kristine hovhannisyan

Կանաչ ավտոբուս

Կանաչ ավտոբուսը երբեք չէր ուշանում։ Թերևս իմ կյանքում կատարվող այն քիչ դեպքերից էր, որ գալիս էր ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ չէր ընկնում, դրա համար էլ ներում էի նրան։ Չէր ուշանում, և կյանքումս միակ անփոփոխ մնացող երևույթն էր։ Ընկերներիս ստիպում էի մետրոներ բաց թողել, ու հետս ավտոբուսի փողոցը չափչփել։ Ավտոբուսի մոտի խոսակցություններն ամենաջերմն ու հետաքրքիրն էին։ Աղբարկղը մեր լուռ վկան էր, իսկ մենք՝ մշտական պատմիչը։ Հինգով էինք լինում, հետո մնում էի մենակ, ու կանաչը գալիս էր։ Ամեն օր ժամը հինգին Սամո «ձաձյան» հանգցնում էր ծխախոտը, միացնում շարժիչն ու տեղից պոկվում։ Շարժվում էինք միշտ նույն տեղից ու գնում միշտ նույն տեղը, անփոփոխ մայրուղիով՝ առանց կանգառների։ Կանաչ ավտոբուսի հասարակությունն էլ միշտ նույնն էր լինում։ Ավտոբուսը նաև իր հոտը ուներ։ Տարօրինակ հոտ էր, վատը չէր, բայց իր հոտն էր։ Մետրոյից, ուրիշ ավտոբուսներից կամ այլ տեղից նման հոտ չէր գալիս, դա կանաչին հատուկ հոտն էր։ Ամեն մեկս մեզնից անկախ անձնական նստատեղ էինք ձեռք բերել։ Ես վերջում էի նստում ու նայում դիմացս, մշտապես կիսադատարկ ավտոբուսին ու ինձնից առաջ նստողների գլխարկներին։ Ոչ մեկին չէի ճանաչում, բայց բոլորի որպիսությունից լավ տեղյակ էի։ Կանաչին դրա համար էի սիրում, քաղաքի վրայով սլացող չորսակնանի քաղաք էր։

Հիմա կանաչ ավտոբուսը չի կանգնում իր հին տեղում, և կանաչն էլ վաղուց սպիտակ է։ Աղբարկղը վաղուց էլ չգիտի, որ հինգս դարձել ենք չորս, ու տեղյակ չի, թե ինչպես ենք։ Ժամը հինգին Սամո «ձաձյան» էլ ծխախոտը չի հանգցնում, իսկ ավտոբուսի մարդկանց սկսել եմ անկախ ինձնից կարոտել։ Ինչպես է լինում, երբ դու չես ճանաչում նրանց, բայց գիտես, որ օրինակ՝ երեքշաբթի օրը տուն գնալուց հաց էր տանում, չորեքշաբթի օրը հագուստը պատահաբար վնասել էր, ուրբաթ էլ հիվանդացել էր։ Այսօր փողոցում մի կնոջ տեսա, չէի հասկանում՝ ով է, բայց վստահ էի, որ գիտեմ։ Հետո հասկացա, որ միասին մեկ տարի ճանապարհն ենք չափչփել, իր ամենօրյա հացի ու կաթի տոպրակներն եմ տեսել։ Հիմա նիհարել էր ու ձեռքին ոչ հաց կար, ոչ կաթ։

Ասածս ինչ է՝ ուզում եմ ավտոբուսը նորից աշխատի, նորից ճիշտ ժամանակին հասնի, ու նորից Սամո «ձաձյան» վարի։ Ես դեռ հիշում եմ իմ տեղը ավտոբուսում, հիշում եմ աղբարկղի մոտի անիմաստ, մահանալու աստիճան ծիծաղելի զրույցները, հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ ընկերներիցս մեկի հետ հենց ավտոբուսում տեսնվեցինք՝ առանց գիտակցելու, որ հետո ընկերանալու ենք, ու հիշում եմ, երբ վերջին անգամ ուշացած եկավ ու դափ-դատարկ հետ գնաց։ Իսկ ես էլ չնստեցի, որովհետև էլ կանաչը չէր, սպիտակ էր, իսկ ես կանաչին էի սպասում։ Իսկ հիմա, երբ ամեն բան դադար է առել, ավտոբուսը ևս դադար է ապրում։ Հիմա ոչ սպիտակը կա, ոչ էլ կանաչն է հորիզոն դուրս գալիս:

Բայց երբ ամեն բան անցնի և դուք գտնեք մեկին, ով սպիտակը կդարձնի կանաչ, խնդրեք՝ թող դարձնի։