդամենը տասնինը աշակերտ։ Հա, մի զարմացիր, ես էլ այս տարվա միակ շրջանավարտն եմ, որը բոլորի պես սրտի թրթիռով էր սպասում վերջին զանգին։ Մնացած բոլոր տարիների վերջին զանգերին ես ունեցել եմ իմ մասնակցությունը ու միշտ անհամբեր սպասել եմ, թե երբ է իմը լինելու։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, արդեն սկսել էի վերջին զանգիս սցենարի վրա աշխատել ու մտովի ամեն ինչ պատկերացնում էի՝ անգամ դահլիճի զարդարանքը։

Կյանքը այստեղ՝ Կալավանում, ուրիշ էր, մենք երբեք դասերից հետո տանը չէինք լինում, միշտ հավաքվում ու կազմակերպում էինք հետաքրքիր խաղեր՝ լցնելով գյուղի ամեն մի անկյունը մեր ճիչերով։ Փոքրիկ Կալավանը ունի իր փոքր բասկետբոլի թիմը։ Մի քանի ամիս առաջ էր, երբ խնդրեցինք ուսուցչուհուն մեզ տանել հարակից գյուղերից մեկի թիմի հետ խաղալու ու հաղթանակած վերադարձանք։

Այժմ ես քեզ կպատմեմ, թե ինչպես մեր կյանքը փոխվեց մի քանի օրվա մեջ։ Երբ արգելեցին տներից դուրս գալ, մարդիկ մեկուսացան ու փակեցին տան դռները։ Դռները փակելը Կալավանում մի փոքր հարաբերական է. մարդիկ չեն շփվում միմյանց հետ, բայց դուրս են գալիս բակ, զբոսնում, մշակում այգին։ Գյուղում ավելի հեշտ է իրականացնել մեկուսացումը, քան քաղաքում։ Մոռացա նշել, որ գյուղում խանութ չկա, ու մարդիկ գնումներ կատարելու համար պետք է յոթ կիլոմետր ճանապարհ կտրեն, որ մի ամսվա կամ մի շաբաթվա համար ուտելու բան գնեն։ Բացի այդ՝ աշխատատեղ չկա, ու գյուղացիները հիմնականում ամռան ամիսներին են կարողանում գումար աշխատել։ Հիմա, երբ վիճակը ծայրաստիճան ծանր է, հույս էլ չունեն, որ ամռանը աշխատանք կլինի։

Երբ վիրուսի պատճառով դասերը դարձան օնլայն, մենք յուրաքանչյուր ուսուցչի հետ կազմեցինք մեր գրաֆիկը ու առանց ժամանակ կորցնելու՝ սկսեցինք դասերը։ Ես՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի, անհամբեր եմ սպասում ուսուցիչների զանգերին։ Ու ամենից անհամբեր սպասում էի կրթության և գիտության նախարարի որոշմանը, թե ինչպես են անցկացվելու ավարտական ու ընդունելության քննությունները։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երբ օնլայն դասերն ու մի գլուխ տնայիններն արդեն արել ես, տանեցիների նյարդերի վրա ազդել ես ու սոցցանցերից արդեն հոգնել ես, էլ բան չի մնում անելու։ Ուղղակի հոգնել եմ, հոգնել եմ ուղղակի հոգնելուց, հոգնել եմ անվերջ անիմաստ ու իմաստալից բաների մասին մտածելուց, իրոք, էլ բան չի մնացել անելու։ Անգամ դրսում եղանակը ուղղակի զզվելի է, չես կարող գոնե դուրս գալ ու վայելել արևը։

Տան չորս պատերը դարձել են ձանձրալի ու հոգնեցուցիչ։ Տպավորություն է, թե թռչունին գցել են վանդակի մեջ, չեն թողնում թևերը բացի ու թևածի կապույտ ու սիրուն երկնքում։ Ես, դու, նա, մենք բոլորս ենք հիմա ազատություն ուզում։

Գիտեմ, որ աշխարհում ավելի վատ բաներ էլ են լինում, գիտեմ, որ սա էլ դժվարություն է, որ պետք է հաղթահարենք միասին։

Վստահ եմ, որ մի օր էլի ուրախ ժպիտով տանից դուրս ենք գալու ու տեսնելու ենք մեր ընկերներին։ Մնանք տանը ու ինքներս մեզ հետ պայքար տալով՝ հաղթենք վաղվա արևոտ ու լուսավոր օրվա համար։