anush mkrtchyan

Կյանքը` ճռռացող փեղկերի արանքից

Երբ բոլոր ճռռացող պատուհանները փոխվեն, ու արևն առաջվա նման չծակի աչքերդ, դու կտեսնես կյանքը այլ գույներով:

Երբ քեզ հասնող կիսախավարը մշուշով ծածկի հոգիդ, դու կզգաս, որ մենակ ես:

Բայց երբ հույսդ կորցնես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

***

Նրան այդ վիճակով տեսնելը վաղուց սովորական է: Տեսնում եմ ամեն կիրակի, ու հայացքս թաքցնում շարֆիս արանքում: Հայացքը միշտ գետնին հառած, սառած ձեռքերով փայտ է հավաքում իր պես միայնակ այգուց: Նրա մասին խոսում են բոլորը, ափսոսանքով ու խղճահարությամբ: Ժամանակին գյուղի փայլուն երիտասարդներից մեկը, ամեն կիրակի սառած ձեռքերով, հայացքը գետնին փայտ է հավաքում, իր պես լքված այգուց…

Անունը նշել անիմաստ եմ համարում, որովհետև նրա անունը վաղուց մոռացված է, երևի: Շենիկում առեղծվածային պատմություններ են պտտվում նրա պահած ոսկիների ու դժբախտ կյանքի մասին: Կյանքը ներքաշել է նրան իր հորձանուտը ու կորցրել բոլորի աչքից: Նրա մասին միայն քչփչում են պատերի տակ ու ցուցամատները պարզում դեպի նա:

***

Ես համարձակվում եմ գրել քո մասին: Դու, անգամ չես էլ նկատել, թե ինչպես եմ ես ամեն անգամ դանդաղեցնում ընթացքս քո այգու կողքին: Ես, գրում եմ, վստահ լինելով, որ երբեք չես էլ կարդալու այս տողերը, ու երբեք չես իմանալու, որ ես երբեք քեզ չեմ խղճացել: Ես խղճում եմ քեզ վրա ցուցամատ պարզող բոլորին, որովհետև նրանք երբեք չեն հասկանա քո թաքցված հայացքի իմաստը: Գրում եմ, որ չթուլանաս, որ որոշես նորից ապրել, որ կյանքը չհաղթի քեզ: Պարզապես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

Հ. Գ. Հաճախ մարդիկ մեռնում են մեր անտարբերությունից ու անվերջ օդում կախված ցուցամատերից…