maya harutyunyan

Կյանքիս ամենատխուր օրը…

Ես Մայան եմ, սահմանապահ Կոթի գյուղից, 12 տարեկան եմ:
Ուզում եմ գրել ինձ հուզող թեմաների մասին:  Դրանք անսահման շատ են,  բայց թերևս ամենից շատ հուզողը օր-օրի ավելի մեծ թափ ստացող արտագաղթն է: Վերջին ժամանակաշրջանում գյուղում լարված իրավիճակ է,  այդ պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղից, իհարկե, հաճախ պատճառ է հանդիսանում նաև աշխատանք չլինելը:  Մինչև 1990-ական թվականները գյուղի բնակիչների թիվը  հասնում էր 2600-ի, իսկ հիմա գյուղում մնացել է ընդամենը 2200 բնակիչ: Բնականաբար կրակոցները վատ են անդրադառնում նաև մարդկանց ժամանցի վրա: Շատ մարդկանց ամենաուրախ ու ամենասպասված օրերը ամենատխուրն են դառնում  կրակոցների պատճառով:

Այդ մարկանցից մեկն էլ ես եմ: Սեպտեմբերի 2-ին ծննդյանս օրն էր՝ տարվա մեջ ամենասիրելի օրերիցս մեկը, բայց եկավ ժամը 6-ը (սովորաբար այդ ժամից սկսում են հավաքվել իմ հարազատները), հանկարծ լսվեցին ուժգին պայթյունի ձայներ, թշնամին մեծ զինատեսակներով կրակ էր բացել գյուղի վրա: Եվ այդպես էլ փչացավ իմ ծննդյան օրը, քանի որ ամեն անգամվա պես բարձր երաժշտություն չկար, չէինք պարում, չէինք ուրախանում, այլ հակառակը, անջատել էինք տան բոլոր լույսերն ու հավաքվել մի սենյակում: Հարազատներս չկարողացան գալ, որովհետև և՛ գյուղը, և՛ գյուղ բերող ճանապարհը ռմբակոծվում էր: Մարդիկ իրենց ընտանիքներին դուրս էին հանում գյուղից, իսկ ադրբեջանցիները կրակում էին ճանապարհների վրա: Զարհուրելի խուճապ էր սկսվել: Այդ ժամանակ հայրս գյուղում չէր: Տանը ես էի, մայրիկս, քույրս, եղբայրս, մայրական կողմի տատիկս ու քեռուս երկամյա տղան՝ Գոռը: Մի քանի ժամ հետո, ժամը 1-ի կողմերը, երբ արդեն մի քիչ հանդարտ էր, մեր տուն եկավ հայրիկիս ընկերը, ով բնակվում է Ոսկեվանում: Նա եկել էր, որ մեզ գյուղից հանի և տանի իրենց տուն: Մեր գյուղի համեմատ իրենց գյուղը ավելի ապահով էր, քանի որ նրանց գյուղը սարերի հետևում է, իսկ մենք՝ անմիջապես թշնամու դիրքերին դեմ առ դեմ:

Այսպիսով ես օրս սկսեցի ուրախ ու երջանիկ, բայց կեսօրից հետո կարծես ամեն ինչ միանգամից փոխվեց թշնամու վայրագությունների պատճառով: Չեք պատկերացնի ինչքան վատ է, երբ քո ծննդյան օրը դու պետք է դուրս գաս գյուղից, այն էլ՝ գնդակոծության պատճառով:

Գնացինք Ոսկեվան՝  պապիկենցս տուն, որից հետո, երբ բացվեց լույսը, արդեն հայրիկս իմացել և եկել էր սարից, մեզ տարավ սար: Այնտեղ մնալով մոտ մեկ ամիս, վերադարձանք գյուղ: Իհարկե, արդեն սովորական դարձած կրակոցները հաճախ էինք լսում:Այդ ժամանակ գյուղից դուրս եկան տասնյակ մարդիկ, մի մասը գնաց արտերկիր, իսկ մյուս մասը՝ քաղաք: Մարեցին բազմաթիվ տների լույսեր, որ շատ ցավալի է: Եվ գիտեք, կա այսպիսի մի խոսք, որը  ասել են թուրքերը. «Եթե մենք կարողանանք գրավել Կոթին, ապա մյուս գյուղերը գրավելը շատ հեշտ կլինի»:

Ես սիրում եմ մեր գյուղը, սահմանին կանգնած տղաներով, ովքեր պաշտպանում են մեզ: Կարող եմ ավելի երկար գրել այս թեմայով, սակայն ցանկանում եմ այսքանով վերջացնել իմ նյութը, հույս ունենալով, որ կգա մի օր, որ այս թեման ինձ այլևս չի հուզի, որ կկարգավորվի գյուղի վիճակը, որ այլևս կրակոցներ չեն լինի, որ չստացված ծնունդներ էլ չեն լինի, և որ մարդիկ կրակոցների պատճառով չեն գնա գյուղից, այլ հակառակը՝ հետ կվերադառնան և կապրեն իրենց հայրական օջախներում: Հուսով եմ…