manana arxiv

Կյանքի մեկ րոպե. Լեռնագնացը

-Սա ես եմ` լեռնագնացության պարապմունքի ժամանակ: Ահա, այս լուսանկարի վրա, տեսնո՞ւմ եք: Այս մեկի վրա մենք լեռ ենք բարձրանում: Այն կարմիր վերարկուովն եմ ես, ամենակարճահասակը շարքում: Տեսա՞ք:

Ես միշտ երազել եմ լեռներ մագլցել, ու արդեն մի քանի տարի է, ինչ պարապում եմ: Արդեն մի քանի բարձր գագաթներ եմ բարձրացել իմ խմբի հետ: Ափսոս, բոլոր լուսանկարները հիմա մոտս չեն` ցույց կտայի:

Որքան ինձ հիշում եմ` երազել եմ բարձրանալ Էվերեստը: Դա իմ ամբողջ կյանքի երազանքն է: Ի՞նչը` ինչու: Իսկ դուք չէի՞ք ուզենա: Ինձ թվում է` ամեն մարդ գոնե մի անգամ երազել է այդ մասին: Դե, ես էլ ամեն օր եմ երազում: Իմ ուսուցիչն ասել է, որ մինչ այդ ես դեռ շատ լեռներ պետք է բարձրանամ ու ամեն օր պարապեմ, որպեսզի կարողանամ բարձրանալ այդ գագաթը: Դե, ես էլ պարապում եմ: Արդեն շատ լավ կարողանում եմ օգտագործել լեռնագնացի կացինը, կարող եմ պարան քաշել թիմակիցների համար, կարող եմ մերկ ժայռի վրա ոտնակներ ամրացնել` հետևից եկողների համար: Գիտե՞ք, դա ինչի համար է: Կինոներում տեսել եք, չէ՞:

Ի՞նչն եմ ինչպես զգում: Գագաթի վրա՞: Չգիտեմ: Ինչպե՞ս բացատրեմ: Այդ պահին ինձ թվում է, թե աշխարհում ուրիշ ոչինչ գոյություն չունի: Դուք այդպես զգացե՞լ եք: Ու ինձ թվում է, թե ես էլ եմ սովորական մարդ` բոլորի նման: Նորմալ, լիարժեք նկատի ունեմ:

Պարապմունքներին տատիկս է ինձ տանում: Ծնողներս երկուսն էլ մահացել են, երբ շատ փոքր էի: Ուսուցիչս երկար ժամանակ հրաժարվում էր ինձ հետ պարապել, ասում էր` ավելի լավ է` տանը պառկիր, գլխիդ արկածնե՞ր ես ման գալիս: Տատիկս էլ էր փորձում հետ համոզել, հետո մի կերպ համոզեցի: Ինքն էլ ուսուցչին համոզեց:

Առաջին անգամ, երբ լեռ էինք բարձրանում, ինձ հազիվ փրկեցին: Խեղդվում էի, թթվածինը թոքերիս չէր հասնում: Իմ խումբը շատ էր վախեցել, ուսուցիչս ասում էր, որ վերջացնեմ գլխիցս վեր ցատկելն ու զբաղվեմ առողջությունս պահպանելով: Բայց հետո մի կերպ համոզեցի, ու նորից ինձ թույլ տվեցին բարձրանալ:

Ես կրկնակի շատ եմ պարապում, քան ինձանից մի քանի տարով մեծերը: Ինչքան շատ պարապեմ, այնքան շուտ կկարողանամ թույլտվություն ստանալ ավելի բարձր գագաթներ բարձրանալու համար: Ես գիտեմ, որ մյուսների չափ շատ ժամանակ չունեմ: Ուղղակի փորձում եմ այդ մասին չմտածել: Ընդհանուր առմամբ ես ինձ միշտ լավ եմ զգում, ուղղակի երբեմն սկսում եմ խեղդվել, այդ ժամանակ դժվար է լինում: Չեմ կարողանում շնչել, չգիտեմ, ձեզ հետ երբևէ այդպես եղե՞լ է, երբ մեջքի վրա ընկնում եք, ու որոշ ժամանակ չեք կարողանում շնչել: Այ, այդպես է լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե հիմա կմեռնեմ, ու ուզում եմ ինչքան հնարավոր է շատ շնչել, ու օդն այն պահին այնքան քաղցր է թվում, ասես ամենահամով բանը լինի աշխարհում:

Հետո անցնում է, ու արդեն նորից լավ եմ զգում, ուղղակի ուժերս կարծես շուտ են վերջանում դրա պատճառով:

Եթե լավ պարապեմ, մի տասը տարուց երևի կկարողանամ բարձրանալ Էվերեստը: Բժիշկներն ասում են, որ դա ինձ հակացուցված է, բայց ես ավելի լավ գիտեմ:

Մի նկար ցույց տա՞մ: Հեռախոսիս մեջ է, մի րոպե: Ահա: Այս մարդը առաջինն է բարձրացել Էվերեստը: Տեսնո՞ւմ եք: Ինտերնետից եմ քաշել: Ասում են` առաջին բարձրացողները հազիվ են փրկվել թթվածնային քաղցից: Համարյա մեռել են: Այնտեղ, վերևում, օդ գրեթե չկա, գիտե՞ք: Մոտավորապես նույն ձև է, ինչ տիեզերքում: Նույնիսկ կեսօրին այնտեղ կարելի է տեսնել աստղերն ու լուսինը: Այսինքն` լեռան գագաթը համարյա տիեզերքում է: Այնտեղ բարձրանալը շատ դժվար է, սարսափելի դժվար:

Իսկ ինձ համար տասն անգամ ավելի դժվար է լինելու: Բայց, միևնույն է, կբարձրանամ, հաստատ: Տատիկին էլ եմ խոստացել:

Վիկտոր, 14 տարեկան: Ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից իր ծնվելուց կարճ ժամանակ անց` որդուն ժառանգելով նույն հիվանդությունը: